‘Գյումրիի «սեւ հունվարը». Հայաստանը ցնցած ողբերգության ժամանակագրությունը’

1680

Հունվարի 12-ին Գյումրիում կատարված ողբերգության բոթը ցնցեց ամբողջ Հայաստանը: Տարվա առաջին աշխատանքային երկուշաբթի օրը՝ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում տան անդամներին գտել էին սպանված։ Դեպքի վայրում հայտնաբերվել էին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների դիակները՝ Սերյոժա Կարապետի Ավետիսյանը (ընտանիքի հայրը), Հասմիկ Ռաֆիկի Ավետիսյանը (մայրը), Արմեն Սերյոժայի Ավետիսյանը, (որդին), Արաքս Անդրանիկի Ավետիսյանը (հարսը), Աիդա Սերյոժայի Ավետիսյանը (քույրը), Հասմիկ Արմենի Ավետիսյանը (2 տարեկան երեխա): Ընտանիքի մյուս մանկահասակ երեխան՝ 2014 թվականին ծնված  Սերյոժա Արմենի Ավետիսյանը, տեղափոխվել էր բժշկական կենտրոն՝  կրծքավանդակի շրջանում կտրած, ծակած վերքերի առկայությամբ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին 5.45 մմ տրամաչափի պարկուճներ, 1 պահունակ՝ փամփուշտներով, զինվորական կոշիկներ, որոնց վրա գրված է եղել Պերմյակով ազգանունը։ Նախնական տվյալներով, սպանության մեջ կակածվում էր Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի ծառայող Վալերի Պավլովիչ Պերմյակովը: 

Հարուցվեց քրեական գործ, նշանակվեց  դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում էին անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Իսկ առաջին հերթին, միջոցներ էին ձեռնարկվում Պերմյակովին հայտնաբերելու ուղղությամբ։ Օպերատիվ-հետախուզական աշխատանքներ էին իրականացվում նաև Երևանում:

Այդ ընթացքում, շատերի ուշադրության կենտրոնում էր տեղի ունեցած միջադեպի հետևանքով Ավստրիական հիվանդանոց տեղափոխված 6 ամսական տղա երեխան , որին վիրահատել էին: Երեխան կրծքի շրջանում վերք էր ունեցել: Նրա մոտ կատարվել էր որովայնի խոռոչի օրգանների մանրակրկիտ հետազոտություն: Արդյունքում պարզվել էր, որ որովայնի խոռոչի օրգանները վնասված չեն: 40 րոպե տևողությամբ վիրահատությունը բարեհաջող էր անցել: Բժիշկները նրա առոջական վիճակը գնահատել էին ծանր:

Նույնը օրը, համաձայն Սերժ Սարգսյանի մամուլի ծառայությունը տարածած  հաղորդագրության, Սարգսյանը հանցագործության կապակցությամբ հրատապ խորհրդակցություն է անցկացվել իրավապահ մարմինների ղեկավարների հետ, որի ընթացքում շեշտվել էր «ամենակարճ ժամկետում դրա մանրամասները պարզելու, մեղավորներին հայտնաբերելու և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու կարևորությունը»: Հաղորդագրության մեջ նշվում էր, թե Հայաստանում տեղակայված ռուսական զինվորական բազայի հրամանատարությունը լիարժեքորեն համագործակցում է Հայաստանի իրավապահ մարմինների հետ և գործուն օժանդակություն ցուցաբերում գործի քննությանը:
Հայտարարությամբ  հանդես եկավ նաեւ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը, որտեղ նշված էր, որ «հետախուզական խմբերը կենտրոնացրել են իրենց ջանքերը` համաձայն Հանրապետության տարածքում 102 ռազմաբազայի տեղակայման մասին պայմանագրի»։

