‘
Երեկ ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում ռելսերից դուրս թռած գնացքն ընթացել է ճանապարհի այդ հատվածում թույլատրելի արագությունից կրկնակի ավելի արագությամբ: Գնացքի արագության մասին տվյալները ստացվել են, այսպես կոչված՝ «սև արկղից», որը դուրս է բերվել գնացքի բեկորների տակից:
Amtrak ընկերության թիվ 188 գնացքում, որը Նյու Յորքից Վաշինգտոն ուղերթ է իրականացրել, եղել է 240 ուղևոր: Աղետի հետևանքով զոհվել է նրանցից առնվազն յոթը, երկու հարյուրից ավելին տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել: Տուժածներից մի քանիսը ծայրահեղ ծանր վիճակում են:
Գնացքի մեքենավարը նույնպես վնասվածքներ է ստացել և կհարցաքննվի, հենց որ առողջական վիճակը թույլ տա: Մասնավորապես՝ նա ստիպված կլինի պատասխանել այն հարցին, թե ինչու է գնացքն ընթացել ժամում 106 մղոն (մոտավորապես՝ 170 կմ/ժ) արագությամբ, երբ ճանապարհի այդ հատվածում թույլատրելի արագությունը ժամում 50 մղոնն է (80 կմ/ժ): Փոխանցում է BBC-ն:
‘