‘Գնդապետ Արտակ Բուդաղյանը կրկին վիրահատվել է ‘

1458

Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպի հետեւանքով հրազենային վնասվածքներ ստացած գնդապետ Արտակ Բուդաղյանին հունիսի 9-ին կրկին վիրահատել են: Այդ մասին «Արմենպրեսին» տեղեկացրել են Պաշտպանության նախարարության Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքից, հրազենային կրակոցից Բուդաղյանի` վնասվածք ստացած լյարդի շրջանում շարունակվող թարախային արտադրությունը հիմք է հանդիսացել կրկնակի վիրահատության համար: Բժիշկները շարունակում են հիվանդի վիճակը գնահատել կայուն, բայց` ծանր: Նոր վիրահատական միջամտության անհրաժեշտությունն առայժմ հայտնի չէ: Բուդաղյանը գտնվում է գիտակից վիճակում:

Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, հունիսի 1-ին` ժամը 23.40-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գետափնյա թաղամասից լսվել են կրակոցներ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 1-ին` երեկոյան, Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող առանձնատան դիմացի հատվածում տեղի են ունեցել կրակոցներ, ինչի հետեւանքով Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, 1970թ. ծնված Ավետիք Բուդաղյանն ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971թ. ծնված Արտակ Բուդաղյանը եւ 1975թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Կալանավորվել են Սյունիքի մարզպետի որդին` Տիգրան Խաչատրյանը եւ թիկնապահը` Զարզանդ Նիկողոսյանը:

Նախորդ հոդվածը‘Թուրքիա. Էրդողանն անցնում է հարձակման’
Հաջորդ հոդվածը‘Արագածոտնի մարզում կայծակնահարվել է 2 քաղաքացի, որոնցից մեկը մահացել է’