‘
Ուրուգվայի հավաքականի պաշտպան Դիեգո Գոդինը խոսել է ԱԱ-2014-ի ժամանակ հարձակվող Լուիս Սուարեսի 9-խաղյա որակազրկման մասին Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջիո Կյելինիին կծելու համար.
«Չեմ ցանկանում ասել, որ նա սխալ չէր գործել, նա ինքը դա խոստովանել է:
Բայց ես, ինչպես և ուրուգվայցի շատ երկրպագուներ և օբյեկտիվ մարդիկ, կարծում եմ, որ Լուիսի հետ շատ, շատ, շատ անարդար վարվեցին:
Ֆուտբոլիստի վրա հարձակվելու համար դու առավելագույնը 4-խաղյա որակազրկում ես ստանում: Նրան աշխարհի առաջնությունից շան նման դուրս շպրտեցին:
Նա չմասնակցեց նաև Ամերիկայի Գավաթին: Պատիժն անարդարացի էր և չափազանց խիստ:
Մարդիկ նույնիսկ չեն պատկերացնում, թե երբեմն ինչեր են կատարվում ֆուտբոլի շուրջը: Որոշ որոշումներ քաղաքական են, ընդունվում են որոշ սենյակներում: Հենց դա էլ տեղի ունեցավ Սուարեսի դեպքում, ես վստահ եմ դրանում»,- Գոդինի խոսքերն է փոխանցում «The Guardian»-ը:
‘