‘Գոհար Սիմոնյան. Երբ արժանապատվությունը փոխարինվում է մի փոր հացով’

1974

Ռուսական «Гадюкино» հեռավոր ավանում,

որտեղ չեն կարողանում որսալ դաշնային որեւէ հեռուստաալիքի ազդանշան,

հետեւաբար նաեւ՝ չեն լսում Դմիտրի Կիսելյովին,

դպրոցականներն այդպես էլ չկարողացան շարադրություն գրել՝

«Ովքե՞ր են Ռուսաստանի ներքին ու արտաքին թշնամիները» թեմայով:

Նոր ռուսական անեկդոտ

Հայտնի ռուս հեռուստամեկնաբան Դմիտրի Կիսելյովի ուղղությամբ մեր ԶԼՄ-երում ու սոցիալական ցանցերում մեկը մեկից շքեղ հիշոցներ հնչեցին: Ընդ որում՝ առանձին «ծանր» բացառությունները չհաշված, այս անգամ մարդիկ ավելի ադեկվատ էին արձագանքում պատահածին:

Այլ կերպ ասած՝ մեր հանրությանն այլեւս դժվար է կերակրել ամենատարբեր ստերով: Հիմա արդեն շատե՛րն են հասկանում, որ մեր խնդիրը ոչ թե Կրեմլի ու նրա ցինիկ խոսնակների դեմ պայքարը պիտի լինի (ի դեպ, այդկերպ վարվողները հենց իրե՛նք են տարօրինակ մոլորության մեջ գցում մեր հանրությանը, եւ տպավորություն է ստեղծվում, թե Բաղրամյան 26-ում ոչ թե Սերժ Սարգսյանն է նստած, որին անհապաղ պիտի դուրս հանել այնտեղից, այլ ինքը՝ Պուտինը…), այլ ինքն իրեն տարոնա-նժդեհականություն վերագրող, իսկ իրականում արժանապատվության կաթիլ իսկ չունեցող ՀՀԿ-ական խունտան՝ իր առաջնորդով հանդերձ: 

Հակառակ պարագայում՝ այսօր Կիսելյովն է, վաղը «Ամբողջելյովը» կլինի, դրանից հետո՝ որեւէ «եվրոՀյուլե» կամ «քեռի Սեմի ազատ զավակ»: Ազգությունից եւ անուններից ի՞նչ է փոխվում, եթե ՀՀ իշխանությունը շարունակելու է ուզուրպացված լինել հէկ-երի հիմնադիր, երկրի ընդերքը քչփորող, մարդկանց տները խլող հերմինենաղդալյանների եւ որեւէ բանի չնմանվող, բայց բոլորիս վրա շատ թանկ նստող բաբուխանյանների կողմից:

Կիսելյովին, ուրեմն, հանգիստ թողնենք. «ԱՄՆ-ն ռադիոակտիվ մոխրի վերածող» այս ողորմելուն իր հարազատ Ռուսաստանու՛մ էլ պակաս բաժին չի հասնում: Իսկ բոլորովին վերջերս՝ ռուս գիտնականների մի մեծ խումբ պատկան մարմիններից պահանջել է կա՛մ զսպաշապիկ հագցնել «Իգորի գնդի քաջ կացնավորին»՝ նրան մեղադրելով «տխմարության, անբարոյականության, ներպետական եւ ազգամիջյան բախումներ հրահրելու, էքստրեմիզմի, փաստերն աղավաղելու մեջ», կա՛մ հեռացնել նրան հեռուստատեսությունից:

Չգիտեի՞ն այս մասին հերմինենաղդալյանները, որոնք մեր լրագրողներին օրումեջ վիրավորում են վերջին չոբանի պես, իսկ ահա Կիսելյովի առջեւ «չխոսկան, խոնարհ հարս» են դառնում: Կամ՝ չգիտեին՞, որ ՀՀ-ում պետական լեզուն հայերենն է, եւ եթե գիտեին՝ ինչու՞ էին վարձակի պես ռուսերեն կաքավում: Որ Կիսիլյովը չմտածի, թե իրենք էլ, տաքսիստի նման, ռուսերեն չգիտե՞ն:

Այ քեզ բան. ռուս տաքսիստներն էլ չէ՝ պատգամավորնե՛րը, կամ հենց ինքը՝ Կիսելյովն ու իր դեսպանը, հայերեն գիտե՞ն, Դումայում մեզ հետ հայերե՞ն են խոսում: Եւ եթե ոչ՝ ՀՀԿ-ն ի՞նչ է կարծում. դա նպաստու՞մ է հայ-ռուսական եղբայրական ժողովուրդների ռազմավարական բարեկամությանը, թե՞ խանգարում:

Ուրի՛շ մի բան. հարյուր անգամ ականատես եմ եղել, թե ինչ դժվարությամբ են ԱԺ աշխատանքները լուսաբանող խմբում չընդգրկված լրագրողները մուտք գործել ԱԺ տարածք: Կիսելյովն ո՞վ դարձավ, որ, ո՜վ սարսափ, խիստ արեւմտյան իր «Համմերը» ճռռացնի ուղիղ ԱԺ դարպասի առաջ, պատգամավորների հետ մեկտեղ բերման ենթարկի ԱԺ փոխխոսնակին, հայ-ռուսական համագործակցությունը քննարկի հայ տաքսիստների՝ ռուսերեն չիմանալու մակարդակում, «հրամայի» ռուսական դպրոցներ բացել, որոշի՝ ինչն է մեզ համար լավ, ինչը՝ վատ, եւ դեռ հանդիպման կեսից էլ վեր կենա-գնա, իբր՝ շա՛տ զբաղված է:

Սովորաբար՝ ես դեմ եմ ծայրահեղություններին, բայց սրա պես «հիվանդ բարձրախոսների» մուտքը Հայաստան պիտի հետայսու արգելվի, եւ վերջ:

Դրան զուգահեռ՝ պիտի ամեն բան արվի, որպեսզի սեփական քաղաքացիների վրա կրակող, նրանց հարստահարող, ամեն առիթով դրսում ու ներսում նվաստացնող, ոչ մի սրբություն չունեցող, ամեն ինչ առուծախի առարկա դարձնող, կենդանի հերոսին քաղբանտարկյալ սարքող ու միայն գիշանգղի նման նրա դիակի շուրջ հավաքվող այս ռեժիմի շունչը օր առաջ փչի: Մի բուռ էս հայրենիքում այդպիսի միլիմետր չմնաց, որ սրանք ապականած չլինեն մինչեւ վերջ…

 

Նախորդ հոդվածը‘Բացահայտվում են Հովիկ Աբրահամյանի շռայլությունները բյուջեի հաշվին (փաստաթուղթ)’
Հաջորդ հոդվածը‘Դատարանի բակում կրակողին ոստիկանները ծեծե՞լ են’