‘Գյումրիի 26 համարի երթուղային տաքսին չի աշխատել’

813

«Ճիշտ են այն տեղեկությունները, որ երեկ Գյումրիի 26 համարի երթուղային տաքսին չի աշխատել կամ լավ չի աշխատել»,- ilur.am-ի հետ զրույցում ասաց Գյումրիի  ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ և Գյումրիի նորընտիր ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը՝ հաստատելով մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե նոր քաղաքապետ Սամվել Բալասանյանը զգուշացրել է, որ երթուղային տաքսիներից գանձվող գումարներն այսուհետ մտնելու են քաղաքապետարանի բյուջե, իսկ դա դուր չի եկել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին և նրա շրջապատին:

Շրջանառվող լուրերի համաձայն՝ Ղուկասյանի դժգոհության պատճառն այն է, որ տարիներ շարունակ վարորդներն օրվա վերջում այդ գումարները փոխանցել են նրա որդուն կամ որդու ընկերներին, իսկ այժմ պատկերը փոխվում է:

«Կարծում եմ, որ նախորդ քաղաքապետը քաղաքային սպասարկման և բյուջեի ծախսման իմաստով որոշակի լծակների և խողովակների է տիրապետել և որոշակի ծառայություններ մատուցելու գործում ունեցել է որոշակի ազդեցություն, իսկ նոր քաղաքապետը, ամենայն հավանականությամբ, փորձում է փոփոխություններ անել, բնական է, որ այդ ընթացքում կարող են լինել հակասություններ», — ասաց Լևոն Բարսեղյանը:

Նրա փոխանցմամբ՝ ավագանու անդամի իր լիազորությունները կսկսվեն նոյեմբերի 11-ից, որից  հետո ինքը մտադիր է ծանոթանալ բոլոր փաստաթղթերին և երթուղային գծերի  սպասարկման պայմանագրերին, տեղի ունեցած մրցույթներին, համայնքի ունեցած եկամուտներին, իսկ հետո կանի բազմաթիվ հայտարարություններ և կառաջարկի լուծումների ուղղություններ:

Նախորդ հոդվածը‘Իտալիայից փորձել են ներմուծել փչացած մսամթերք և ծովամթերք ‘
Հաջորդ հոդվածը‘Վերագործարկվել է ՃՈ էլեկտրոնային համակարգը ‘