‘
Ռուսաստանցի սահմանապահները հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող Վալերի Պերմյակովին: Այս մասին «Ազատությանը» հայտնել է Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը։
Ռուսական կողմը բանավոր տեղեկացրել է հայ իրավապահներին, որ հայտնաբերվածը Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության մեջ կասկածվող՝ Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Պերմյակովն է:
Ասլանյանն նաև ասել է, որ ըստ իրենց ունեցած տեղեկությունների, արյունալի դեպքերի գործով հիմնական կասկածյալին գտել են հայ-թուրքական սահմանի մոտ՝ Բայանդուր և Երազգավորս գյուղերի հատվածում։
Դատախազը տեղեկացրել է, որ Վալերի Պերմյակովը հիմա ռուսական կողմի մոտ է։
Վալերի Պերմյակովին հայտնաբերելու մասին տեղեկություններն panarmenian.net–ի հետ զրույցում հաստատել է նաև Երազգավորս համայնքի գյուղապետ Արտաշես Մխիթարյանը, նշելով, որ Վալերի Պերմյակովը փորձում էր հատել Թուրքիայի հետ սահմանը:
Վալերի Պերմյակովն ռուսական ռազմաբազայում է: Այս մասին news.am-ին ասել է Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը:
«Քանի որ իրեն բռնել են ռուս սահմանապահները հայ-թուրքական սահմանը հատելու փորձ անելիս, նրան հանձնել են ռազմաբազայի հրամանատարությանը»,- ասել է Րաֆֆի Ասլանյանը:
Նրա խոսքով՝ այս պահին ռազմաբազայում են են նաեւ հայ իրավապահները, Հատուկ քննչական ծառայության հատուկ օպերատիվ քննչական խումբը:
Հարցին՝ կհանձնեն արդյոք կասկածյալին հայկական կողմին, թե ոչ, Ասլանյանը պատասխանեց, որ առայժմ որեւէ հստակ բան ասել չի կարող:
«Այս պահին տարվում են աշխատանքներ հետագա քայլերը որոշելու համար »,- ասել է նա:
Vesti.ru-ն` դեռ մինչև Պերմյակովին հայտնաբերելը հաղորդել էր, որ Գյումրիում կատարված մասսայական սպանության հետաքննությունը իրականացնելու է ՌԴ Պաշտպանության նախարարության հատուկ հանձնաժողովը` նախարարի առաջին տեղակալ Բախինի գլխավորությամբ։
Հիշեցնենք, որ գյումրեցի Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի վեց անդամները հունվարի 12-ի առավոտյան սպանվել էին: Սպանվածներից հինգը չափահաս են, մեկը՝ երկու տարեկան երեխա: Իսկ վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը տեղափոխվել էր Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց, վիրահատվել է եւ ինչպես բժիշկներն են հայտնում այժմ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Դաժան սպանության հիմնական կասկածյալը Գյումրիում տեղաբաշխված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պավելի Պերմյակովն է:
Երեկ երեկոյան ոստիկանությունը տեսանյութ էր հրապարակել Ավետիսյանների տնից։
‘