‘Գյումրիում ոստիկանների մասնակցությամբ գողության գործը կքննվի ՀՔԾ-ում’

1199

Ինչպես տեղեկացրել ենք, ըստ նախաքննության տվյալների, օգոստոսի 5-ին` ժամը 04.20-ի սահմաններում, ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ, ոստիկանության կապիտան Հրայր Քալաշյանը հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով նույն բաժանմունքի ավագ օպերլիազոր, ոստիկանության կապիտան Արտակ Բաղդասարյանի հետ, նախապես իրենց հետ վերցնելով դիմակավորված գողություն կատարելու համար հարմարեցված սպորտային գլխարկներ, մուրճ և այլ առարկաներ, գնացել են Գյումրի քաղաքի Խաղաղության օղակ 8 հասցեում գտնվող «Ռուբին» ոսկերչական սրահ:

Ըստ գործի նյութերի, որոնք ներկայացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը, նրանք մուրճով կոտրել են սրահի մուտքի դռների ապակիները, փորձել են ներս մտնել, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցավոր մտադրությունն ավարտին չեն հասցրել` նկատելով տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության տարբերանշանով ավտոմեքենա, դիմել են փախուստի, սակայն բռնվել են ոստիկանության աշխատակիցների կողմից ու բերման ենթարկել ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին:
Փաստի առիթով 2013 թվականի օգոստոսի 5-ին ՀՀ ՔՕ 34-177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, որը նույն օրն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ: Հրայր Քալաշյանն ու Արտակ Բաղդասարյանն այժմ ձերբակալված են:

Նախորդ հոդվածը‘Անսարք ճանապարհը ավտովթարի պատճառ է դարձել Երևանում’
Հաջորդ հոդվածը‘2013թ. առաջին հինգ ամիսներին նորածիններին առավել հաճախ անվանել են Նարե և Դավիթ’