‘
Վերջին օրերին շատերն են զայրույթով արձագանքել Սփյուռքի, իսկ իրականում՝ Դրամահավաքության նախարար Հրանուշ Հակոբյանի գռեհիկ պոռթկմանը, որով նա հայտնի Սերժ Թանգյանին ու «մնացած պարոններին» կոչ էր անում իշխանություններին քննադատելու փոխարեն հազարական դոլար ավանդ ներդնել հայաստանյան բանկերում՝ զարգացնելով Հայաստանը:
Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Սերժ Թանգյանն արդե՛ն իսկ մեր փոքրիկ երկրի անունն աշխարհում ճանաչելի դարձնելու համար այնքան բան է արել, որ Հրանուշ Հակոբյանը մի քանի կյանք վերամարմնավորվելուց հետո էլ չի հասցնի գլուխ բերել:
Չխոսենք այն մասին, որ անկախության տարիներին Սփյուռքը ոչ թե հազարավոր, այլ միլիոնավո՛ր դոլարներ է տրամադրել Մայր Հայրենիքին, եւ առանձին բացառությունները չհաշված՝ հայտնի չէ, թե այդ գումարներն ինչին եւ ում բարօրությանն են ծառայել իրականում՝ մեր քաղցած ազգակիցներին մասնավոր տրանսֆերտների ձեւով կերակրելուց բացի:
Չխոսենք նաեւ մի շրջան համարյա ամեն օր մամուլում հայտնվող պատմությունների մասին, որոնք հենց «ազգային իշխանությունների» կողմից «քցված» եւ Հայաստանից ընդմիշտ հեռացած սփյուռքահայ գործարարներին էին վերաբերում:
Քաղաքավարի կերպով լռենք այն ցինիզմի մասին, որով սրա՛նք են խոսում Սփյուռքի մասին ու նրա ներկայացուցիչների հետ, եւ նկատենք միայն, որ այս իշխանությունների կողմից, փաստորեն, սփյուռքահայի բաց դրամապանակն է միայն սիրով ընդունվում: Իսկ անարդարության, կոռուպցիայի, լֆիկական մենաշնորհների մասին քննադատությունը բացարձակապես չի խրախուսվում:
Բայց սա՛ էլ մի կողմ, որովհետեւ այս պահին ինձ բոլորովին ուրիշ հարց է հետաքրքրում:
Հետաքրքիր է՝ երբ Սերժ Սարգսյանը, նաեւ՝ նրա ետեւից մարզերն ընկած Հրանուշ Հակոբյանն ու մյուսները, նախընտրական քարոզարշավ էին ծավալում, իրենց աշխատանքի՞, թե՞ Սերժ Թանգյանի ու «մնացած պարոնների» հազար դոլարներո՛վ էին պատրաստվում «առաջ տանել» Հայաստանը, երկնիշ թվերով տնտեսական աճ ապահովել, բնակարան տրամադրել ամեն մի նորակազմ ընտանիքի, ապահովել բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ, Գյումրին տեխնոպարկ դարձնել, Դիլիջանը՝ տուրիստական կենտրոն, Հայաստանը՝ Հրվ. Կովկասի ֆինանսական մայրաքաղաք, իսկ Հայկական լեռնաշխարհը՝ բոլոր հայերի ծաղկուն եւ երջանիկ բնակատեղի:
Եթե այո՝ բարի լինեին, հայտարարեին, այս ժողովուրդն էլ իր անելիքը իմանար եւ Սերժ Սարգսյանի փոխարեն, օրինակ, գնար Քըրք Քըրքորյանին նախագահ ընտրեր (ով ավելի քան 5 միլիարդ դոլար է ներդրել այս երկրում), կառավարության փոխարեն էլ «սփյուռքի մնացած պարոններից» կազմված կոլեգիալ մի մարմին ձեւավորեր: Ասեմ ավելին՝ եթե տարին մի անգամ աշխարհի բոլոր հայերը հազար չէ՝ մեկական դոլար էլ ներդնեին, ու դա բաշխվեր մեր հայրենակիցների միջեւ, առանց ՀՀԿ-ի էլ «աղի պես կապրեինք»:
Բայց մենք պետության մասին ենք խոսում, չէ՞, գրողը տանի: Եւ եթե սրանք իրենց թիմի ու կոնկրետ ներկայացուցչի քարոզարշավն են ծավալել պետության մեջ, այդ դեպքում արդեն պարտավոր են բոլորիս բացատրություն տալ, թե ինչի՞ արդյունքում են ներդրումները միայն 2009-13թթ. պաշտոնական տվյալներով նվազել 43, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ համարյա 100%-ով: Ինչու՞ է ավելացել արտագաղթը, երկրի արտաքին պարտքը եւ աղքատության մակարդակը, ինչու՞ նույնիսկ մեր հայրենակիցնե՛րը չեն կամենում մեր պետության հետ եւ պետության մեջ գործ ունենալ:
ՀՀԿ-ականների լավ աշխատանքի՞, հարկային տեռորի ու օրումեջ բստրած փոփոխությունների՞: Իսկ գուցե մեր արդար՝ աշխարհում չլսված-չտեսնված դատական համակարգի՞ շնորհիվ, որտեղ ցանկացած, այդ թվում՝ տնտեսական վեճ, միայն ու միայն արդարացի լուծում է ստացել եւ ստանում:
«Հայկական սփյուռքի գործարարները պարզապես վախենում են Հայաստանում բիզնես սկսել, իսկ դրա պատճառը անասելի բյուրոկրատիան, կոռուպցիան եւ անվստահելի դատական համակարգն է»,- վերջերս հայտարարել էր Լիբանանում Սոցիալ-հնչակյան կուսակցության ներկայացուցիչ Ալեքսան Քեշքերյանը:
«Հայաստանը պիտի բաց լինի օտարերկրյա ներդրողների համար: Միայն այդ մասին խոսելով՝ ներդրումներն իրենք իրենց չեն գա»,- հայտարարել էր ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Հեֆերնը, եւ նոր դեսպանն էլ նշանակումից մի քանի օր անց նույն բանը կրկնեց:
Հիմա գոնե պա՞րզ է տկն. Հակոբյանին, թե ինչու են խուսափում հայերն ու մնացածները Հայաստանում ներդրումներ անելուց:
Եւ ընդհանրապես՝ ինչու՞ պիտի նրանք իրենց հազարավոր դոլարները վստահեն մի համակարգի, որն, օրինակ, գյուղացուն, հաց ստեղծելու հարցում օգնելու փոխարեն՝ նրանի՛ց է «հաց քամում»: Ո՞ր մի սփյուռքահայը կարող է վստահ լինել, որ իրեն կոպեկներ չեն տրամադրի իր ավանդի դիմաց, իսկ հետո ինչ-որ աշոտսուքիասյանների, կճոյանների ու տիգրանսարգսյանների հետ այդ փողերը չեն տանի օֆշորներում պտտեն՝ ինչպես հայտնի պատմությամբ պատահեց:
Այնպես որ՝ Հայաստանը հիվանդ է, «հարգելի» ՀՀԿ-ականներ, եւ դրա մեղավորը դուք եք: Դու՛ք, որ հիվանդացրիք նրան, բայց բժշկի դերում եք հանդես գալիս:
Չեմ ասում՝ վիճակն անհույս է: Ավելի վատթար վիճակում գտնվողներն էլ են եղել: Օրինակ՝ Մալայզիան, որն այժմ բավական զարգացած երկիր է:
«Մեր երկիրը կարճ ժամանակում տնտեսական ճահճում եղող երկրից դարձավ Ասիայի ամենահարուստ երկրներից մեկը: Բայց դրանից առաջ աղքատ էր: Աղքատներն ատում էին հարուստներին, նրանց միջեւ առկա անդունդը գնալով ավելի էր մեծանում, մարդիկ թրեւ էին գալիս անաշխատանք, գործազրկությունն արդեն երկրի կայունությունն էր վտանգում: Եւ մենք հասկացանք՝ ներդրումնե՛ր են անհրաժեշտ: Թեպետ գիտեինք, որ կապիտալի համար ռիսկը մեծ է լինելու: Այդ ժամանակ մենք լայն բաց արինք երկրի դռները՝ րոպեների հարց դարձնելով բիզնեսի գրանցումը: Նաեւ՝ լիցենզիաներ ասվածը մի կողմ դրինք եւ արտոնություններ տվինք բոլոր ներդրողներին: Կապ չունի՝ որտեղից: Սկզբում նրանք հարկեր չէին վճարում, վստահում էինք տարին մի անգամ տրվող հարկային հաշվետվություններին, ուշադիր էինք ցանկացած տնտեսական վեճի արդար լուծման հարցի նկատմամբ, եւ միակ պարտադրանքը աշխատատեղերն ու ժամանակին աշխատավարձ վճարելն էր: Մենք մտածեցինք հետեւյալ կերպ՝ այսպես թե այնպես՝ վատ է, ենթադրենք՝ նրանք էլ չէին եղել, ի՞նչ էինք անելու: Հիմա գոնե հազարավոր ընտանիքներ կուշտ են: Այդպես՝ մի քանի տարի, մինչեւ որ սկսեցինք հարկերի տեսքով ներկայանալի գումարներ ներգրավել պետական գանձարան»,- վերջերս իր երկրի «տնտեսական հրաշքի» մասին էր CNN-ով, թե BBC-ով պատմում Մալայզիայի նախկին վարչապետ Մոհամադ Մահաթխիրը:
Թվում է՝ պարզ բաներ են, չէ՞: Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ է համարյա ամեն օր այս մասին խոսում Ազգային ժողովում: Բայց լսո՞ղն ով է: Հրանուշ Հակոբյանը ինքը կուշտ է, հիմա էլ մի քանի բանկիրի համար է ուզում «գործ կպցնել»՝ ակնհայտ է:
‘