‘Գյումրիում լարված իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում են ՀՀ իրավապահները. Մամուլ ‘

1500

Մամուլն այսօր անդրադառնում է օրերս Գյումրիում տեղի ունեցած սպանդին և երեկ քաղաքում ստեղծված լարված իրավիճակին, երբ հազարավոր քաղաքացիներ պահանջում էին 6 մարդու սպանության մեջ կասկածվող ռուսաստանցի զինվորական Վալերի Պրեմյակովին անհապաղ հանձնեն հայկական իրավապահ մարմիններին, տեղափոխել նախնական կալանքի վայր ու դատը իրականացնել Հայաստանում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Գյումրիում ստեղծված լարված իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում են Հայաստանի իրավապահները. նրանք պարտավոր էին ամեն ինչ անել, որպեսզի քաղաքացիների մոտ կասկած չառաջանար, որ Ավետիսյանների ընտանիքի վեց անդամներին սպանելու մեջ կասկածվող ՌԴ զինված ուժերի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը ՀՀ օրենսդրության ողջ խստությամբ է պատասխանատվության ենթարկվելու:

ՀՀ իրավապահները՝ մասնավորապես ՀՀ ոստիկանությունը, պարտավոր էր թույլ չտալ, որ ՌԴ զինված ուժերի ներկայացուցիչները մասնակցեին Պերմյակովին հայտնաբերելու նպատակով կազմակերպված օպերատիվ-հետախուզական միջոցառումներին: ՌԴ զինված ուժերի ներկայացուցիչները պետք է մեկ խնդիր լուծեին` ապահովել, որ իրենց զորամասից ևս մեկ զինվոր զենքով դուրս չգա ու ՀՀ քաղաքացիների կյանքին վտանգ չսպառնա: ՀՀ իրավապահները ոճրագործության մեջ կասկածվողին ամեն գնով իրենց ուժերով հայտնաբերելու փոխարեն թույլ են տվել, որ ՌԴ զինված ուժերի ներկայացուցիչները մասնակցեն օպերատիվ-հետախուզական գործողություններին, ինչի արդյունքում Պերմյակովը հայտնվել է նրանց ձեռքում:

ՀՀ քաղաքացիներն արդարացի կասկածներ ունեն, որ նա կարող է խուսափել ՀՀ արդարադատությունից, և երեկ բողոքի ինքնաբուխ ցույց էին կազմակերպել Գյումրիում: Եթե ՀՀ իրավապահներն իրենց բարձունքի վրա գտնվեին, ապա ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ստիպված չէր լինի հատուկ հայտարարել, որ Հայաստանում կատարված ոճրագործության մեջ մեղադրվող անձն անպայման Հայաստանում կդատապարտվի:

Ի դեպ, Կոստանյանը դեռ պետք է կարողանա կյանքի կոչել իր խոստումը, ինչը ենթադրում է, որ ՌԴ զինված ուժերի հրամանատարությունը պետք է համաձայնի Պերմյակովին փոխանցել ՀՀ իրավապահներին»:

«ՉԻ» զրույցում ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ, իրավաբան Արմեն Խաչատրյանը նշել է.

«Եթե ՀՀ իրավապահները չեն կարողացել հայտնաբերել երեք բջջային հեռախոս ունեցող քաղաքացուն, ուրեմն թող գնան զբաղվեն կոշկակարությամբ, թող գնան, զբաղվեն անասնապահությամբ, ամեն ինչով, ինչը կապ չունի հանցագործ հայտնաբերելու, հանցագործություն բացահայտելու հետ: Ամբողջ իրավապահ համակարգը դուրս էր եկել, չկարողացան գտնեն, բայց Բայանդուր գյուղի գյուղացին նրան հայտնաբերեց: Դրանից հետևում է, որ իրավապահները կամ մասնագիտական առումով զրոյական վիճակում են, կամ իմ մեջ ողջամտորեն կասկած է առաջանում, որ այն, ինչ պաշտոնապես հայտնել են, հնարավոր է, որ չի համապատասխանում իրականությանը, այսինքն՝ լուծել են խնդիր, որ Պերմյակովը հայտնվի ռուսական կողմի մոտ: Սա կարող ենք ասել որպես կասկած։

