‘Գոհար Սիմոնյան. Գալուստին ու մյուսներին ուշքի կբերե՞ս Խաչիկյանով…’

1700

Ինձ ո՞վ կբացատրի՝ ինչո՞ւ է Խաչիկյանը բանտում, իսկ, օրինակ, Գալուստ Սահակյանը՝ Ազգային ժողովում: Կամ՝ եթե նա բանտում է, Հովիկ Աբրահամյանն ու թիմի մնացած անդամնե՞րն ինչու են առոք-փառոք բազմել կառավարությունում:

Որովհետեւ ավելի հավատարի՞մ են Բաղրամյան 26-ին, թե՞ որովհետեւ ավելի քիչ են կերել, կամ՝ պակաս ներգրավված են տարատեսակ կասկածելի «պրոյեկտներում»:

Ո՞րն է Բաղրամյան 26-ի տրամաբանությունը, ինչո՞ւ են թիմի մի անդամին շնորհազրկում, անգամ՝ անձնական գույքի բռնագրավման սպառնալիքով, իսկ ահա Բաբուխանյանին՝ պարգեւատրում: Կամ՝ ՕԵԿ-ի Արթուր Բաղդասարյանին, այսքանից հետո էլ, դեռ նոր հեռուստաընկերություն են «նվիրում»:

Կամ՝ թու՛յլ են տալիս ունենալ: Մեր երկրում այս երկուսի տարբերությունն առանձնապես մեծ չէ:

Խաչիկյանի փաստաբանները երեկ դատարանում ինչ-որ անհոդաբաշխ, վախեցած բաներ էին ասում՝ «իրենց պաշտպանյալին մեկուսացնելու հարցում ոմանց շահագրգռության» մասին, իսկ սոցիալական ցանցերն էլ շատ արագ վարկած մեջտեղ բերին, իբր՝ գողոնի մի մասը Խաչիկյանն անձնական նախաձեռնությամբ է կուտակել՝ քիչ է, դեռ մի բան էլ՝ համարձակություն է ունեցել ուր հարկն է՝ «չկիսվել»:

Սա՛ է, ասում են, Խաչիկյանի հետ պատահածի տրամաբանությունը, այլ բ ան չկա՛:

Թե չէ, ինչպես փաստաբաններն են ասում, հաշվի կառնվեր գոնե երկու անչափահաս երեխաներ ունենալու հանգամանքը, բանը չէր հասնի անձնական գույքի բռնագրավմանը, զանց չէին առնվի նաեւ պետության առաջին դեմքերի կողմից՝ Խաչիկյանին տրված այս ու այն՝ մեդալն ասեմ, թե շնորհակալագիրը:

…Բայց եթե այսպես է՝ Հովիկ Աբրահամյանն ու մյուսներն, ուրեմն, ավելի՛ շատ պիտի զգուշանան, որովհետեւ ում շատ է տրվում, նրանից շատ էլ պահանջվում է: Իսկ սրանց պարագայում «ավելի շատն» արդեն առհասարա՛կ վախճանաբանական երանգ է ստանում, ոչ թե  Խաչիկյանից էլ «բեթար օրի» պարզ կանխատեսմամբ է երեւան գալիս:

Թե այսպես շարունակվի, իհարկե՛:

Եթե Մելիք-Ադամյանի շնորհատրվածները շարունակեն ընթանալ էն գլխից դատապարտվածի գծած ճանապարհով…

Չեմ ասում՝ վաղն այս մարդիկ կարող են շատ արագ «ռեաբիլիտացվել», նոր թիմերում ընդգրկվել, նույն հաջողությամբ կարիերա անել եւ այլն, բայց հո կարո՞ղ են կենդանի մնալ՝ իրենց երեխաների գլխին:

Թե՞ այդքան դժվար է ստին, կեղծիքին, ձախողմանը, քո իսկ վերջին հավատարիմ լինել, իսկ պետությանն ու երեխաներիդ վաղվա օրվան՝ ո՛չ:

Լավատե՞ս եմ:

Բնա՛վ:

Օրինակ ունեմ պարզապես աչքիս առաջ:

Ծառուկյանի՛ օրինակը:

Որքան էլ ոմանք շարունակեն պնդել, թե նա անհասկանալի այլընտրանք է՝ ոչ «դիմադիր», ոչ ընդդիմադիր, փաստ է, որ Սերժ Սարգսյանն ու իր կառավարությունն առանց նրա Բարգավաճի այսօր ավելի թույլ են, քան էին առաջ:

Իսկ մեզ հենց այդ էլ պետք է՝ թույլ իշխանություն:

Թող որ՝ առայժմ ինքնահավան, ինքն իրեն ուժեղ ներկայացնող, բայց հաստատապես՝ թույլ, ներսից փտած նավ:

Կգիտակցե՞ն Մելիք-Ադամյանում այս ամենը, թե ոչ, ինչպես արդեն ասինք՝ իրե՛նց համար է կարեւոր, ո՛չ՝ հանրության:

Նրանցով, թե առանց նրանց՝ հանրության համար կարեւորն այն է, որ  մեզնից այլեւս ոչ ոք երբեւէ չգա այն տխուր գիտակցությանը,  որ «այդ Խաչիկյանն ի՛նքն է»:

Որ իր կյանքն ու կարիերան կախված են ընդամենը մի մարդու՝ առավոտյան արթնանալու տրամադրությունից: Իրեն համակարգում փչացնելու, այնուհետ անպետք լաթի պես դեն նետելու կրքից…

Նախորդ հոդվածը‘«Նաիրիտ»-ի տնօրինություն. աշխատողների հնարավոր կրճատումներն արվում են ձեռնարկության ծախսերի օպտիմալացման’
Հաջորդ հոդվածը‘Հ.Աբրահամյանը նաիրիտցիներին առաջարկել է, որ իրենք էլ ներդրողներ գտնեն’