‘Գոհար Սիմոնյան. Բոլորն իրենց բախտից են բողոքում, խելքից՝ երբե՛ք…’

1856

Զարմանալ կարելի է, թե ինչպես է մեր հասարակությունն առաջնային խնդիրները ստորադասում թող որ այդ պահին շատ կարևոր թվացող, այնուամենայնիվ՝ երկրորդակա՛ն հարցերին, և ինչպես  են ոմանք պատճառը հետևանքի հետ շփոթում:

Մաքսային, այժմ արդեն՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու սերժսարգսյանական որոշումն, օրինակ,  իսկ դրանից առաջ՝ «Եվրոպա, թե Ռուսաստան» ինքնին կեղծ հարցադրումը, հանրության ակտիվ շրջանում ի սկզբանե սկսեց քննարկվել մի տեսակ Բաղրամյան 26-ից ու Սերժ Սարգսյանից դուրս՝ անհասկանալի-իրականության հետ որևէ աղերս չունեցող հարթության մակարդակում: Ասես չգիտակցելով, որ Եվրոպային ինտեգրվելուց անմիջապես հետո Սերժ Սարգսյանը միանգամից ժողովրդավար ու ընտրված նախագահ չէր դառնալու, իսկ Մաքսային միությանն անդամակցելու պարագային ավելի ռեպրեսիվ չէր դառնալու, քան կար:

Շատ պարզ պատճառով՝ եթե քեզ «պաշտոնապես» բռնապետ չես հայտարարում, ավելի վատ կառավարիչ լինել, քան էր և կա՛, ուղղակի հնարավոր չէ:

Ուրեմն, հիմա նույնիսկ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ տարիներ շարունակ, և չարաբաստիկ սեպտեմբերի 3-ից հետո էլ, մեր քաղաքական դաշտն ու հանրության ակտիվ հատվածը, միտումնավոր կամ պարկեշտ մոլորությամբ, ոչ միայն չհասկացավ, որ երկրի հիմնական խնդիրը իշխանափոխությունն է և Կոնգրեսի շուրջ համախմբվելու փոխարեն՝ սկսեց մի բան էլ ի՛նքը հարվածել նրան, այլև, կամա, թե ակամա, «ջուր լցրեց» Սերժ Սարգսյանի ջրաղացին՝ «Եվրոպա, թե Ռուսաստան» բանավեճի կրքոտությամբ, դիցու՛ք, Ընտրական օրենսգրքում փոփոխություններ չպահանջելով…

Ոչ ոք չի ուզում հասկանալ, որ մեր դժբախտությունը ոչ թե այս ու այն կողմնորոշումն է, այլ չընտրված իշխանության հանդուրժումը: Եւ որ՝ այդպիսի իշխանություն ստացանք նաև առկա Ընտրական օրենսգրքի՛ պատճառով:

Հենց այսօր էլ, տեսե՛ք, ԱԺ մատույցներում «դավաճան» են հռչակվում բոլոր նրանք, ովքեր կողմ կքվեարկեն՝ ելնելով Հայաստանին սպասվող քաղաքական հետևանքներից, բայց, չգիտես ինչու, բոլորը մոռացել են Ընտրական օրենսգրքի և այն մասին, որ նաև ա՛յդ օրենքի միջոցով է հնարավոր եղել այսօրը:

Այո՛, ոչ ոք չի խոսում այն մասին, որ նույն պատգամավորները, 54 դեմ, 59 դեմ և 4 ձեռնպահ ձայներով, մերժեցին Ընտրական օրենսգրքում բարեփոխումներ անելու՝ ոչ իշխանական ուժերի առաջարկն ու միայն համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնելու հրամայականը:

Խոսում և բողքում են միայն ԵԱՏՄ-ի դեմ, առանց իրենք իրենց հարց տալու՝ իսկ ու՞մ դեմ են բողոքում՝ Պուտինի՞, թե՞ Սերժ Սարգսյանի…

Այդպե՛ս է, ինչպես արդեն նկատեցինք, մենք ոչ միայն շփոթում ենք պատճառն ու հետևանքը, այլև, քաղաքական կարճատեսությամբ, մոռացության ենք տալիս երեկը՝ կորցնելով բոլոր հետքերն ու ինքներս մեզ դատապարտելով երբևէ ճիշտ որոշումներ չընդունելու մտագարության:

Իսկ երեկ, ի դեպ, չափազանց կարևոր բաներ էին տեղի ունեցել, որ հատկապես այսօր արժեր նորի՛ց վերհիշել:

2008-ը դեռ մի կողմ թողնենք, որովհետև այն ամեն տեսակ երևակայությունից դուրս մի բան էր: 2011 թվակա՛նը դիտարկենք և մեջբերենք Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ 2011թ. 28-ի հանրահավաքում հնչած ելույթից  երկարաշունչ մի հատված:

Ոմանց հիշողությունն, ախր,  կարծես թե, թարմացնել է պետք. չտեսա՛նք, որ օրերից մի օր էլ այս բողոքողներն, օրինակ, Տեր-Պետրոսյանի հնչած մտահոգությունները դրոշակ դարձնեն:

Բայց գանք մեջբերմանը.