Հաջորդ օրը, հունվարի 13-ին Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը տեղեկացրեց, որ  ռուսաստանցի սահմանապահները ժամը 00:15-ին հայտնաբերել էին հետախուզման մեջ գտնվող Վալերի Պերմյակովին: Կասկածյալին, ըստ այդմ, գտել էին հայ-թուրքական սահմանի մոտ՝ Բայանդուր և Երազգավորս գյուղերի հատվածում եւ քանի որ իրեն հայտնաբերել էին ռուս սահմանապահները` հայ-թուրքական սահմանը հատելու փորձ անելիս, Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ գեներալ-մայոր Վ.Վ. Բիրյուկովի որոշմամբ` ձերբակալվածը  հանձնվել էր 102-րդ ռազմական բազայի հրամանատարին` կայազորի ռազմական դատախազի և ռազմաքննչական բաժնի ներկայացուցիչների ներկայությամբ: Սահմանախախտը քաղաքացիական հագուստով էր եղել: Զննության ընթացքում անձը հաստատող փաստաթղթեր չէին հայտնաբերվել, ունեցել էր բջջային երեք հեռախոս, գրպանի էլեկտրական լապտեր, 6 հազար դրամ:

Մինչ այդ, Հայաստան էր ժամանել ՌԴ Պաշտպանության նախարարության հատուկ հանձնաժողովը` նախարարի առաջին տեղակալ Բախինի գլխավորությամբ, սպանության հետաքննությունը իրականացնելու համար:

ՀՀ ոստիկանապետի հրամանով ստեղծված օպերատիվ խումբը, առաջին տեղակալ Հունան Պողոսյանի գլխավորությամբ, ձերբակալումից հետո գտնվում էին ռուսական ռազմաբազայում, որտեղ առաջին ցուցմունքներ էր տալիս Վալերի Պերմյակովը: Վերջինս պատմել էր, որ դուրս էր եկել պոստից, ցանկացել էր մի քիչ զբոսնել, գնացել էր այդ հասցեն՝ ջուր խմելու, դուռը ծեծել էր, չեն բացել, փորձել էր մտնել, այնուհետև մարդ է արթնացել, «ու այդպես տեղի էր ունեցել այն, ինչ եղել էր»: Հունան Պողոսյանը տեղեկացրելել էր, որ քննարկվում էին քրեական գործի վարույթը իրականացնելու խնդիրը, դատավարական ընթացակարգերը: Խնդիրն այն էր, որ Պերմյակովի դեմ պետք էր գործ հարուցվեր նաև զորամասը լքելու, պոստից զենքով փախչելու, սահմանը անցնելու փորձի վերաբերյալ: Պողոսյանի խոսքերով՝  երկու երկրների դատախազները իրար հետ պետք է զրուցեին և պայմանավորվեին, թե որ կողմը պետք է քններ գործը:

Այդ ընթացքում Ավստրիական հիվանդանոց տեղափոխված 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը շարունակում էր մնալ ծանր: Նախորդ օրը  կատարված վիրահատությունից հետո նա գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում: Փոքրիկին միացված էր արհեստական շնչառության ապարատ: Երեխան հետվիրահատական, շոկային վիճակում էր: Գյումրի էին մեկնել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մասնագիտական խումբը եւ քննարկվում էր երեխային Երևան տեղափոխելու հարցը:

