‘Գյումրիի ռուսական ռազմակայանը կարող է հրաժարվել ժամկետային զինծառայողներից’

1106

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո, որում արդեն իր մեղքը ճանաչել է ՌԴ ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, Ռուսաստանում հակված են արգելելու ժամկետայինների ծառայությունը արտասահմանում տեղակայված ռուսական զորամասերում:

Ինչպես հայտնում է«Գազետա.ռու»-ն ՌԴ պաշտպանության նախարարության վրա հղումով, այդ հարցն այժմ քննարկվում է այդ երկրի ՊՆ-ում Հայաստանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Նշվում է, որ անցումը զուտ պայմանագրային ծառայության զգալի միջոցներ կպահանջի: «Բարդ հարց է, մի կողմից Ռուսաստանի իմիջը չպետք է կախված լինի պատահական մարդկանցից, մյուս կողմից՝ չի կարելի հապճեպ որոշումներ կայացնել»,-ասել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչը: Ըստ նրա, զինվորական ծառայությունն արտասահմանյան ռազմակայաններում չի տարբերվում ծառայությունից երկրի ներսում, սակայն այդ հարցը տնտեսական բնույթ ունի:

Պետդումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ, Աֆղանստանի վետերանների ռուսական միության ղեկավար Ֆրանց Կլինցևիչը պարզաբանել է, որ պատրաստ է սատարել այդ գաղափարին, եթե այն քննարկման դրվի Պետդումայում: «Դա տրամաբանական կլիներ, ես համաձայն եմ այդ գաղափարին: Քանի որ, ավելի հասուն տարիքում, երբ կա արդեն ծառայության փորձ, վերաբերմունքը ծառայությանն այլ է»,-ասել է Կլինցևիչը: «Սակայն պայմանագրայինների համար հարկավոր են այլ սոցիալ-տնտեսական պայմաններ, նրանց վարձատրությունն ավելի մեծ է, ուստի որոշումը պետք է լավ հիմնավորված լինի»,-հավելել է նա:

Որպես լուծման տարբերակ առաջարկվում է պայմանագրայինների ռոտացիա: «Օրինակ, կարելի է գործուղել 5 ամսով, հետո ռոտացիա անել»,-ասել է Կլինցևիչը:

Սիբիրի զինվորական շրջանի հետախուզութայն նախկին պետ Սերգեյ Կանչուկովն ընդգծել է, որ արտերկրում տեղակայված զորամասերում պետք է ծառայեն որոշակի հումանիտար պատրաստություն անցած անձինք: «Դա և լեզվի իմացությունն է, քանի որ դա ոչ միայն շփման միջոց է, այլ նաև երկրի բնակիչների հանդեպ հարգանքի դրսևորում, պետք են գիտելիքներ նաև պատմության, սովորույթների մասին»,-ասել է նա:

Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի նախագահ, առաջին կարգի պաշտոնաթող կապիտան Կոնստանտին Սիվկովը պարզաբանել է «Գազետա.ռու»-ին, որ Ռուսաստանի սահմաններից դուրս ծառայում է մոտ 9 հազար ժամկետային զինծառայող. «2-3 հազար Տաջիկստանում և Բելառուսում, մի քանի հարյուր՝ Հայաստան, Աբխազիայում, Հարավային Օսեթաիյում, այսինքն ընդհանւր առմամբ առավելագույնը 8-9 հազար մարդ»,-պարզաբանել է նա: Սիվկովը հավելել է, որ ժամկետայիններին պայմանագրային ծառայողներիով փոխարինելու համար պարտադիր չէ նոր մարտիկներ վարձել, բավական է տեղաբաշխել մյուս զորամասերից: Ընդ որում, նրանց վարձատրությունը «գործուղման» հաշվին կաճի ընդամենը 30-40 տոկոսով: Հաղորդում է panarmenian.net-ը:

Նախորդ հոդվածը‘Պերմյակովը պատմել է, որ ցանկացել է ազատվել վկաներից’
Հաջորդ հոդվածը‘Բելառուսում պատրաստվում են պորտաբուծության հարկ մտցնել’