‘
Ես չգիտեմ՝ ով է հովանավորում Ալեքսանդր Ամարյանին ու նրա «Քայքայիչ աղանդներից տուժածների վերականգնողական կենտրոնը», ինչպիսի որակավորմամբ և քանի մասնագետ են աշխատում այդտեղ, վերջապես՝ քանի «աղանդավոր» են կոնկրետ օգնություն ստացել վերոնշյալ կենտրոնում, բայց շատ լավ տեսնում եմ, որ չգիտեմ էլ՝ որտեղից մեր կյանք ներխուժած այս մարդն այլևս ձանձրացնում է բոլորիս և չի խորշում նույնիսկ Գյումրվա ողբերգությու՛նը իր «տաք-տաք քուրաներում թրծել»:
Էլ ո՞նց կլիներ՝ «մեծագույն ջանքերի գնով» պարզել է, որ Ավետիսյանների վեց հոգանոց ընտանիքի անդամներին դաժանորեն սպանած՝ ՌԴ ռուսական ռազմաբազայի զինվոր Վալերի Պերմյակովի հայրը` Պավել Պերմյակովը, աղանդավորական «Вера, Надежда, Любовь» եկեղեցու հոգևոր հովիվն է: Որ այս եկեղեցին պատկանում է խարիզմատիկ եկեղեցիների շարքին, ինչպես օրինակ՝ Հայաստանում գործող «Կյանքի խոսքը», և որ նրա հետևորդները կարող են հոգեկան շեղումներ ունենալ, հակված լինել դաժանությունների և բռնության:
Նախ՝ «զտարյուն առաքելական» Ամարյանը, ով վաղուց ի վեր «իշխանությունների» «այլընտրանքային հավատաքննիչի» դերակատարումն է ստանձնել մեզանում, պիտի՛ որ իմանար, որ համաձայն իր կողմից «անխառն և անխախտ պահվող» Աստվածաշնչի՝ ոչ որդիներն են պատասխանատու հայրերի գործած հանցանքների համար, ոչ էլ հայրե՛րը պիտի մեղադրվեն իրենց որդիների զանցանքների համար:
Բացի այդ՝ քանի դեռ ստույգ կերպով քննված և հաստատված չէ որդի Պերմյակովի «աղանդավոր» լինելն ու հոգեկան շեղումներ ունենալը, մի՞թե Ամարյանի խոսքը նորմալ մարդու կողմից պիտի զրպարտություն և հանիրավի ամբաստանություն չդիտարկվի:
Կամ գուցե նրան որևէ մեկը «խնդրել է» գործին հատկապես «կրոնական» երա՞նգ տալ՝ ձեռքի հետ էլ Պերմյակովին «գիժ և Արևմուտքի գործակալ դուրս բերելով»: Նաև՝ հերթական անգամ իր գոյության մասին հիշեցնելով:
Դատելով Ամարյանի՝ ակնհայտը կեղծելու հարուստ փորձառությունից՝ չի՛ բացառվում:
Նա՞ չէր, որ 2008-ին ամենուր աղանդավորներ էր տեսնում Տեր-Պետրոսյանի շտաբներում՝ մորմոններ, Եհովայի վկաներ, Կյանքի խոսքի հետևորդներ: Ի՞նքը չէր, որ զազրելի հարցազրույցներ էր տալիս այն մասին, թե «քաղաքականություն են գալիս աղանդավորներն ու ջհուդամասոնները»:
Վերջապես՝ նա չէ՞ր, որ նույնիսկ արցախյան բանակցային գործընթացում և Մարտի մեկի կազմակերպման մեջ էր աղանդավորների ձեռագիր տեսնում՝ այդ ամենում մեղադրելով «Հայաստանը կործանել պատրաստվող Արևմուտքին»:
Բոլորին, այսինքն, բացի բուն հանցագործներից՝ իշխանությունը զավթածներից ու տասը հոգուն սառնասրտորեն գնդակարողներից: Այսքան տարի մեզ իրավազրկողներից ու հարստահարողներից:
«Բայց արդյո՞ք քաղաքական ուժերը գիտակցում են, թե ինչ կարող է տեղի ունենալ։ Շատ դժվար է լինելու հետո այդ ձայներից ու էդ մարդկանցից ազատվելը, որովհետև նրանք գալիս են կոնկրետ գաղափարներ ու ծրագրեր թելադրելու նպատակով: Այսօր Արևմուտքի նպատակն է Հայաստանը կտրել Ռուսաստանից, բայց քանի դեռ ՀՀ ղեկավարությունն այս հարցում ամուր է, հետևապես՝ Արևմուտքը նպատակ ունի ներդնել իր հինգերորդ շարասյունը»,- նախորդ ԱԺ ընտրությունների ընթացքու՛մ էր ահա այսպիսի փայլուն մտքեր շարադրել Ամարյանը, և հիմա դժվար է հասկանալ՝ չլինի՞ սրանից դեռ տասնյակ տարիներ առաջ, ասենք՝ ամերիկյան ԿՀՎ-ն է եղբայրական Ռուսիայում հիմնել նույն «Вера, Надежда, Любовь» եկեղեցին, հետո այնտեղ հովիվ «նշանակել» Պերմյակով հորը, այնուհետ «առանձնակի դաժանությամբ կրթել նրա որդուն և գործուղել» Հայաստան, որպեսզի սա Ավետիսյանների ընտանիքից բացի՝ ո՛չ միայն նաև մեր սրտերը խոցի, այլև փչացնի Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները:
Դե սա արդեն չափազանց է, պարոնա՛յք:
Փակեք ձեր «հորինած» հավատաքննիչի բերանը:
Մեր սահմանադրությունը, եթե դեռ չեք մոռացել, ՀՀ ամեն մի քաղաքացու խղճի, մտքի և դավանանքի ազատություն է ընձեռում, և Աստվածաշունչն ու դավանաբանական հարցերը սեփական հայեցողությամբ, անգրագիտության բացառիկ գագաթներից մեկնող «մարգինալ քրիստոնյա» Ամարյանը չէ՛, որ ՀՀ առաքելական եկեղեցին պիտի պաշտպանի աղանդավորներից կամ Ռուսաստանը՝ արևմտյան դավադրություններից:
Ասեմ ավելին՝ չեմ զարմանա, եթե հանկարծ պարզվի, որ իշխանության հովանավորությունից զատ՝ նա իր միջոցները հատկապես մի շատ վտանգավոր աղանդավորական կենտրոնից է ստանում, որովհետև՝ մի՞թե իրական գողը չէ, որ առաջի՛նն է գոռում՝ բռնեք գողին…
‘