‘Գոհար Սիմոնյան. Դեռ կորոնեք ՀՀ քաղաքացուն եւ չեք գտնի նրան’

3932

Փաստված է` Սերժ Սարգսյանն  իր ողջ քաղաքական կենսագրության ընթացքում ծպտուն անգամ չէր հանել նախագահական, կիսանախագահական կառավարման համակարգի վտանգավորության, խորհրդարանական կառավարման նպատակահարմարության եւ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին: Հետեւաբար` երբեւէ մեկը մյուսով փոխարինելու հայտ էլ չկար: Ավելին` նույնիսկ ակնարկ չկար, թե Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն իշխանության են եկել սոսկ այն պատճառով, որպեսզի իրականացնեն «բազում գործընկերների քաղաքական ծրագրում առկա` խորհրդարանական համակարգին անցումը»: Փոխարենը խոստում կար` քանդել իշխանության եւ ժողովրդի միջեւ առկա չհասկացվածության պատը, կառուցելով ապահով Հայաստան:

Ապահով Հայաստանի մասին նաղլը   թողնենք ՀՀԿ-ին ու իր թափառական աշուղներին: Գանք չհասկացվածության պատին` արժանին մատուցելով Սերժ Սարգսյանին ու Մելիք-Ադամյանում հանգրվանած իր թիմին, որովհետեւ վերջին հանրաքվեով այդ պատն իսկապես էլ ամբողջովին քանդված է: Այլեւս որեւէ չհասկացվածություն, անորոշություն, նույնիսկ փոքր գաղտնիք չկա իշխանության ու ժողովրդի միջեւ. բաց տարածություն է` հագեցած փոխադարձ խորը ատելության ֆլյուիդներով:

Այդ տարածության մեջ նույնիսկ արդեն ճաղավանդակ է անհնար կառուցել, որովհետեւ ճաղավանդակները կառուցվում են նախ եւ առաջ նորմալ պետության մեջ եւ կարգին մեղավորների համար: Իսկ այստեղ` բաց ու անվերահսկելի այս տարածքում, որտե՞ղ  պետություն փնտրես, եւ որտե՞ղ` մեղավորներ: Այն էլ` կարգին:

Պատը քանդողներն, ուրեմն, հասան դրան. այս ժողովրդից ստացան ամեն ինչ` հայդուկ, վրիժառու, թշնամի, ամեն ինչ, այսինքն, բացի` ՀՀ քաղաքացուց: Եւ ճշմարիտ է եղել Սերժ Սարգսյանը, երբ երեկ ուշ երեկոյան իր դուռը եկած այո-ական կեղծարարներին եւս մի խոստում է տվել, իբր` այս սահմանադրությամբ ամեն բան ոչ թե ավարտվում, այլ նոր է սկսվում:

Ոզնուն էլ է պարզ: Մնաց հասկանանք` ինչպիսի շարունակությամբ եւ մանավանդ` ինչպիսի ավարտով:

Չէ, չկարծեք՝ ուրախ եմ դրա համար: Եւ ոչ էլ ասածիս մեջ բռնության կոչեր փնտրեք խոշորացույցով: Ես ընդամենը փաստ եմ արձանագրում: Բաց տարածության մեջ ապրող փաստ: Եւ իրավիճակ, որն այս իշխանության սեփական ընտրությունն է եղել:

Հետեւաբար նրանք, ովքեր ուշ երեկոյան սիգարետը բերաններին, ուրախ-զվարթ դուրս եկան Բաղրամյան 26-ից, լավ կանեն՝ պատվիրատուի հետ միասին, իրենց հենց այս պահից սկսած` հաշիվ տան. դեռ երազելու եք, որ ձեր առջեւ չհասկացվածության պատ լիներ եւ դրանից այն կողմ` ցանկացած խնդիր քաղաքականացնող ՀՀ քաղաքացի: Որոնելու եք ու չեք գտնելու նրանց:

Եւ գիտե՞ք` ինչու: Որովհետեւ նորմալ է, երբ ժողովրդի ու իշխանության միջեւ չհասկացվածության պատ կա: Եւ առավել քան նորմալ է, երբ ոչ թե իշխանությունը, այլ ժողովուրդն ի՛նքն է քանդում դա` համարելով, որ գործ ունի իր կողմից ընտրված եւ խելքը գլխին աշխատող իշխանության հետ: Նույնիսկ եթե առանձին հարցերում համաձայն չլինի նրա հետ եւ եթե նույնիսկ իշխանությամբ լիազորած իր պատվիրակներից ոմանց ինչ-որ պահի որոշի զոլավոր համազգեստ հագցնել ուղղիչ աշխատանքային գաղութներում:

Իսկ այսպես` Աստված գիտի, թե այս պատմությունն ինչով կավարտվի:

Բայց մի բան հստակ է, որ որեւէ կեղծարար այս ժողովրդի ու նրա հետագա ընթացքի հետ այլեւս որեւէ կապ չունի:

Նախորդ հոդվածը’20-ամյա Լուսինեն հաղթել էր մարդկանց ձայները կեղծելու տասնըքանի տարվա փորձ ունեցող ոհմակախմբին’
Հաջորդ հոդվածը‘Այսօր ծնվել է Էմիլ Ռեյնոն՝ կամավոր Սիզիփոսը’