«Ինչպես ձեզ հայտնի է, իշխանության հետ սկսված երկխոսության շրջանակում, Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակությունն առաջարկել էրօրենսդրական փոփոխությունների և այլ միջոցառումների մի ամբողջական փաթեթ, առանց որոնց իրականացման պարզապես անիմաստ է խոսել երբևէ Հայաստանում օրինական ընտրություններ անցկացնելու հնարավորության մասինՇուրջ 500000 ավելորդ քվեաթերթիկների տպագրության հարցը, անցյալ նախագահական ընտրություններից առաջ, մի քանի անգամ բարձրացրել եմ միջազգային դիտորդական առաքելությունների առջև, ի զարմանս ինձ, հանդիպելով նրանց քար անտարբերությանը։ ԺՀՄԻԳի 2008թ. մայիսի 30-ի վերջնական զեկույցում այդ առթիվ արված է սոսկ հետևյալ մերկապարանոց հայտարարությունը. «Թեկնածուներից մեկի բազմակի պնդումն այն մասին, թե 500000 ավելորդ քվեաթերթիկ է տպագրվել, անհիմն դուրս եկավ» (§ VIII)։ Իսկ թե ինչպես է դա անհիմն դուրս եկել, հայտնի չէ։ Wikileaks-ի հրապարակած մի ուշագրավ փաստաթղթից պարզվում է, սակայն, որ այդ հարցին շատ ավելի լրջորեն են վերաբերվել 2007թ. խորհրդարանական ընտրությունները գնահատող դիտորդական առաքելությունները (Wikileaks. 07YEREVAN114)։ Մասնավորապես, «Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի» (IFES) ղեկավար Չեդ Ֆլեգոն Մեթյու Բրայզային հաղորդել է, որ իր թիմը ընտրացուցակում հայտնաբերել է մոտ 470000 քաղաքացիների անուններ, ովքեր այլևս երկրում չեն ապրում, բայց որոնց իշխանությունները օրինական հիմք չունեն հանելու ցուցակից։ Ֆլեգոն նաև հարկ է համարել զգուշացնել, որ որոշ կուսակցություններ, ինչպես , օրինակ, իշխող հանրապետականները, տեղյակ լինելով այս անհամապատասխանությանը, կարող են դա օգտագործել որոշ տեղամասերում հօգուտ իրենց լցոնումներ կատարելու համար։ Երկու այլ փաստաթղթերից տեղեկանում ենք, որ 2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԺՀՄԻԳի դիտորդական առաքելության ներկայացուցիչները գտնվել են Հայաստանի իշխանությունների ուժեղ ճնշման և խիստ վերահսկողության տակ (Wikileaks. 07YEREVAN662, 1241)։

հարցը 2007թ. ապրիլի 26-ին, Ռ. Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ, բարձրացրել է նաև ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Գոդֆրին, նշելով մասնավորապես, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳի դիտորդական առաքելությունն անպայման դրան անդրադառնալու է իր զեկույցներում, բայց ամերիկյան կողմը մինչև ընտրությունների ավարտը հրապարակորեն չի արտահայտվելու այդ մասին՝ քվեարկության նկատմամբ հանրային վստահությունը չխարխլելու համար (Wikileaks. 07YEREVAN522)։ Իր մի այլ զեկուցագրում Գոդֆրին կրկին մտահոգություն է հայտնում, որ իշխանամետ ուժերը, ճշտելով շուրջ կես միլիոնի հասնող բացակա ընտրողների ինքնությունը, կարող են կեղծ քվեաթերթիկներ լցնել նրանց անունով (Wikileaks. 07YEREVAN607)։ Նաև ավելացնում է, որ տվյալ խնդրի լուծումը օրենսդրական կամ կանոնակարգային փոփոխություններ է պահանջում, ինչի շուրջ ԱՄՆ դեսպանատան փորձագետները քննարկումներ են սկսել պետական պաշտոնյաների հետ (Wikileaks. 07YEREVAN522)։

Ցավոք, այդ խնդիրն ինչպիսի սրությամբ առկա էր 2007 թվականին, նույնպիսի սրությամբ առկա է նաև այսօր, և այդպիսին էլ մնալու է, քանի դեռ միջազգային հանրությունը հանդուրժում է նման խայտառակությունը։

