‘
Գալուստ Սահակյանը խորհրդակցության է հրավիրել ոչ իշխանական խմբակցություններին՝ քննարկելու ներկայացված 12 կետանոց պահանջների կատարման վերաբերյալ հարցեր:
Ավելի վաղ Հովիկ Աբրահամյանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ թեև կառավարությունը անդրադարձել կամ իրականացրել է 12 կետերից մի քանիսը, բայց պատրաստ է քննարկումների:
Մինչ այդ էլ, ինչպես հիշում ենք, Սերժ Սարգսյանն էր հայտարարել, թե հրահանգել է կառավարությանը վերանայել ընդդիմության ներկայացրած 12 կետանոց պահանջները:
Հայ ազգային կոնգրեսը, արդեն տեղեկացրել ենք` հրաժարվել է մասնակցել այդ քննարկումներին և խոստացել է ավելի ուշ ներկայացնել իր պարզաբանումները:
Այսպիսով, ընդդիմության կողմից քաղաքական ճնշումներին զուգահեռ` իշխանությունն առաջարկում է քննարկումներ սկսել: Ինչն, ի դեպ, բնական է: Բնական է իշխանության տեսակետից` քննարկումներ սկսել, ասել կուզի՝ ժամանակ ձգել: Հիշո՞ւմ եք այսպիսի մի հայտնի խոսք կա. եթե ցանկանում ես տապալել գործը, հանձնաժողով ստեղծիր:
Հիմա էլ, ըստ էության, իշխանությունը նույն բանն է անում: Հենց մի բան ցանկանում է տապալել կամ չիրականացնել` քննարկումների է հրավիրում:
Այնինչ, ակնհայտ է, որ այստեղ քննարկելու ոչինչ չկա: Կան հստակ ձևակերպված պահանջներ, որոնք կամ կատարում ես, կամ չես կատարում: Այլ պատասխան չես կարող տալ, հատկապես՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ չի ներկայացվել մի այնպիսի պահանջ, որն անհնար է իրականացնել` համապատասխան քաղաքական կամքի առկայության դեպքում:
Ավելին, դեռ մի բան էլ ընդդիմությունը բավարար ժամանակ էր տվել այդ պահանջները իրականացնելու համար` որպես փեշքեշ: Կար ժամանակ, այսինքն, և կային հստակ պահանջներ: Իշխանությունն, ըստ այդմ, ունեցել է բոլոր նպաստավոր պայմանները դրանք ի կատար ածելու համար: Բայց չի արել: Իսկ ժամանակը սպառվելուն հետ մեկտեղ էլ ներկայացրել է մի փաստաթուղթ, որտեղ փորձել է, իբր թե, պարզաբանել այն, թե ինչու չի կարող իրականություն դարձնել այդ պահանջները, որոնք, ինչպես նշեցինք, կատարելու համար բացառապես քաղաքական կամք էր պահանջվում:
Եւ հիմա, երբ պրոցեսը հասել է այն կետին, որից այնկողմ արդեն օրակարգային է դարձել ամբողջական իշխանափոխության հարցը, իշխանությունները մեկ էլ ու հանկարծ որոշել են քննարկման կանչել: Ինչի՞ համար: Բազար անելո՞ւ: Զիջումներ կորզելո՞ւ: Ի՞նչ քննարկումներ կարող են լինել այստեղ: Ո՛չ մի: Եւ ուրեմն, ամբողջությամբ արդարացված է Կոնգրեսի` չմասնակցելու վերաբերյալ որոշումը: Քննարկումների ժամանակն անցել է, 12 կետերի մասին բանավիճելու ժամանակն էլ՝ հետը: Օրակարգում արդեն այլ հարց է` Սերժ Սարգսյանն ու իր իշխանությունը պետք է հեռանան: Եթե իշխանությունը ցանկանում է քննարկել, ապա միայն այս հարցի շուրջ` այն էլ, հեռացման պայմանները և ժամանակացույցը հստակեցնելու համար:
Մնացածի մասով արդեն գնացքը գնացել է:
Մեսրոպ Հակոբյան
‘