‘Գյումրիում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ 2 հոգի ձերբակալվել է’

885

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում շարունակվում է 2015 թվականի մարտի 7-ի երեկոյան Գյումրիում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ձերբակալվել է երկու անձ, ևս երեքի նկատմամբ՝ հայտարարվել հետախուզում։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ մարտի 7-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում,  Գյումրիի Մյասնիկյան փողոցում մի խումբ անձանց հետ բռնությամբ զուգորդված խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են  Գյումրի քաղաքի բնակիչներ Հովհաննես Տոնոյանը և Համլետ Գևորգյանը։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ մարտի 11-ին որոշում է կայացվել՝ բռնության գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար Գյումրի քաղաքի բնակիչ Փայլակ Առաքելյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում։

Հիշեցնենք, որ մարտի 10-ին որոշում է կայացվել՝ Գյումրի քաղաքի բնակիչներ Գրիգորյան եղբայրներին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։

Ա.Գրիգորյանը մեղադրվում է երկու և ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու, իսկ Գ.Գրիգորյանը՝ ապօրինի ձեռք բերած և կրած հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ։ Նույն օրը՝ մարտի 10-ին,  նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում։ Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները միջոցներ են ձեռնարկում՝ հետախուզվող անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու, բոլոր մասնակիցների ինքնությունը, նրանցից յուրաքանչյուրի գործողությունները պարզելու ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտե

 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը հեռախոսով զրուցել է Վլադիմիր Պուտինի հետ’
Հաջորդ հոդվածը‘Մալաթիա-Սեբաստիա համայնքում ջուր չի լինի’