‘Գյումրու ողբերգության հաջորդ օրը՝ ՀՀԿ-ի քեֆին, «սաքուլիկները» իրար տվել են. «Հրապարակ»’

3207

Ինչպես արդեն հաղորդել էինք, չնայած այն բանին, որ հասարակական շրջանում բացասական արձագանք էր ստացել այն փաստը, որ իշխանությունները գյումրեցի ընտանիքի սպանության կապակցությամբ սգո օր չէին հայտարարել, վերջիններս շարունակում էին իրենց պահել այնպես, ասես ոչինչ էլ չի պատահել: Ավելին, իշխանությունները, կարծես ի հեճուկս հասարակական բողոքի՝ հունվարի 13-ին  մեծ շուքով նշել են հին Ամանորը: ՀՀԿ երիտթևը «Օջախ» ռեստորանում տոնական մթնոլորտում նշել է Հին Նոր Տարին, որին, ի դեպ, մասնակցել է նաև Սերժ Սարգսյանը: Հավաքին ընդհանուր առմամբ ներկա է եղել 200-300 մարդ, այդ թվում՝ Վաչե Գաբրիելյանը, Տարոն Մարգարյանը, Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանը, ՀՀԿ երիտթևի ղեկավար Կարեն Ավագյանը և նույնիսկ Հրայր Թովմասյանը:

Եվ ահա այս հավաքից ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս: Ինչպես այսօր գրում է «Հրապարակը», «Օջախ» ռեստորանում կայացած ՀՀԿ տարեկան քեֆի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել Տնտեսագիտական համալսարանի տխրահռչակ պրոռեկտոր, Հովիկ Աբրահամյանի հովանավորյալ Սևակ Խաչատրյանի՝ հայտնի Սաքուլիկի, և քաղաքապետի արարողակարգի ծառայության ղեկավարի միջև: Ինչպես նշել են թերթի աղբյուրները, քաշքշուկը շարունակել են դահլիճից դուրս: Գինովցած տաքգլուխ պրոռեկտորին և նրա «սաքուլիկներին» հանդարտեցնելու են եկել քաղաքապետն ու Կարեն Ավագյանը։

Նախորդ հոդվածը‘Մինո Ռայոլան ցանկանում է դառնալ ՖԻՖԱ-ի նախագահ’
Հաջորդ հոդվածը‘Տնտեսագետ. Տնտեսության զարգացման գլխավոր խոչընդոտներից մեկը վստահության բացակայություն է ‘