Ընտրական ցուցակների հետ կապված մի այլ առեղծված էլ ներկայացնում է ընտրողների թվի տարօրինակ դինամիկանԱյսպես, մինչ 1996թ. նախագահական ընտրությունների ժամանակ ընտրողների թիվը եղել է 2.190.000, մեկուկես տարի անց, 1998-ի տեղի ունեցած ընտրությունների ժամանակ, այն ավելացել է ավելի քան 110000-ով (2.300.816), իսկ 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ արդեն հասել է 2.320.375-ի: Հասկանալի է, որ այս պարագայում ևս մենք գործ ունենք վիճակագրական մի հանցավոր աճպարարության հետ, որի նպատակն, ակնհայտորեն, ընտրությունների կեղծման համար առավել նպաստավոր պայմանների ստեղծումն է։ Ըստ այդմ, ընտրողների թվի ուռճացումը, զուգակցված ընտրացուցակներում երկրից բացակա 500000 ընտրողների ընդգրկման հանգամանքին, այն հուսալի ռեսուրսն է, որն իշխանություններին հնարավորություն է ընձեռում հաղթանակ ապահովել ցանկացած ընտրություններում, մանավանդ եթե նկատի ունենանք, որ այդ ռեսուրսը սովորաբար օգտագործվում է կողմնակի անձանց աչքից հեռու, գլխավորապես, քվեների հաշվման և ամփոփիչ արձանագրությունների ստորագրման փուլերումՀարցերի հարցն, ըստ այդմ, ընտրացուցակների մաքրումն է շուրջ 500000 «ավելորդ անուններից»Կարող են, իհարկե, առարկել, թե բացառված չէ, որ իշխանությունները ընտրությունների ամփոփիչ արձանագրություններում ցույց տան, թե իբր բոլոր 500000 քաղաքացիներն էլ վերադարձել են Հայաստան և մասնակցել քվեարկությանը։ Բայց այս խոչընդոտն էլ հեշտությամբ կարելի է հաղթահարել քվեարկության մասնակիցների մատների թանաքոտման և նրանց կողմից ստորագրված ընտրացուցակների հրապարակայնության ապահովման միջոցով։ Այս կապակցությամբ չեմ կարող ձեր ուշադրությունը չհրավիրել «Ընտրական օրենսգրքի» մի արտառոց հոդվածի վրա, որի համաձայն. «Ընտրողների ստորագրած ցուցակները հրապարակման ենթակա չեն, դրանցից լուսապատճեններ չեն հանվում, դրանք չեն լուսանկարվում և տեսանկարահանվում» (հոդված 11.1)։ Այս կատեգորիկ արգելքն այլ բան չի նշանակում, քան այն, որ այդ ցուցակները հասու չեն ոչ միայն սովորական մահկանացուներին, այլև ընտրությունների արդյունքները վիճարկող ամենավերին ատյանին՝ Սահմանադրական դատարանին։ Թերևս որևէ այլ պետական գաղտնիք այնքան խստորեն չի պահպանվում, որքան խնդրո առարկա ցուցակների պարունակությունը, ինչը մեր իրականության պարագայում լիովին հասկանալի է՝ 1998 թվականից սկսած դա է եղել վարչախմբի գոյատևման ու վերարտադրության գլխավոր երաշխիքը։

Ընտրական գործընթացի խաթարման մյուս աղբյուրը խորհրդարանական ընտրություններում 40 մեծամասնական պատգամավորական տեղերի առկայությունն էԱյդ ամենն իշխանությունների կողմիցխրախուսվում է այն պատճառով, որ մեծամասնական թեկնածուներն, իրենց հաղթանակն ապահովելուց բացի, պարտավորվում են նաև համամասնական ընտրակարգով անհրաժեշտ քանակի քվեներ ապահովել իշխող կուսակցության և նրա կոալիցիոն դաշնակիցների համար։ Այսինքն՝ նրանց առջև ուղղակի պայման է դրվում. եթե ուզում ես պատգամավոր դառնալ, ուրեմն պարտավոր ես այսքան տոկոս ձայն հավաքել իշխանամետ կուսակցությունների օգտինՀետո զարմանում ենք, թե ինչու է մեր պետությունն ընտրությունիցընտրություն ավելի ու ավելի քրեականանում։ Այս արատավոր պրակտիկայի հաղթահարման միակ արդյունավետ միջոցը, հետևաբար, մեծամասնական ընտրակարգի վերացումն է և Ազգային ժողովի բոլոր 131 պատգամավորական տեղերի համալրումը բացառապես համամասնական ընտրակարգով։

