‘Գոհար Սիմոնյան. Անդարդը, կամ՝ հայ-վրացական հարաբերությունների հերն էլ անիծած’

1671

«Эта корова могла бы стать пандой. Но не судьба» (Այս կովը կարող էր պանդա դառնալ: Բայց բախտը չբերեց:)

Հնդկական իմաստություն

Ընդամենը ժամեր առաջ Ուկրաինան, Վրաստանը եւ Մոլդովան ներգրավվեցին Եվրամիության ազատ առեւտրի գոտի, նաեւ՝ անվտանգության եվրատլանտյան համակարգ, ինչը նշանակում է, որ հատկապես շրջափակման եւ Եվրասիական միությանն անդամագրվելու համատեքստում Հայաստանի առջեւ լուրջ մարտահրավերներ են ծառանում՝ գոնե մեր անմիջական հարեւան Վրաստանի հետ հարաբերությունների առումով:

Արդե՛ն իսկ մամուլը տեղեկություններ է հրապարակել այն մասին, որ Սերժ Սարգսյանի վերջին այցը Վրաստան՝ պարզապես ձախողվել է, որովհետեւ նրան չի հաջողվել մեր հարեւանին շահագրգռել Բաղրամյան 26-ի համար ցանկալի հարաբերությունների բանաձեւով: Այն է՝ Վրաստանը մեր միջոցով մուտք կգործի Եվրասիական միություն, իսկ մենք Վրաստանի միջոցով օգուտներ կքաղենք ԵՄ երկրների հետ առեւտրի ու առհասարակ ամենատարբեր հարաբերությունների դաշտում: Վրացական կողմը, ըստ ամենայնի, հրաժարվել է «սերժական ծագմամբ եվրասիական բարիքներից» ու պնդել բացառապես ԵՄ-ում ընդունված հարաբերությունների կարգը:

Սա քիչ էր, այնտեղ էլ ՆԱՏՕ-ի Հրվ. Կովկասի ներկայացուցիչն է պնդել, թե իրենք Վրաստանին հատուկ փաթեթ ունեն առաջարկելու, եւ դատելով մոսկովյան արձագանքներից` տարածաշրջանում, փաստորեն, լարվածության պակաս չի զգացվի: Եթե ոչ, Աստված չանի, ավելի՛ վատ մի բան…

Հիշյալ եւ ո՛չ ամբողջությամբ նկարագրված բարդագույն իրավիճակը, սակայն, «Մելիք-Ադամյան փողոցի քեֆ-ուրախությունը» ոչ մի կերպ չի ստվերում: Ավելին՝ «Սերժին ծովը ծնկներից է թվում», որովհետեւ մտածել-մտածել եւ, էվրիկա՜, հայտնաբերել է, որ մի քանի նախադասություն էլ դժվարությամբ արտաբերող Յուրի Վարդանյանը հենց այն նախկին սպորտսմենն է, կներեք՝ դեսպանը, որն ի վիճակի է ոչ միայն գլուխ հանել այս ամենից, այլեւ մի բան էլ` մեր շահերը լավագույնս ներկայացնել Վրաստանում: Այսինքն՝ այլեւս Եվրամիությունում:

Չխոսենք արդեն Ջավախքի, վրացահայության խնդիրների, միջեկեղեցական թնջուկների եւ այլնի վերաբերյալ…

Վրաստանում ՀՀ նախկին դեսպան, ներկայիս արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այս առիթով չափազանց «խորիմաստ» մի միտք է հայտնել, թե՝ «Սերժ Սարգսյա՛նն է որոշում՝ ում նշանակի դեսպան»: Ավելին՝ հավելել է, թե սպորտսմենն էլ կարող է դիվանագետ լինել, տնտեսագետն էլ, գրողն էլ: Սխալ են, իբր, մոտեցումները դեսպանի ով լինելու վերաբերյալ:

«Հիշու՞մ եք Չինգիզ Այթմատովին: Նա Սովետական միության վերջին տարիներին դիվանագետ դարձավ եւ այնուհետ շատ երկար տարիներ իր երկիրը ներկայացրեց ԱՄՆ-ում»,- ասել է նախարարը եւ, վստահ ենք, բոլորովին չի էլ ամաչել՝  «ով ասես, կարող է դիվանագետ լինել» տեսության, ապա Չինգիզ Այթմատովին սկանդալային այս գրպանաբնակի հետ համեմատելու համար:

Բայց Հովհաննես Մանուկյանն, իհարկե, մեղք չունի կամ մեղավոր է այնքանով, որքանով ինտեգրված է Բաղրամյան 26-ին:

Գլխավոր մեղավորն այս պատմության մեջ Սերժ Սարգսյանն է, անշուշտ, որն ինքն իրեն կեսար երեւակայելով՝ շուտով երեւի «իր ձիուն էլ սենատոր կկարգի» գլխներիս: Այս մարդու համար դիվանագիտական կորպուսը կամ «փչացած ապրանքների պահեստարան», կամ անձնական ծառայությունների մատուցման միջոց է,  ոչ թե երկրի արտաքին հարաբերությունները վարելու հնարավորություն: Այդ պատճառով էլ ինքն իրեն իրավունք է վերապահում ծաղրել մեր հասարակությանն ու, օրինակ, Ազնավուրի պես մեծ մարդուն՝ նրան դեսպան նշանակելով Շվեյցարիայում, իսկ այս պարագայում էլ մեջտեղ բերել ահա Յուրի Վարդանյանին, որին երեւի թվում է, թե կոմունիկացիաներին մերձ լինելով՝ այլեւս կհեշտանա սեփական որդու թմրաբիզնեսի «կարգավորումը»: Հայ-վրացական հարաբերությունների կարգավորման հերն էլ անիծած, այսինքն…

Նախորդ հոդվածը‘Սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ’
Հաջորդ հոդվածը‘«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 30-ամյա կալանավոր է մահացել’