‘Գոհար Սիմոնյան․Սերժ Սարգսյանը իր իսկ փոփոխությունների «տակ է մնալու»’

1764

Երբ Սերժ Սարգսյանը նոր-նոր էր ձեռնարկել սահմանադրական փոփոխությունների գործընթացը, մենք առաջիններից էինք, որ զգուշացրինք՝ սա հերթական պետական հեղաշրջման ծրագիր է։ Վտանգավորագույն մի ձեռնարկ, որին պիտի ողջ հասարակությունն անմիջապե՛ս ընդդիմանա՝ անկախ իր կուսակցական եւ նույնիսկ քաղաքական համակրանքներից։

Մերոնք, սակայն, տարօրինակ մի սովորություն ունեն․ նրանք սպասում են այնքան՝ մինչեւ «դանակը հասնի ոսկորին» կամ «կռվից հետո բռունցքներ ճոճելու» անիմաստությանը։

Եւ խնդրեմ՝ արդյունքը․ հաշվարկելով մեր հանրության հանդուժողականության աստիճանը՝ Սերժ Սարգսյանը թեպետ հետաձգել, բայց, բնականաբար, չի հրաժարվել զուտ իր համար «սահմանադրական փոփոխություններ կարելու» երազանքից։ Ընդ որում՝ այլեւս ակնհայտ է, որ Բաղրամյան 26-ում հույս ունեն նաեւ հաղթահարել խնդրի «քաղաքական ասպեկտը»։ Այն է՝ իրենց հատուկ մեթոդներով շանտաժի ենթարկել ընդդիմությանը, նրան դարձնել անուժ, անկամ եւ իրենց ծրագրերին ամենեւին չխոչընդոտող։

ՀԱԿ-ի առումով, իհարկե, տարձայնություններ չկան․իշխանությունները վստահ են, որ իրենք անկարող են այստեղ որեւէ մեկին «կոտրել»։ Չխոսենք արդեն քաղաքական կառույցի վերաբերյալ։ Իսկ, ահա, ԲՀԿ-ի մասով Սերժ Սարգսյանը դեռ երազանքներ ունի․ անգամ ընդդիմության եւ կոնկրետ այս քաղաքական կուսակցության նկատմամբ ոչ բարեկամաբար տրանադրված անձի՛նք են հասկանում, տեսնում եւ տեղեկանում, որ իշխանությունները փորձում են ոչ միայն ինչ-ինչ «ճնշումներ» բանեցնել, այլեւ հույս ունեն մի քանի պատգամավոր «իրենցով անել» ԲՀԿ խմբակցությունից, որպեսզի նրանք աշնանային նստաշրջանը սկսվելուն պես հայտարարեն իրենց «հույժ պետականամետ լինելու մասին»։

Նոր բան չկա՝ այսինքն. մարդիկ իրենց այս նպատակին հասնելու համար գործի են դնում շանտաժի ու սպառնալիքի լեզուն: Իսկ թե պետք լինի՝ խրախուսման եւ տարատեսակ բարիքների խոստման տարբերակը։

Սերժ Սարգսյանը, սակայն, գոնե այս անգամ սխալվում է։ Եւ սխալվում է ոչ միայն այն պատճառով, որ երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական, բարոյական եւ ցանկացած իրավիճակ գնալով դժվարացնում է հրապարակայնորեն նոր համախոհներ գտնելու տարբերակը, այլեւ այն պատճառով, որ նա իր իսկ ստանձնած փոփոխությունների «տակ է մնալու»։

Եւ գիտե՞ք՝ ինչու․ որովհետեւ նա վերջացած ձախողակ է։ Ձախողակ՝ ոչ միայն ներքին, այլեւ արտաքին քաղաքականության մեջ։ Այս մարդու հետ որեւէ հույս որեւէ մեկն այլեւս չի կապում։ Նա հավասարապես «քցել է» բոլորին, դատապարտել  է ոչ միայն մեր պետության ընթացքը, այլեւ բոլոր հնարավոր պարտնյորների հետ համագործակցությունը։ Նույնիսկ նրանց, ովքեր այս կամ շահից ելնելով, կարող էին «որեւէ լավ բան անել իր համար»։

Արդյունքում՝ Բաղրամյան 26-ն ամբողջությամբ միայնակ է իր դժբախտության հետ։ Բայց մենք հո հասկանու՞մ ենք, որ ավելի լավ է «մի Սերժ կորսվի, քան էն հազար-հազար կորուսանին»։

Ուրիշ բան, որ նա ի՛նքը չի հաշտվում սրա հետ։ Հանգամանք, որում, ցավոք, նրան այլեւս ոչ ոք չի կարող օգնել։

 

Նախորդ հոդվածը‘MH17 ուղերթ.անջատականները «սև արկղերը» հանձնել են փորձագետներին’
Հաջորդ հոդվածը‘Գազա. Հակամարտության լարվածությունը մեծանում է, զոհերը շատանում են’