‘Գոհար Սիմոնյան. Եվ կրկին միասնականության մասին’

1572

Ի՞նչ նկատի ունի Սերժ Սարգսյանը, երբ խոսում է ազգի միասնականության մասին: Կամ՝ ի՞նչ է նա հասկանում, երբ հայացք է նետում կյանքի հիմքերը շոշափող այնպիսի գաղափարների ուղղությամբ, ինչպիսիք ազգային միասնականությունն ու հավաքականությունն են:

Մի՞թե իր մտորումների ընթացքում նա այնքան հեռուն է գնում, որ ազգային միասնականությունը, ինչպես եւ՝ պետությունը, պատկերացնում է որպես խղճուկ մի աթոռի հավերժ անսասանության առհավատչյա: Հավերժ իշխանության համար նախատեսված էլիքսիր, տեսի՛լ՝ Մելիք-Ադամյան փողոցի «անվերջանալիության» վերաբերյալ: Եվ, մի՞թե, հենց Լեռնային Ղարաբաղին է վիճակված կրկին ու կրկին դառնալ այն «ցեմենտը», որով կամրապնդվի  դեպի պալատ տանող երրորդ ճանապարհը…

Իրականում, իհարկե, Բաղրամյան 26-ում հրաշալի գիտեն, որ իշխանությունն ինքնին չի՛ կարող  կոլեկտիվ  նույնականություն «ներբեռնել» որեւէ հանրության գիտակցության մեջ: Մանավանդ՝ ո՛չ լեգիտիմ իշխանությունը, որն իշխանագողությունից հետո անգամ ի վիճակի չեղավ քիչ թե շատ սոցիալական ինտեգրացիա ապահովել պետության ներսում՝ զսպելով նախ եւ առաջ ի՛ր ախորժակը:

Նույնիսկ Խորհրդային Միության պես տոտալիտար երկրում, որտեղ «կուռ էին դարբնի սալերը՝ հոմոսովետիկուս ձուլելու հարցում», մենք իրականում միասնականության լժե-կարիկատուրայի հետ գործ ունեցանք, ուր մնաց այստեղ՝ իրական Հայաստանի հետ որեւէ կապ չունեցող Սերժ Սարգսյանի Հայաստանում, որն ինչ-որ պահի կարող է քանդվել Նաֆ-նաֆի, Նիֆ-նիֆի թղթե ու փայտե տնակների նմանությամբ:

Բայց այդ դեպքում ի՞նչ կատարվեց վերջին օրերին: Ինչպիսի՞ փոփոխություններ տեղի ունեցան մեր ներսի մարդու հետ, ինչը, չսահմանելով կամ սահմանել չկարողանալով, այնուամենայնիվ, նկատեցինք բոլո՛րս, եւ ինչը Սերժ Սարգսյանը շփոթեց «իր Հայաստանում ստեղծված եւ դեռ ամրապնդվելիք միասնականության հետ»: Դեռ մի բան էլ դժգոհեց, թե պիտի զգույշ լինենք դրա հետ, որովհետեւ ամեն մի շեղում անմիջապես օգտագործվում է Ալիեւի կողմից…

Սահմանումն այս պահին մի կողմ դնենք, բայց ինձ թվում է՝ մեզ հետ պատահածը մի բան է, որից Սերժ Սարգսյանը ոչ այնքան պիտի ուրախանա, որքան զգուշանա:

Չգիտեմ՝ հերթական անգամ Կյանքի ու Մահվան ընտրության ցավալի, քեզ բջիջի մակարդակում ծվատող ընտրության առջեւ կանգնելն էր, թե էլի՛ մի բան, որ այս պահին դուրս է իմ ուշադրությունից, բայց ակնհայտ է, որ ընդամենը մի քանի օրում մենք ունեցանք մի հանրություն, որը Ռուսոյից եւ Ֆրանսիական հեղափոխությունից հետո սահմանվում է որպես սուվերեն ազգ: Ով նախ եւ առաջ անձի՛ մակարդակում է ընտրում Կյանքը, իսկ ապա հանրային գիտակցության կոնտեքստում դառնում  իր քաղաքական ազատության միակ տեր ու տիրականը: Դառնում է ինքնաբավ, այսինքն, եւ ունակ գործելու այնպես, ասես` իրենից դուրս որեւէ քաղաքական էլիտա չկա ու չի՛ կարող լինել:

