‘Գոհար Սիմոնյան. «Առաջացանք» մինչեւ 1.5% տնտեսական անկում’

1924

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը Հայաստանի ընթացիկ տնտեսական տարվա համար արդեն երկրորդ հոռետեսական կանխատեսումն է անում եւ, ըստ այդմ, փորձագիտական մակարդակով հաստատում, որ տարվա վերջում Հայաստանը շուրջ 1.5%  տնտեսական անկում է գրանցելու:

Ի միջի այլոց, սա ամենավատ ցուցանիշն է ԱՊՀ երկրների շարքում: Իսկ եթե հաշվի առնենք, որ հարեւան Վրաստանի համար ՎԶԵԲ-ը 2.5%, իսկ Ադրբեջանի համար՝ 1.5%-անոց տնտեսական աճ է կանխատեսել (եւ դա այն դեպքում, երբ Վրաստանն էլ, մեզ պես, նավթ չունի, իսկ Ադրբեջանի տնտեսությունը, նույն նավթի գների անկման պատճառով, ոչ պակաս խնդիրներ ունի), ստացվում է, որ մեր երկիրն իսկապես «ռեկորդ է սահմանում»:

Անշուշտ, հիմա եթե մեր կառավարությանը հարցնես, այստեղ անպայման կհայտարարեն, որ իրականում մեր տնտեսության վիճակն այնքան էլ անհուսալի չէ, եւ որպես ապացույց՝ հպարտությամբ կհիշատակեն, որ 2015 թվականի առաջին եռամսյակում, օրինակ, հարկային մարմինների կողմից հավաքագրված հարկերի ծավալն ավելացել է 2.9 միլիարդ դրամով:

Բայց ոզնուն էլ պարզ է, որ հարկային տեռորի գործադրմամբ հավաքագրված հարկերը դեռեւս ոչինչ չեն նշանակում: Ավելին՝ դրանք ընդամենն ավելի՛ են մոտեցնում տնտեսության «օղորմաթասը խմելու» պահը, որովհետեւ հարկային մարմիններն իրականում հատկապես փոքր ու միջին բիզնեսին են «փուռը տվել»:  

Դրա ապացույցն, ի դեպ, ոչ միայն մեր աչքի առջեւ ամեն օր փակվող խանութները, կրպակներն ու մնացած փոքրիկ տնտեսություններն են, այլեւ վերը նշված ժամանակահատվածի համար 1000 խոշոր հարկատուների ցանկը, որ մայիսի չորսին հրապարակվեց ֆինանսների նախարարության կողմից:

Ըստ այդմ՝ չնայած այն բանին, որ խոշոր հարկատուներն, ընդհանուր առմամբ՝ նվազեցրել են իրենց վճարած հարկերը  2 միլիարդ դրամով կամ 1.3%-ով, այդուհանդերձ, ակնհայտ է, որ առաջին հիսուն խոշորագույն հարկատուների կողմից վճարված հարկերի չափաբաժնում ոչ միայն նվազեցում չի նկատվել, այլեւ, մի բան էլ, ավելի շատ են հարկ վճարել, քան անցած տարվա նույն ժամանակամիջոցում:

Ինչպե՞ս կարող էր նման բան լինել՝ կհարցնեք:

Եզրակացությունը մեկն է՝ որքան փոքր են ընկերությունները, այնքան ավելի շատ են նվազեցրել իրենց վճարած հարկերը, իսկ նրանք, ովքեր ներառված չեն ցանկում, կա՛մ վնասով են աշխատել, կա՛մ հազիվհազ  շնչել՝ օրվա հացի խնդիր հոգալով,  եւ կա՛մ էլ, ինչպես նկատեցինք, դադարեցրել են իրենց գործունեությունն ընդհանրապես:

Ուրեմն, անկախ կառավարության հավաստիացումներից, ահա այս եւ մնացած շատ այլ հանգամանքներ է հաշվի առել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկն իր զեկույցում, որն առանց այդ էլ դեռ հունվարի՛ն մխիթարության տեղ չէր թողնում, երբ կանխատեսում էր, թե 2015 թվականին մեր տնտեսությունն ունենալու է  զրոյական աճ՝ կապված Ռուսաստանի տնտեսության խորացող ճգնաժամի հետ:

Սարսափելի բան է. ստացվում է, որ եռամսյակը մեկ մեր վիճակը շեշտակիորեն վատանում է, որովհետեւ հունվարից էլ ընդամենը երեք ամիս առաջ, այսինքն՝ 2014-ի հոկտեմբերի վերջին,  Եվրոբանկի կանխատեսումներն ընթացիկ տարվա համար դրական էին՝ սպասվում էր 3.5% տնտեսական աճ…

Հիմա թե ինչպես է այս ամենը բացատրելու կառավարությունը, որը պետական բյուջեում 2015 թվականի համար  4.1% -ի աճ է խոստացել, անհայտ է: 

Մյուս կողմից էլ՝ բացատրե՞լը որն է:

Իրենք անում են այն, ինչ ուզում եւ ինչպես ուզում են՝ հույսները դրած մեր ժողովրդի կարճ հիշողության վրա:

Ինքներդ հիշեք՝ երե՞կ չէր, որ Սերժ Սարգսյանը խոսում էր  նվազագույնը 7% տնտեսական աճի մասին եւ պնդում, թե ցանկացած կառավարություն, որը դրանից պակաս ցուցանիշներ կունենա, կհամարվի անարդյունավետ կառավարություն:

Երե՛կ էր, իհարկե, բայց ու՞մ պետքն է:

 

Նախորդ հոդվածը‘Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է’
Հաջորդ հոդվածը‘Պատգամավոր. Ցարնաևի մահապատժի վճիռն արդարացի է’