Բացի վերը քննարկված բարեփոխումներից, կան նաև մի քանի այլ կարևոր առաջարկներ, որոնց ընդունումը կարող է զգալիորեն նվազեցնել ընտրակեղծիքների հնարավորությունըԴրանցից մեկը բազմակուսակցական ընտրական հանձնաժողովների փոխարինումն է պետության կողմից ձևավորված հանձնաժողովներովիսկ մյուսը՝ յուրաքանչյուր ընտրատեղամասում առավոտյան ժամը 8-ից մինչև քվեների հաշվարկի ավարտը, առնվազն մեկ միջազգային դիտորդի մշտական ներկայության ապահովումըԱհա մի խնդիր, որի շուրջ կարող են համախմբվել բոլոր առողջ քաղաքական ուժերն ու հասարակական կազմակերպությունները։

Հայ Ազգային Կոնգրեսը բազմիցս հայտարարել և այսօր էլ հայտարարում է, որ իր նպատակը ոչ թե սոսկ իշխանության հասնելն է, այլ արդար ընտրությունների միջոցով օրինակարգ իշխանության ձևավորումը, և որ այդ պարագայում պատրաստ է առաջինը շնորհավորել հաղթողին։ Երեքուկես տարի շարունակ մենք հետևողականորեն պայքարել ենքՑավոք, ընդդիմադիր համարվող մնացյալ քաղաքական ուժերից ոչ մեկը, եթե ոչ խոսքով, ապա իրական գործով չի պաշտպանել այս պահանջը, իսկ որոշ մասը նույնիսկ բացահայտորեն դեմ է արտահայտվել դրան, կամա թե ակամա նպաստելով հանցավոր վարչախմբի գոյատևմանը»։ 

Ի՞նչ եք կարծում՝ ինչպե՞ս բացատրենք համոզված «արևմտամետներին», որ եթե դրանից անմիջապես հետո կայացած խորհրդարանական «ընտրություններից» հետո Հայաստանի հարցով  ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող լորդ Պրեսկոտը չգար մեր ԱԺ-ում, լավաշ-բաստուրմա-սուջուխ-կոնյակի ընկերակցությամբ, լայնաբերան ժպտար ու լսեր, թե Դավիթ Հարությունյանը, Սերժ Սարգսյանի հետ միասին, «ինչքան լավ են ինտեգրվում Եվրոպային», եթե պատշաճ ուշադրություն դարձներ ընդդիմության բողոքներին, գուցե այսօր ԱԺ-ում բոլորովին ուրիշ արժեհամակարգով մարդիկ նստած լինեին արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում…

Բացե՛ք 2012թ. հունվարի 16-ի մամուլն ու կարդացեք. «Ջոն Պրեսկոտն անդրադառնալով համամասնական և մեծամասնական ընտրահամակարգերին` ընդդիմության ներկայացուցիչներին ասաց, որ իր կարծիքով, Ընտրական օրենսգրքի բարեփոխումները և բացառապես համամասնական ընտրակարգը չի՛ կարող ինքնին նպաստել ժողովրդավարության խորացմանը: Թեև, ըստ նրա,  սա այն հարցն է, որը պետք է լուծեն տվյալ երկրի կուսակցությունները»:

Պրեսկոտն, իհարկե, ճիշտ կաներ, եթե Մելիք Ադամյանում տեղավորված «կուսակցությունը» սոսկ հիշատակեր, և այդ դեպքում արդեն ամեն բան ճիշտ կլիներ. և իրենք չէին նեղանա, որ իրենց ամենաթողության պայմաններում Սերժ Սարգսյանը «քցեց իրենց»՝ չորս տարի «ինտեգրվելուց  հետո», և մենք կիմանայինք, որ նորմալ է այն իրավիճակը, երբ հերթական անգամ փարիսեցիաբար կառավարությանը կոչ է արվում քննարկել ընդդիմության հետ 12 կետերը, իսկ հետո ԱԺ-ում դեմ են քվեարկում այդ նույն պահանջների 10-րդ կետին: Վերը մեջբերված մնացա՛ծ բարեփոխումների մասին էլ լռե՛նք:

Իսկ դուք բողոքում եք, այն էլ՝ ԵԱՏՄ-ի դեմ:

Գնացեք ձեր խելքից բողոքեք, որովհետև, հայտնի՛ բան է, բոլորն իրենց բախտից են բողոքում, իսկ խելքից՝ երբե՛ք…

Նախորդ հոդվածը‘Ֆինանսների փոխնախարար. Շատ վարկանիշերով Հայաստանն առաջ է անցնում ԵԱՏՄ երկրներից’
Հաջորդ հոդվածը‘«Առավոտ» և «Փաստինֆո» լրատվամիջոցների դեմ գործի քննությունը շարունակվում է’