 Քրեական իրավունքը ունի աքսիոմ՝ եթե հայտնաբերված չէ մոտիվը, ուրեմն սպանությունը բացահայտված չէ: Այս պարագայում սպանության մոտիվը պարզ չէ: Ամեն ինչն այս դեպքում շատ տարօրինակ է: Եթե սա դիվերսիոն գործողություն է եղել, ապա ինչո՞ւ սպանություն պետք է կատարվեր զորամասից այդքան կիլոմետր հեռավորության վրա, եթե զորամասին շատ մոտ բնակավայրեր կան, ինչո՞ւ այդ գործողությունը չի կատարել սահմանին մոտ բնակավայրում, ինչից հետո կարող էր արագ հատել սահմանը: Հարցականները այնքան շատ են, որ կարելի է բազմաթիվ վարկածներ առաջ քաշել: Այն վարկածը, թե Պերմյակովը հոգեկան խնդիրներ է ունեցնլ, ևս կասկածելի է, քանի որ կան փաստեր, օրինակ, որ նա Ավետիսյանների տանն է թողել իր զենքը, քաղաքացիական հագուստ է հագել, հետո նոր հնռացել, այսինքն նա շատ լավ գիտակցել է, որ հանցագործություն է կատարել և պետք է թաքնվի: Աֆեկտի մեջ գտնվող մարդը չէր կարող նման բան հասկանալ, և պարզ է, որ նա սառնասիրտ է գործել: Պետք է նշել, որ իրավապահ համակարգը անգամ չկարողացավ հասկանալ, որ նման հանցագործություն կատարած անձը եթե չի հանձնվել և դիմել է փախուստի, նա պետք է փորձի հատել սահմանը: Գյումրիից ո՞ւր պետք է գնար: Ամենահավանական ուղղությունը հայ-թուրքական սահմանն էր, ուր էլ նա գնացել էր, իսկ իրավապահները նրան մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանում էին փնտրում»»,–իրավաբանի խոսքերն է փոխանցում թերթը։

«ՀԺ»-ն գրում է. «Ոստիկանությունը դեպքի մասին հաղորդագրությունը ստացել է հունվարի 12–ի կեսօրին: Մեկ ժամ անց արդեն ոստիկանությունը գիտեր, թե ում է փնտրում: Բայց ըստ պաշտոնական հաղորդագրությունների, Պերմյակովին հայտնաբերել են դրանից 12 ժամ անց, դեպքի վայրից 15 կիլոմետր հեռավորության վրա պետական սահմանը անցնելու փորձ կատարելիս: Այսինքն Հայաստանի իրավապահ մարմինները ուղիղ 12 ժամ ունեցել են Պերմյակովին հայտնաբերելու և ձերբակալելու համար: Նման բան, սակայն, տեղի չի ունեցել: Սրա համար կարող է լինել երկու պատճառ. առաջինը ոստիկանության և ԱԱԾ-ի պրոֆեսիոնալիզմի պակասը և երկրորդը այդպիսի պայմանավորվածություն է ձեռքբերվել ռուսական և հայկական մարմինների միջև: Որովհետև, եթե Պերմյակովին ձերբակալեին հայաստանցի իրավապահները, նրան Ռուսաստանին արտահանձնելու հարց, ըստ էության, չէր առաջանա, որովհետև ինչպես նշել ենք, հայ-ռուսական համաձայնագրերի համաձայն, Հայաստանի տարածքում հանցագործություններ իրականացրած ռուս զինվորականները պիտի դատվեն Հայաստանի օրենքներով, Հայաստանի դատարանների կողմից: Ի դեպ, ռուսները Պերմյակովին չէին կարող ձերբակալել նաև Գյումրիում կամ Հայաստանի տարածքի որևէ այլ հատվածում, որովհետև նման իրավասություն չունեն: Նրանք ձերբակալություն կարող էին իրականացնել միայն սահմանային փշալարերից այնկողմ: Եվ փաստորեն, ձերբակալությունը տասնյակ հնարավորներից իրականացվել է այնպիսի միակ հանգամանքում, որ հնարավոր լինի հղում կատարել ՌԴ սահմանադրության այն կետին, որ Ռուսաստանը չի կարող իր քաղաքացուն արտահանձնել Հայաստանին:

Բայց այստեղ էլ ամեն ինչ միանշանակ չէ. եթե Պերմյակովին ձերբակալել են Հայաստանի պետական սահմանը ապօրինի կերպով հատելու համար, այս պարագայում էլ հանցագործության օբյեկտը Հայաստանի Հանրապետությունն է: Հայաստանի սահմանը ապօրինի հատելու փաստի առիթով հարուցված քրեական գործերը վարում են Հայաստանի իրավապահները և այստեղ էլ ռուս իրավապահները մարդ դատելու իրավունք չունեն: Ու ռուսների միակ կռվանը դառնում է այն, որ Պերմյակովն ինքնակամ լքել է զորամասը, այդ առիթով էլ քրեական գործ է հարուցվել, և սա արդեն Ռուսաստանի իրավազորության ոլորտին է պատկանում: Բայց սա թույլ, չափազանց թույլ կռվան է, և Պերմյակովին Ռուսաստանին զիջելով Հայաստանի իշխանությունները մեր երկրի ինքնիշխանության ևս մեկ կտոր են զիջել Ռուսաստանին: Հարցը միայն հետևյալն է. սա արվել է միայն քաղաքակա՞ն որոշմամբ, թե՞ նաև ոստիկանության ոչ պրոֆեսիոնալիզմի պատճառով»,–գրում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Գևորգ Կոստանյանի մամուլի ասուլիսը Գյումրիից (ուղիղ)’
Հաջորդ հոդվածը‘Ռուսական կայազորի դատավորը կալանավորել է Պերմյակովին’