‘
«Մի երկիր չի՛ կարող պատանդ դառնալ
իր հիվանդ զավակների սանձարձակ երևակայության ձեռքում»
Ավետիս Հարությունյան
Դժվար չէ հասկանալ, թե սահմանի երկայնքով նյութվող ամենօրյա սադրանքներով ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևը:
Մի կողմից փորձում է տեղը տեղին «կերակրել Բաքվի ռազմա-հայրենասիրական ուժերին»՝ այդկերպ վառ պահելով մի գեղեցիկ օր «Շուշայում դրոշ ծածանելու» ադրբեջանական չլինելիք ցնորքը, մյուս կողմից փորձում է քաղաքակիրթ աշխարհում լայն արձագանք գտնող իր բռնապետական վարքը նաև ադրբեջանական հանրության ներսու՛մ քննարկելու հնարավորությունն իսպառ խափանել, դե իսկ ամենավերջում՝ «ծեծում է այնտեղ, որտեղ առանց այդ էլ սերժսարգսյանական կարկուտն է ծեծել»:
Ի՞նչ կա, որ. թերևս մտածում է՝ «խելառի տերն անձամբ Ալլահն է». գուցե նաև հաջողի մի կարգին առաջխաղացում գրանցել՝ այդկերպ «ծածկելով իր նեխած վերքերը»…
Մեզ համար, ուրեմն, խնդիրը հեշտերից չէ:
Մանավանդ՝ ներկայիս բացարձակ անիշխանության և արտգործնախարարության «մեռած ու թաղած չլինելու» պարագային: Այն արտգործնախարարության, որին Բաքվի բռնապետը «շռայլ նվերներ է անում» իր սխալներով և հաստատ զարմանում, թե Էդիկ Նալբանդյանը ոնց է բաշարում՝ այդ ամենից մազ անգամ օգտվել…
Բայց այս փաստերի շարադրումից ի՞նչ է փոխվում, ախր, եթե նաև չենք պատասխանում «ինչ անել» հարցին:
Ի վերջո, ակնհայտ է, որ այսպես շարունակել չի՛ կարելի. տարին նոր է սկսվել, իսկ մենք արդեն 10 զոհ ունենք:
Հետո՞ ինչ, որ հաղորդվում է հակառակորդի «մեծ թվով կորուստների» մասին:
Նախ՝ խելքը գլխին մարդուն երբեք չես ուրախացնի զոհերի թվաքանակով, որ կողմից էլ դրանք լինեն: Բացի այդ՝ Ադրբեջանը թվային գերակշռություն ունի մեր նկատմամբ, և, թող ներվի ինձ, բայց նրանց չգիտեմ էլ՝ քանի զինվորի կորուստը «համարժեք կարող է լինել» մեր մեկ զոհին…
Ուրեմն, չնայած լավ գիտեմ ոմանց ցինիզմի աստիճանն ու այն հանգամանքը, որ էլի պիտի ասեն՝ «արջը յոթ երգ գիտի, յոթն էլ մեղրի», այսինքն՝ իշխանափոխության մասին, բայց իսկապես մեզ այլ տարբերակ չի մնում:
Արագ և բացարձակապես խաղաղ եղանակով իշխանափոխությունը միակ ելքն է, որից պիտի կառչենք:
Չեմ ասում՝ դրանից հետո բոլոր խնդիրները մի հարվածով լուծվելու են, բայց եթե պետությունը որպես այդպիսին սկսի նորից գործել, եթե երկիրը նորից ընտրված նախագահ, ապա՝ նորմալ վարչապետ, ԱԺ նախագահ, արտգործնախարար և այլ պաշտոնյաներ ունենա, դրանից հետո գուցե հնարավոր լինի ոչ միայն արժանապատվորեն անցնել բանակցությունների հաջորդ փուլին, այլև «հայտնաբերել այն գրասենյակները», որտեղ աշխարհաքաղաքական իրողությունների ձևավորման «կոճակներն են պահվում»:
Որովհետև, ինչպես կարդացածս վերլուծություններից եմ հասկանում, տարածաշրջանում ժամանակին հաշվի չառնված սպառազինության մրցավազքը կասեցնելու, ռազմական հավասարակշռության հաստատման և Ադրբեջանի սուլթանին զսպելու խնդիր կա՝ մեկ, հնարավոր է՝ այդ հարցում նույնիսկ միմ քանի դաշնակիցներ ունենանք, ոչ թե անգամ մեկ, բայց դրա համար մարդ է պետք, ում հետ կարող են հաշվի նստել: Նաև՝ վստահել:
Սրա հետ համաձայն են կարծեմ արդեն նույնիսկ նրանք, ովքեր դեռ երեկ հույսեր էին տածում «բարի և եռանդուն» Սերժ Սարգսյանի նկատմամբ…
‘