‘ Գոհար Սիմոնյան. Անկախության Հռչակագիր, կամ Երկրի Երկինքը…’

1564

1990թ. այս օրը Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանն ընդունեց մեր ժողովրդի կյանքում, թերևս, ամենակարևոր որոշումներից մեկը՝ հաստատելով Հայաստանի հանրապետության Անկախության մասին Հռչակագիրը:

Հենց այս անդրանիկ փաստաթղթով սկիզբ դրվեց Հայաստանի երրորդ հանրապետության անկախացման գործընթացին:

Սրանո՛վ կյանքի կոչվեց սերունդների՝ անկախ պետականության մասին հազարամյա երազանքը:

Այսպես՝ ազատ կյանքի և ստեղծագործ աշխատանքի հռչակմա՛մբ, մեր ժողովուրդն ու նրա քաղաքական սերուցքը դեմ ելան ոչ միայն խորհրդային ամբողջատիրությանը,  այլև մի կողմից՝ այն նիհիլիզմին, որ առկա էր «մարքսիզմ-լենինիզմից դուրս կյանքը չպատկերացնողների» հակաանկախականների, մյուս կողմից՝ «չափազանցնող հայրենասերների» շրջանում տիրող մանկական-իռացիոնալ այն խանդավառությանը, որով ուրիշները պատրաստվում էին «միայն մի Ջերմուկով Հայաստան զարգացնել»…

Գլխավոր հաճույքն, իհարկե, օրվա տասնվեց տարեկաններինս էր, ովքեր ոչ միայն իրենց անձնական հասունության շրջան էին մտնում Անկախ Հայաստանի առաջի՛ն անձնագրերը ստանալու հույսով, որը շուտով իրողություն էր դառնալու, այլև Ազատության հրապարակի ու Անկախության Հռչակագրի անփոխարինելի դաստիարակությամբ:

Անկախության Հռչակագրի Հայաստանն իսկապես Երկիր էր՝ Երկնքով: Ամբողջակա՛ն, կու՛ռ, լիիրա՛վ:

Ակնկալվող դժվարությունները գիտակցող, բայց նաև՝ դրանք հաղթահարելուն պատրաստակամ, ուժե՛ղ…

Ու թեպետ Հայաստանը դեռևս ԽՍՀՄ կազմում էր, և դեռ չէր օգտվում իրական պետական անկախությունից, բայց հիմա՛ արդեն ակնհայտ է, որ ի տարբերություն խորհրդային մնացած պետությունների, մենք ունեինք մեր արթնացած Ժողովրդին արժանի գիտակից առաջնորդներ, ովքեր Հայաստանի անկախությանը հանգեցրած ողջ գործընթացը տարան իրենց ուսերին հնարավորինս անցնցում, և որ ամենակարևորն է՝ դեռևս գործող օրենքների տառին անգամ համապատասխան:

Անկախության հռչակագիրն, ուրեմն, որ ընթերցվեց Արամ Մանուկյանի կողմից, նախ և առաջ ճշմարիտ իրավական ուժ ունեցող փաստաթուղթ էր. դրանով դադարեցվում էր ԽՍՀՄ Սահմանադրության գործողությունը Հայաստանում, ետ էին վերցվում Կենտրոնին պատվիրակված լիազորություններն ու իրավունքները և մեր ժողովրդի անունից հանդես գալու միա՛կ իրավունքը վերապահվում էր բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին։

Հայաստանն իրեն հայտարարում էր միջազգային իրավունքի սուբյեկտ, իրավունք էր վերապահում այլ պետությունների հետ անմիջական հարաբերություններ հաստատել՝ առանց Մոսկվայի, վարել անկախ արտաքին քաղաքականություն, ինքնուրույն և անմիջապես մասնակցել միջազգային կազմակերպությունների գործունեությանը։

Երկրի անվտանգությունը և նրա սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետությունն իրեն իրավունք էր վերապահում ստեղծել Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական և հասարակական անվտանգության մարմիններ։

Հռչակագիրը նաև անչափ կարևոր, իրեն ճանաչելի դարձնող պետական ատրիբուտներ և ուղերձներ էր պարզում աշխարհին. հաստատում էր պետական եռագույն դրոշը, որով ընդգծում էր իր շարունակական կապը Առաջին հանրապետության Եռագույնի հետ, և զինանշանը, որը նույնպես Առաջին հանրապետության խորհրդանիշն էր։

Ի դեպ, իբրև առաջին ծրագրային փաստաթուղթ, Անկախության Հռչակագիրն ուղերձների իր ամբողջականությամբ և քաղաքական գրագիտությամբ զարմացնում է նաև այսօ՛ր:

Նախ՝ այն անդրադառնում էր մարդու իրավունքների հարգմանը, խղճի, կուսակցությունների, ժողովների, մամուլի ազատությանը, հայտարարում էր Հայ առաքելական եկեղեցու իրավունքների վերաբերյալ, ապա նաև շոշափում էր  հայերենի՝ իբրև միակ պետական լեզվի հարցը, և հռչակում, որ Հանրապետության ներքին ամբողջ գործավարությունը պետք է իրականացվեր միայն հայերենո՛վ (կարևոր մի պայման, որ այսօր ամենուրեք խախտվում և բռնաբարվում է տեսքով տարոնա-նժդեհական, բնույթով՝ նեոբոլշևիկ Հանրապետական կուակցության, դրա առաջնորդի ու կառավարության կողմից…)։

Հռչակագիրը զանց չէր առնում նաև նոր տնտեսական հարաբերություններ ասվածը:

Դրա տնտեսական բաժնում նախ հռչակվում էր, որ Հայաստանի տարածքում հողը, նրա ընդերքը, ձեռնարկությունները, ամեն բան համարվում են հայ ժողովրդի սեփականությունը, ապա նաև հաստատվում, որ կառուցվելիք տնտեսության և հարաբերությունների հիմքում պետք է ընկած լինեն մասնավոր սեփականատիրական, ազատ շուկայական հարաբերությունները, իսկ որ ամենակարևորն էր՝ սեփական դրամային համակարգը:

Այսպիսով, Հռչակագիրն իսկապե՛ս հնարավորինս ամբողջական էր, և այն լավագույն վեմը, որի վրա, որի հռչակած արժեքներով պիտի առաջ ընթանար ոչ միայն պետականաշինությունը, այլև մեր հանրությունն ընդհանրապես:

«Ժանտախտի բացիլի նման մեր ընդհանրական մարմնում ննջած» նեոբոլշևիկներին, սակայն, ինչ-որ պահի հաջողվեց անասելի դժվարությունների, երկրաշարժի հետևանքների հաղթահարման և Արցախյան պատերազմի միջով ընթացող իշխանության և ընտրված ճանապարհի նկատմամբ կասկած սերմանել: Նաև գործընթացը չասենք՝ կասեցնել, բայց խոտորել 1998-ի պետական հեղաշրջմամբ:

«Պարտվողականությանն ու դավաճանությանը» դեմ ելած «ապոլիտիկ հայրենասերներին», ապա նաև՝ տարոնա-նժդեհականներին, հաջողվեց Ազատության հրապարակի ժողովրդին մոլորեցնել ու պղծել նախ՝ Անկախության Հռչակագրում, ապա նաև՝ Սահմանադրությա՛ն մեջ ամրագրված  ցանկացած արժեք:

Իսկ որ ամենացավալին է՝ սեփական աթոռը անխախտ պահելու նպատակով սրանք աճուրդի դրին հազարամյակների երազանք պարունակող երկրի Անկախությունը, այն կրկին դարձնելով հերթական ուտուշ-խմուշի ընթացքում հնչող անուն՝ առանց բովանդակության: Երկիր՝ առանց Երկնքի…

Ուրեմն, 2008-ի Ազատության հրապարակը հենց այս կորստյան ընթացքը կասեցնելու նպատակով փոթորկվեց:

Հենց այստե՛ղ սկիզբ առավ Անկախության վերանվաճման գործընթացը, որը, ցավոք, դեռ իր հաղթական հանգրվանին չի հասել, բայց նաև չի սպառել հույսը, որ Անկախության հրապարակը դարձյալ Թատերականի վերածած նեոբոլշևիկներն այս անգամ էլ են սրբվելու են Երկրից:

Ընդմի՛շտ:

Ու վերադառնալու՛ է Երկրի Երկինքը:

Ու շողալու՛ է Լուսո Աստղը:

Ու վառվելու՛ է Կյանքի Արեգակը:

Ու մեջքը ուղղա՛ծ է քայլելու այս ժողովուրդը:

Եւ հարատևելու՛ է Ազատության հրապարակում սկիզբ առած Պետությունը՝ Արցախ աշխարհի հետ միասին:

Այսօր և մի՛շտ: 

Նախորդ հոդվածը‘Դիեգո Սիմեոնեն թեթևակի հարվածել է մրցավարի оգնականի ծոծրակին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ծաղկեփունջ Մերկելի համար Պորոշենկոյի կողմից. «Ո՞վ է ասում, որ ռոմանտիկան մահացել է»’