Ինչպես նշեցինք, բերման ենթարկվելուց հետո Պերմյակովը գտնվում էր ռուսական ռազմաբազայում՝ Ռուսաստանի իրավապահների հսկողության ներքո: Մինչ Հայաստանի և Ռուսաստանի իրավապահները քննարկում էին, թե ո՞ր երկրում է քննվելու ողբերգական սպանության գործը, հանրությունը մեջբերում էր գործին առնչվող Քրեական օրենսգրքերի կամ հայ-ռուսական պայմանագրերի տարբեր հոդվածներ: Ի վերջո, ընդհանուր առմամբ տարածված հիմնական տեսակետները հետեւյալն էին.
Համաձայն ՀՀ օրենսդրության՝ ՀՀ տարածքում հանցանք կատարած անձը ենթակա է պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքով: Միևնույն ժամանակ, ՌԴ քրեական օրենսգրքի համաձայն՝ ՌԴ-ի՝ օտարերկրյա պետությունում տեղաբաշխված զինծառայողները օտարերկրյա պետությունում կատարած հանցանքի համար ենթակա են քրեական պատասխանատվության ՌԴ քրեական օրենսգրքով, եթե ՌԴ միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Իսկ միջազգային պայմանագրի, տվյալ դեպքում՝ «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի տեղակայման հետ կապված գործերի իրավազորության և փոխադարձ իրավական օգնության հարցերով» ՀՀ և ՌԴ միջև 2002-ին կնքված համաձայնագրի 4-րդ հոդվածը նախատեսում է, որ ՀՀ տարածքում հանցանք կատարած, ռուսական բազայում ծառայող անձանց և նրանց հարազատների նկատմամբ կիրառվում է ՀՀ օրենսդրությունը, և գործում են նրա իրավասու մարմինները:
Ըստ նույն համաձայնագրի 5-րդ հոդվածի՝ 4-րդ հոդվածի դրույթները չեն տարածվում միայն այն դեպքերում, երբ 
-հանցանքը կատարվել է ռուսաստանյան ռազմաբազայի տեղակայման կետերի տարածքում,
-հանցանքը կատարվել է ընդդեմ Ռուսաստանի Դաշնության կամ անձանց դեմ, որոնք ընդգրկված են ռազմաբազայի կազմում կամ նրանց ընտանիքների անդամների դեմ,
-ռազմական հանցագործությունների դեպքում:
Կասկածյալ Վալերի Պերմյակովի նկատմամբ ՌԴ իրավազորությունը կարող էր տարածվել, օրինակ, զորամասը ինքնակամ լքելու փաստի, սակայն Ավետիսյանների սպանության հարցը միանշանակորեն գտնվում էր ՀՀ իրավազորության ներքո:

Հունվարի 13-ին Գյումրիում ՊՆախարար Սեյրան Օհանյանը հանդիպում է ունենում ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինի հետ: Վերջինս Օհանյանին ներկայացրել էր նախօրեին տեղի ունեցած հանցագործության բացահայտման ուղղությամբ ՌԴ պաշտպանության նախարարության հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքները:

«Մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ» վերտառությամբ հաղորդագրության մեջ, որը հունվարի 13-ին տարածում է ՀՀ գլխավոր դատախազությունը, մասնավորապես, ասվում էր.  «Հանցագործության կատարման մեջ կասկածվող Վալերի Պավելի Պերմյակովը ՌԴ քաղաքացի է և գտնվում է ՌԴ իրավապահների հսկողության՝ նույնն է՝  ՌԴ իրավազորության ներքո: Հետևաբար Վ. Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում, նկատի ունենալով ՌԴ սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված արգելքը, համաձայն որի, ՌԴ քաղաքացին չի կարող հանձնվել այլ պետության»:
Հատկապես այս հայտարարություն հասարակության մեջ մեծ դժգոհություն եւ անվստահություն առաջացրեց նախաքննական գործընթացների նկատմամբ:

Այս ընթացքում Գյումրիի ավագանու անդամ, «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը  «Ազատություն» ռադիոկայանի եթերում ներկայացրել էր Գյումրիում ողբերգական սպանության հետ կապված մի շարք ուշագրավ դիտարկումներ:  Նախ, նա տարակուսելի էր համարում ոստիկանության տարածած տեղեկատվությունն այն մասին, որ կասկածյալը զորամասից 4 կիլոմետր ճանապարհ էր անցել եւ Ավետիսյանների բնակարան էր  մտել՝ ջուր խմելու համար:
«Այս տունն ու այս բակը որեւէ բանուկ փողոցի վրա չեն գտնվում: Մարդը մտել է այս բակը, մոտ 60 մետր ճամփա է անցել, կողքի տունը բաց է թողել, հասել է էստեղ, որ ջուր խնդրի, անհեթեթ անհասկանալի բացատրություն է», — նշել էր Բարսեղյանը:
Բացի այդ, նա տարօինակ էր համարում այն, որ ՀՀ ոստիկանությունը ամբողջ օրը Գյումրիում փնտրում էր կասկածյալին, բայց նրան հայտնաբերել եւ բերման են ենթարկել ռուս սահմանապահները՝ քաղաքից շուրջ 20 կիլոմետր հեռավորության վրա:

Հունվարի 13-ի երեկոյան Երեւանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ մոմավառություն` ի հիշատակ Գյումրիում հունվարի 12-ին դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների:

Հունվարի 14-ին, արդեն Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկական վերակենդանացման բաժանմունքում գտնվող վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը  շարունակում էր մնալ կայուն ծանր: Հայաստանի առաջատար մանկական ռեանիմատոլոգների, նյարդավիրաբույժների մասնակցությամբ քննարկվում էին երեխայի բուժման հարցերը, կատարվել էր համակարգչային տոմոգրաֆիա: Երեխային միացված էր  արհեստական շնչառության սարք: Փոքրիկը գլխուղեղի սնուցման լուրջ խանգարումներ էր ստացել, բժիշկները պայքարում էին երեխայի վիճակի կայունացման համար:

Հունվարի 14-ին  Գյումրիում հուժկու ավտոերթ տեղի ունեցավ: Երթի մասնակիցները պահանջում էին, որ Գյումրիի սպանդի մեջ կասկածվող ռուսաստանցի զինվորականը հանձնվի հայ իրավապահներին և որ նա դատվի Հայաստանում` ՀՀ դատարանի կողմից: Ցուցարարները կանգ էին առել Ռուսաստանի հյուպատոսության մոտ, որտեղ նույնպես հնչեցրել էին իրենց պահանջը և ձվեր նետել շենքի ուղղությամբ: Դրանից հետո  մեքենաները շարժվել էին  դեպի Շիրակի մարզի դատախազություն: Այս ամենին հետեւցին ՀՀ քննչական կոմիտեի (https://www.ilur.am/news/view/39679.html) եւ ՀՀ գլխավոր դատախազության (https://www.ilur.am/news/view/39680.html) տարածած հայտարարությունները, որտեղ երկու պետական մարմիններն էլ հավաստիացնում էին, որ հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է եւ «իրականացվում են հանցագործության հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության ապահովումը»: Այս հայտարարությունները ընթերցելուց հետո, Գյումրու դատախազության մոտ հավաքված բազմահազար քաղաքացիները որոշեցին երթով շարժվել դեպի 102-րդ ռուսական ռազմաբազա, քանի որ հայտարարություններում իրենց ներկայացրած պահանջների մասին ոչինչ նշված չէր:
Ռուսական ռազմաբազայի մոտ հավաքված բողոքի ցույցի մասնակիցներին Շիրակի դատախազ Րաֆֆի Ասլանյանը առաջարկեց ցույցը տեղափոխել դատախազության շենքի մոտ: Նրա խոսքերով՝  առաջիկա օրերին միայն, պարզ կլինի, հնարավո՞ր է արդյոք Վալերի Պրեմյակովին հանձնել հայկական իրավապահ մարմիններին, հետեւաբար՝ «այս պահին ցույց անելը գործին օգուտ չէ»: Գյումրեցիները, որեւէ կերպ չէին համաձայնում հեռանալ ռազմաբազայի տարածքից, որտեղ ուժեղացված վերահսկողություն էր հաստատված և բավականին լարված իրավիճակ էր: Ցուցարարների կողմից Շիրակի դատախազ Րաֆֆի Ասլանյանին առաջարկ արվեց շտապ կապվել ՀՀ գլխավոր դատախազի հետ եւ փոխանցել ցուցարարների պահանջը: Շիրակի դատախազ Րաֆֆի Ասլանյանը հեռախոսազրույց ունեցավ գլխավոր դատախազի հետ, վերջինս էլ հայտնեց, որ այդ պահին խորհրդակցություն էր տեղի ունենում, ինչը պետք է կշարունակվեր մինչ ուշ երեկո եւ կվերսկսվեր հաջորդ օրը առավոտյան ժամը 10-ին: Ցուցարարները համաձայնեցին 22 ժամ սպասել, եւ որոշեցին՝ հունվարի 15-ին ժամը 17-ին, թաղման արարողությունից հետո կրկին հավաքվել դատախազության մոտ:  Նույն օրվա երեկոյան, նախագահական նստավայրից դուրս գալուց հետո գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հայտարարեց, թե Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան ինքնակամ լքած եւ ապա Գյումրիի Մուսայելյան փողոցի տներից մեկում մի ամբողջ ընտանիքի սպանության համար կասկածվող Վալերի Պերմյակովը, որին ձերբակալել են ռուսական սահմանապահները, եւ որը արդեն ինքնախոստովանական ցուցմունք է տվել, քրեական պատասխանատվության կենթարկվի ՀՀ տարածքում (բայց չէր մանրամասնել` Հայաստանի, թե՞ Ռուսաստանի իրավապահների կողմից, եւ թե որ դատարանը նրան մեղադրանք կներկայացնի):

