‘
Անցած շաբաթվա ընթացքում միջազգային մամուլը մեր երկրին անդրադարձավ այնքան, որքան երբեք չէր անդրադարձել: Պարզ բան է՝ եթե Հայաստանում են հյուրընկալվում շոու-բիզնեսի այնպիսի հանրահռչակ աստղեր, ինչպիսիք Քիմ Քարդաշյան-Քայնե Ուեսթ ամուսիններն են, եւ եթե Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Վատիկանում անձա՛մբ է պատարագ մատուցում Հռոմի Ֆրանցիսկոս պապը, համաշխարհային լրահոսը չէր կարող անտեսել եւ չարտացոլել այս իրադարձությունները:
Քարդաշյաններին հանգիստ թողնենք. անկախ մեր ճաշակից եւ վերաբերմունքից՝ այս մարդիկ Հայաստանի համար իսկապես առավելագույնն արին եւ մեր երկիրը, թեկուզ զուտ տուրիստական հետաքրքրության տեսանկյունից, ամբողջ աշխարհին ներկայացրին մի ամբողջ կառավարությունից շատ ավելի արդյունավե՛տ կերպով:
Ինչ վերաբերում է Հռոմի Ֆրանցիսկոս պապին՝ այստեղ կարեւորը ոչ այնքան Թուրքիայի կատաղությունն է եւ այդ առիթով մեր նայիվ երջանկությունը, որքան այն բացահայտումը, որ արվեց Ֆրանցիսկոս պապի կողմից: Այն է՝ լինել իրապես արդարամիտ, կանգնել ճշմարտության կողքին՝ առանց որեւէ քաղաքական ենթատեքստի: Կարճ ասած՝ ինչպես «Truth Revolt» պարբերականն էր նշել՝ լինել իսկական առաջնորդ, լինել բարոյական, մասնակիցը չլինել հանցավոր լռության: Պապի դեպքում, նաեւ՝ որպես հոգեւոր Հովիվ, սրտանց աղոթք բարձրացնել բոլոր այն դժբախտ հոգիների համար, որոնք նահատակվեցին Օսմանյան Թուրքիայում՝ սոսկ հայ լինելու պատճառով…
Բնական է, որ պապի այս համարձակ քայլը դեռ պիտի իր արձագանքը գտնի թե՛ սովորական կաթոլիկների, թե՛ աշխարհիկ առաջնորդների սրտերում, որովհետեւ կաթոլիկ աշխարհի Հովիվն իրականում ամոթանք տվեց բոլոր պետությունների ղեկավարներին ու միջազգային կազմակերպություններին, երբ կոչ արեց նրանց «ճանաչել ճշմարտությունը եւ ընդդիմանալ նման հանցագործություններին՝ առանց տեղի տալու երկիմաստությանը կամ փոխզիջումներին»։
Սակայն, սրանով հանդերձ, հատկապես մեր դեպքում անհրաժեշտ է հիշյալ ձեռնարկը եւս չգերագնահատել եւ ուշի ուշով հետեւել միայն մեր պետությունը իրապես զարգացնելու բոլոր հնարավորությունների փնտրտուքով եւ խոչընդոտների չեզոքացմամբ:
Շատ պարզ պատճառով՝ աղոթքը կամ հավատն առանց գործերի, ինչպես Ավետարանում է ասվում, մեռած եւ պարապ բան է: Իսկ եթե այս իշխանությունը շարունակի երկիրը կառավարել այնպես, ինչպես մինչեւ այժմ է կառավարել, գուցե խտացնում եմ գույները, բայց կստացվի, որ մի «հիշատակման աղոթք էլ ապրողներիս առիթով պետք գա»՝ այս կամ որեւէ այլ բարոյական առաջնորդի: Աշխարհիկ կամ հոգեւոր՝ կապ չունի…
Այնպես որ, Աստծունը՝ Աստծուն, Կայսրինը՝ Կայսրին:
Չի՛ կարելի աղքատ, իրավազուրկ եւ ոչ ժողովրդավարական երկրում ցնծալ միայն այն պատճառով, որ հանրապետության թիվ մեկ փեսային, «հաջողվեց» Հռոմի պապին «պատարագ մատուցել տալ»՝ ստիպելով «թշնամի» Էրդողանին կատաղությունից ատամները կրճտացնել:
Ավելին՝ չի կարելի մոռանալ, որ ուզենք թե չուզենք, այդ Էրդողանը մեր հարեւանն է, եւ մենք պիտի, այնուամենայնիվ, նորմալ պետությա՛ն, ոչ թե մորթված ցեղի դիրքերից հարաբերություններ հաստատենք Թուրքիայի հետ:
‘