Էքզիստենցիալ այդ լարումից կամ «գլորման վեմը» հաջողությամբ հաղթահարելուց հետո այդպիսի հանրությունը չի ուզում եւ չի կարող հանդուրժել բռնապետին: Նա կարող է միայն իրենից զատած մի խմբի «օծել» քաղաքական լեգիտիմությամբ եւ նրան «գործուղել իշխանության»: Ընդամենը եւ ոչինչ ավելի:

Մի բան, որ մենք արդեն արե՛լ էինք իննսունականներին եւ ինչի մասին «հաջողությամբ» մոռացել, որովհետեւ մեզ տարիներ շարունակ ներշնչել էին, թե մեզնից մեկը ոչ միայն քաղաքական, այլեւ կենսական վտանգ է ներկայացնում մեզ համար…

Հակառակ պարագայում` ոչ ոք չէր կարող իրականացնել պետական հեղաշրջում ուղիղ արքայադավության ճանապարհով: Ոչ մի ուժ, եթե միայն խաբված չլինեինք մեր կենսական տարածքի նեղացման եւ, հնարավոր է, դրա ու մեր տեսակի վերացման՝ կազմալուծող տագնապով…

Հիմա, ուրեմն, Սերժ Սարգսյանը պիտի իսկապե՛ս վախենա: Պիտի վախենա, որովհետեւ փոփոխությունն արդեն կատարված է, եւ վստահ եմ՝ շուտով դրա ձեւակերպումներն էլ չեն ուշանա այս ու այն կողմից:

Արդեն բոլորը գիտեն, որ չնայած խորքում պատահածը շատ էլ կապ չունի պետության զուտ քաղաքական կազմակերպվածության ու քաղաքական ուժերի դասավորվածության հետ, որովհետեւ դա բացառապես շոշափում է մեզ բոլորիս իրար կապող բնական ու ներքին կապերը, այդուհանդերձ` շատ շուտով փոփոխությունը կհասնի նաեւ իր քաղաքական օրակարգին: Տարածություն, որը Սերժ Սարգսյանի հետ արդեն որեւէ կապ չունի:

Ո՛չ, իհարկե, այն պատճառով, որ նա այլեւս որեւէ ներքին կապով կապված չէ մեզ հետ, այլ այն պատճառաբանվածությամբ, որ նա համառորեն եւ շարունակաբար դավաճանել է  դրանց՝ մերժվելով մեզ հետ հետագա ճանապարհն անցնելու հնարավորությունից:

Ես, օրինակ, հենց սրանում եմ տեսնում Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի (կարող եք էլի անուններ կարդալ այս տարածքում) տարբերությունը: Բացի այն, որ Առաջին նախագահի հնարավոր սխալներն ուղղակի մանկական խաղ կարող են դիտարկվել սրա(նց) համեմատությամբ, դրան զուգահեռ՝ նա դեռ պահպանել է մեզնից մեկը լինելու բարեբախտությունն ասեմ, թե դժբախտությունը:

Սերժ Սարգսյանը, սակայն, կորցրել է այս հնարավորությունը: Եւ որքան շատ խոսի միասնականության մասին՝ այնքան ավելի վատ:

Ակնհայտ է, որ մի ամբողջ ազգ չի կարող գնալ ինքնասպանության միայն նրա համար, որ Սերժ Սարգսյանի հետ «միասնական լինի» այն ժամանակ, երբ իշխանությունը եւ «մեր տեսքը» լքում են նրան: Միասնականությունն այլեւս երկսայրի սուր է նրա համար:

Ցավո՛ք: Բայց մե՛նք չէինք ընտրել այսպիսի ճակատագիր ոչ նրա, ոչ որեւէ ուրիշ մեկի համար:

Մենք ընդամենը որոշել ենք ԱՊՐԵԼ…

Նախորդ հոդվածը‘Դարի կողոպուտը. Չիլիում հանցագործները $10 միլիոն են կողոպտել’
Հաջորդ հոդվածը‘Բրիտանական տաքսա շնիկը հանդիպել է իր կլոնին’