‘Գյումրիի ողբերգության միջազգային համատեքստը. Lenta.ru’

2060

Ներկայացնում ենք Ռուսաստանի «Արտաքին քաղաքականություն» գործակալության ղեկավար, Վալդայան ակումբի փորձագետ, ՄՀՄՊԻ դոցենտ Անդրեյ Սուշենցովի հոդվածը lenta,ru կայքում՝ որոշակի կրճատումներով

 

Ռուսաստանցի զինծառայողի հրեշավոր հանցագործությունը Հայաստանում և դրա հետ կապված՝ զանգվածային ցույցերը Գյումրիում ու Երևանում, հաստատում են հանրահայտ կանոնը՝ խաղաղ ժամանակ դաշնակից պետության տարածքում արտասահմանցի զինվորականներն առաջին հերթին դիվանագետներ են:

Ռուսաստանին և Հայաստանին կապում են ոչ միայն պատմական բարեկամության հարյուրամյակները, այլև գործող ռազմական դաշինքը: Դա փոխհարաբերությունների առանձնահատուկ՝ առավել վստահելի տեսակն է, որը սերտորեն միահյուսում է երկու երկրների ռազմական և պաշտպանական գերակայությունները: Ռուսաստանցի զինվորականների և  սպառազինության նշանակալի զինանոցի ներկայությունը Հայաստանի տարածքում երաշխավորում է տարածաշրջանում հնարավոր հակամարտության բռնկման կանխարգելումը: Դա Երևանի համար առաջնահերթություն է,  և Մոսկվայի համար՝ հիմնական առաջնահերթություններից մեկը: Բացի այդ, 102-րդ ռազմակայանի օգնությամբ Ռուսաստանը կարող է մեծացնել իր մասնակցությունը մերձավորարևելյան գործերում. ռազմակայանում տեղակայված սպառազինության հեռահարությունը հնարավորություն է տալիս դրանք կիրառել մինչև Իսրայելի սահմանները՝ ներառյալ: Ուստի խաղաղ ժամանակ ռուսաստանյան ռազմակայանը ազդանշան է այն բանի, որ Ռուսաստանը պատրաստ է  ակտիվորեն մասնակցելու տարածաշրջանի գործերին,  միևնույն ժամանակ՝ այն  նաև Ռուսաստանի ռազմական կարողության յուրօրինակ «ցուցափեղկ» է: Իսկ 102-րդ ռազմաբազայի զինվորական և քաղաքացիական անձնակազմը պետք է ներկայացնի  ռուս զինվորի, առաջին հերթին՝  պաշտպան զինվորի կերպարը:

Ընդհանուր առմամբ՝ այսպես էլ կա: Սակայն այս պատկերը փչացնում են վերջին 15 տարիների երեք դրվագներ. 1999 թ. երկու զինվորականներ լքել էին զորամասի տարածքը և Գյումրիի շուկայում վիճաբանության բռնվելով՝ կրակ էին բացել ու սպանել մարդկանց: 2013 թ. ռազմակայանի հրաձգարան էին մտել երկու անչափահաս հայ տղաներ և պայթել էին ականի վրա:

Բայց ամենածանր ու ողբերգական միջադեպն այս անգամվանն էր:

…Թեպետ Մոսկվայի և Երևանի երկխոսությունը ավանդաբար կառուցողական է, ինչի վկայությունն է նաև Հայաստանի պաշտոնական արձագանքը Գյումրիի միջադեպին, Ռուսաստանը պետք է ավելի նախաձեռնողական տեղեկատվական աշխատանք տանի հայ հասարակության հետ: Սխալ է մտածել, թե «ո՞ւր պիտի փախչեն հայերը»: Պետք է հասկանալ, որ սեփական ընկալմամբ՝ ներկայիս Հայաստանը Մեծ Հայաստանի ժառանգորդն է՝ Կասպից, Սև և Միջերկրական ծովերին հասնող սահմաններով: Ուստի հայերի աշխարհայացքն ամենևին էլ տեղային չէ և չի սահմանափակվում իր երկրի և Ռուսաստանի գործերով, որտեղ բազմաքանակ հայ համայնք է բնակվում: Սփյուռքի մյուս ճյուղը՝ արևմտահայերը, Թուրքիայից գաղթելուց հետո հաստատվել են Արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ-ում: Հայկական մեծ սփյուռք կա Մերձավոր Արևելքի երկրներում, այդ թվում՝ Սիրիայում: Դա Հայաստանը կապում է շատ ու շատ միջազգային գործընթացների հետ:

Այնպես որ՝ ռուսաստանյան իշխանությունների հրապարակային արձագանքը կարող էր ավելի եռանդագին ու նախաձեռնողական լինել: Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հայտարարությունը ողբերգության առիթով կազմված էր տարողունակ հեռագրերի սովետական ավանդույթներով, որոնք նախատեսված էին «գրանիտի մեջ» հավերժացվելու համար: Այն պետք է ավելի մարդկային լիներ և համապատասխաներ ողբերգության մեծությանը: «Россия сегодня» միջազգային լրատվական գործակալության  հայկական մասնաճյուղի  կայքը ստեղծվել է 10 տարի առաջ և նորացման կարիք ունի: Գյումրիում 102-րդ ռազմակայանի անձնակազմին անհրաժեշտ  է խոսնակ՝ հետաքննության վերաբերյալ հասարակությանը օպերատիվ տեղեկատվություն հաղորդելու համար:

Սրանք այն նվազագույն գործողություններն են, որոնք անհրաժեշտ է կատարել Գյումրիի ողբերգությունից հետո: Եւ հստակ հիշել՝ ապագայի համար. խաղաղ ժամանակ յուրաքանչյուր ռուս զինվոր արտասահմանում, առաջին հերթին՝ իր երկրի քայլող գովազդն է:

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Դուք ձեր «սգո մշակույթի» մասին մտածեք’
Հաջորդ հոդվածը‘«Դոժդ»-ի լրագրող. Գյումրիում ուզում են, որ հայ իշխանավորներն իրենց Կրեմլի աշխատակիցների պես չպահեն’