Հունվարի 15-ի  առավոտյան Գևորգ Կոստանյանը մեկնեց Գյումրի, որպեսզի տեղում փորձի ՀՀ իշխանությունների և մասնավորապես իրավապահ համակարգի անգործության պատճառով քաղաքում ստեղծված լարված իրավիճակին ինչ որ լուծում տա: Նա մամուլի ասուլիս տվեց, որի ընթացքում նորից հստակ չպատասխանեց՝ որ երկրի դատարանի առաջ է կանգնելու մեղադրյալը՝ Հայաստանի՞, թե՞ Հայաստանում տեղակայված Ռուսաստանի 5-րդ կայազորային դատարանի: Դատախազը նաեւ նշել էր, որ հարուցվել է երկու քրեական գործ` հայկական և ռուսական կողմերից` առանձին: Նրա խոսքով, կողմերից յուրաքանչյուրը վարում է իր նախաքննությունը, և գործընթացները մեկը մյուսի վրա չեն ազդում:

Նույն օրը ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարի՝ անձնակազմի հետ աշխատանքի գծով տեղակալ, գնդապետ Ալեքսեյ Պալյուխովիչը հանդես եկավ ցավակցական հայտարարությամբ:

Հունվարի 15-ին Գյումրին վերջին հրաժեշտը տվեց Ավետիսյանների ընտանիքի վեց անդամներին:  Երևանում էլ` Ռուսաստանի դեսպանատան շենքի մոտ, բողոքի ակցիա տեղի ունեցավ, որի մասնակիցները ռուսական կողմից պահանջում էին գյումրեցի ընտանիքի սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին անհապաղ հանձնել Հայաստանի իրավապահ մարմիններին: Ակցիայի մասնակիցների և ոստիկանության աշխատակիցների միջև ընդհարումներ տեղի ունեցան, քանի որ վերջիններս փորձում էին խոչընդոտել ակցիայի անցկացմանը: Մի քանի մասնակից բերման ենթարկվեցին ոստիկանություն:

Իսկ այդ ժամանակ Գյումրիում ցուցարարները հավաքվել էին մարզային դատախազության շենքի մոտ: Պարզաբանումներ տալու նպատակով դատախազությունից դուրս եկավ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը, որն առաջարկեց 30 հոգանոց խմբերով  քննարկումներ կազմակերպել դատախազության ներսում: Սակայն ցուցարարները կտրականապես մերժեցին այդ առաջարկը՝ պահանջելով հանդիպում գլխավոր դատախազի հետ: Ոստիկանները սկսեցին ցուցարարներին ետ մղել դատախազության շենքից: Ցուցարարների շարքերից քարեր նետվեցին ոստիկանության ուղղությամբ, ինչը  որակվեց որպես «կազմակերպված սադրանք»: Տեղի տալով ժողովրդի ճնշմանը՝ Գևորգ Կոստանյանը ի վերջո դուրս եկավ դատախազության շենքից և պատրաստակամություն հայտնեց պատասխանել ցուցարարներին հուզող բոլոր հարցերին: Լևոն Բարսեղյանը ցուցարարների անունից ներկայացրեց իրենց հուզող հիմնական հարցը՝ ո՞ր երկրի  դատարանն է քննելու Գյումրիի սպանությունների մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործը: Կոստանյանը նշեց, որ ինքը միանշանակ համաձայն է ցուցարարների պահանջին, և հավելեց, որ դրա համար էլ հենց հիմա «մեր տղաները ռուսական ռազմակայանում հետաքննություն են վարում», հարցաքննություններ են անցկացնում: Նա համբերության կոչ արեց ժողովրդին՝ հորդորելով համբերել, քանի դեռ հետաքննությունն ընթանում է: Ցուցարարներին խոսքով դիմեց նաև Շիրակի թեմի հոգևոր առաջնորդ՝ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, որը նշեց, որ իրենք պահանջում են ոճրագործին հանձնել Հայաստանի իրավապահ մարմիններին: «Մեր պահանջի օբյեկտն այստեղ չէ, մեր պահանջը մենք պետք է բոլոր հավասարակշիռ միջոցներով, ոչ թե իրար վրա քար ու ձու շպրտելով, ներկայացնենք Ռուսաստանին»: «Մեր իշխանությունները պետք է Ռուսաստանից պահանջեն հարգել մեր անկախությունն ու մեր Սահմանադրությունը, ժողովուրդը բորբոքված է, որովհետև իշխանություններն անգործունյա են, ուստի նրանք կամ պետք է տեր կանգնեն մեր Սահմանադրությանն ու մեր ժողովրդին, կամ  պետք է հրաժարական տան»,- ասաց ցուցարարներից մեկը: Գլխավոր դատախազ Կոստանյանը հայտարարեց, թե համաձայն է նամակով դիմել ռուսական կողմին` Պերմյակովին Հայաստանին հանձնելու պահանջով: Սակայն, ցուցարարները պահանջում էին դա անել անհապաղ, եւ հստակ պատասխանել, թե երբ պարզ կլինի հարցը: Ի վերջո, հավաքվածների մի մասը երթով շարժվեց դեպի Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի շենքի մոտ: Ճանապարհին ոստիկանները արգելափակել էին նրանց ճանապարհը: Ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախում տեղի ունեցավ, ոստիկանությունը կիրառեց հատուկ միջոցներ։ Իրավիճակը փորձեց հանդարտացնել Գյումրիից ընտրված ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, որին կարծես թե հաջողվեց համոզել ցուցարարներին վերադառնալ Շիրակի դատախազության շենքի մոտ։ Ոստիկանության գործողությունները տեղում ղեկավարում էր Ոստիկանության զորքերի տխրահռչակ հրամանատար Լյովա Երանոսյանը։
Իրավիճակը լարված մնաց նաեւ Երեւանում եւ Ազատության հրապարակում ինքնաբուխ հավաք էր սկսվում: Մոտ 150 հոգի գտնվում էին հրապարակում, իսկ ահա հրապարակի Թումանյան փողոցի հատվածում գտնվող մուտքի կողմից բազմաթիվ ոստիկաններ էին հավաքվել, ովքեր արգելում էին մարդկանց մուտք գործել Ազատության հրապարակ: Ըստ որոշ տեղեկությունների, ոստիկանները հրապարակ մուտք գործած մի քանի քաղաքացիների ուղղակի «գողացել» էին` դուրս բերելով հրապարակից: Ոստիկանները պահանջում էին մարդկանց հեռանալ հրապարակի տարածքից, քանի որ նրանք  «փնտրում էին մարդկանց, ում կասկածում էին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ», եւ որ նրանք իբր կարող էին զինված լինել:
Իսկ Գյումրիի մարզային դատախազության մոտ վերադարձած բազմության առաջ կրկին ելույթ ունեցավ ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը, ով հանդիմանելով «անկարգություն հրահրողներին»՝ կոչ արեց մարդկանց գնալ տուն: Ապա ելույթ ունեցավ նաեւ ԱԺ ԲՀԿ-ական պատամավոր Մարտուն Գրիգորյանը, ով հայտարարեց, որ իր աչքով տեսել է՝ Վալերի Պերմյակովը ռազմակայանում է: «Էնտեղ է, մեր աչքով տեսանք»,- հայտարարեց Գրիգորյանը: Նա եւս կոչ արեց գնալ տուն: Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի եւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ելույթներից հետո Գյումրիում մարզային դատախազության մոտ հավաքվածերը թեեւ դեռ հարցեր ունեին, բայց սկսեցին ցրվել:
Ոստիկանության եւ ցուցարարների միջեւ  բախումների հետեւանքով Գյումրու բժշկական կենտրոն հունվարի 15-ի երեկոյան ժամը 20:00-ից հետո դիմել էր 24 տուժած, նրանցից 14-ը եղել էին ոստիկաններ, 10-ը` քաղաքացիական անձինք:

Հունվարի 16-ին, Գյումրիում վիրավորված 6 ամսական Սերյոժա Ավետիսյանին երկրորդ անգամ  վիրահատեցին: Վիրահատությունն իրականացնում էր Սանկտ-Պետերբուրգից հրավիրված նեյրովիրաբույժ Վիլյամ Խաչատրյանը: Այդուհանդերձ, երեխայի վիճակը շարունակում էր մնալ կայուն ծանր:

Այս ամենին հետեւեցին ուշացած ցավակցական հեռագրեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Սերժ Սարգսյանի կողմից, հավաստիացումներ, որ գործը կբացահայտվի:

Ապա ամսի 19-ին վրա հասավ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի վաղաժամ մահվան լուրը: Չնայած տեղի և արտերկրի առաջատար մասնագետների կողմից ձեռնարկված վերակենդանացման շարունակական, երկարատև, անընդմեջ միջոցառումներին` ցուցանիշները բարելավել չհաջողվեց, զարգացավ սրտանթային, թոքային, երիկամային անբավարարություն. անդառնալի փոփոխություններ տեղի ունեցան, ինչը հանգեցրեց մահվան: Երեխայի կյանքը փրկել չհաջողվեց: Օրվա ընթացքում հայտնի դարձավ, որ ոստիկանությունը մեծ ուժեր է տեղափոխում Գյումրի՝ հավանաբար փորձելով կանխել քաղաքում բախումների կրկնությունը:
Չնայած, որ իշխանությունները այդպես էլ սգո օր չհայտարարեցին, հունվարի 20-ին բազմաթիվ  քաղաքացիներ ժողովրդական սգո օր հայտարարելով,  առավոտյան ժամերից՝ ի հիշատակ 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի, մոմավառություն  անցկացրեցին Ազատության հրապարակում: Մեծ թվով քաղաքացիներ  ուղևորվեցին Գյումրի՝ մասնակցելու փոքրիկի հոգեհանգստին: Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում, հունվարի 21-ին Սերյոժայի հուղարկավորության կարգը: Փոքրիկի շուրջբոլորը տասնյակ խաղալիքներ էին: Սերյոժային հուղարկավորեցին Շիրակի գերեզմանատանը՝ հարազատների կողքին:

Թեեւ այդ եւ հաջորդող օրերին Գյումրիում զանգվածային ակցիաներ տեղի չունեցան, բայց հայտարարվեց, որ Հայաստանի իշխանությունների կողմից համարժեք քայլեր չլինեու դեպքում դրանք ամեն պահի կարող են վերսկսվել:

Հունվարի 23-ին ԱԺ-ում գլխավոր դատախազի նախաձեռնությամբ տեղի ունեցան լսումներ, որի ընթացքում Գեւորգ Կոստանյանը հայտարարեց, որ «անպայման» կատարելու է իր տված խոստումը եւ դիմելու է ռուսաստանցի գործընկերոջը՝ գործի քննությունը եւ մեղադրյալ Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու պահանջով, բայց միայն «բավարար հիմքերի առկայության դեպքում»: Նույն օրը Գյումրի ժամանեց եւ Ավետիսյանի շիրիմներին այցելեց ՌԴ Պետդումայի պատգամավորների պատվիրակությունը, որի անդամները հայտարարեցին, որ չի բացառվում, որ Պերմյակովը կհանձնվի Հայաստանին:

Նախորդ հոդվածը‘Դատական սխալի պատճառով՝ 40 տարի ամերիկյան բանտում’
Հաջորդ հոդվածը‘Եղիսաբեթ II-ը դարձավ աշխարհի ամենատարեց միապետը’