‘Գոհար Սիմոնյան. Երբ Եվրոպան մրսում է, մոռանում է ամեն բան’

1649

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Զինված ուժերի ուղղաթիռի խոցումն ամենատարբեր գնահատականների է արժանացել թե՛ Հայաստանի ներսում, թե՛ երկրից դուրս:

Ընդհանուր ասելիքն, իհարկե, այն է, որ ադրբեջանական կողմի այս քայլը, ինչն աննախադեպ էր հրադադարի հաստատումից ի վեր, ոչ միայն ջուրը լցրեց ՌԴ և Ֆրանսիայի նախագահների ջանքերով վերսկսված խաղաղարար պրոցեսը, այլև, հիմնականում՝ արտասահմանյան փորձագետների գնահատմամբ, շա՛տ ավելի հավանական դարձրեց նոր պատերազմի վերսկսման վտանգը:

Տուրք կտա՞ Սերժ Սարգսյանը նման «սպասումներին»՝ փորձելով տրվել իր իշխանության վերարտադրման` իր կարծիքով «հնարավորությանը»` ուզես, թե չուզես, ահա այսպիսի հռետորական հարց է գալիս մեջտեղ:

Իհարկե, ինչպես ցանկացած հարցում, այստե՛ղ էլ պետք է առաջնորդվել «երբեք մի ասա` երբեք» սկզբունքով` հաշվի առնելով այս իշխանությունների` ամեն ինչի ընդունակ բնույթը: Մյուս կողմից էլ, սակայն, ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանն, այնուամենայնիվ, չի գնա նման քայլի թեկուզ միայն այն պատճառով, որ չի՛ կարող հարյուր տոկոսով երաշխավորել պատերազմի ելքը: Ավելին` նման քայլի գնալով` Սերժ Սարգսյանը շատ վատ կվերջացնի:

Ինչպես Ալիե՞ւը` կհարցնեք:

Իհարկե, ոչ ոք չգիտի, թե իրականում ինչ է մտածում Բաքվի խանը, բայց այլևս ավելի ու ավելի հստակ է դառնում այն հանգամանքը, որ այս մարդուն ինչ-որ մեկը կամ որևէ համընդհանուր շահ ավելի ռազմատենչ է դարձնում, քան  մինչ այդ` արդեն սովորական դարձած իր ռազմա-հայրենասիրական հոխորտանքներով:Բնականաբար, հիմնականում տեղական «սպասումներին հագուրդ տալու» նպատակադրմամբ:

Ես հասկանում եմ, որ հիմա այս հարցադրումից հետո մեզ հերթական անգամ մեղադրելու են «ռուսամետության», կամ` ռուսական զենքով հայկական ուղղաթիռը խոցելու հանգամանքը «չնկատելու» մեջ: Բայց այս խնդիրը, մեր խորին համոզմամբ, ոչ թե մեր ով կամ ինչ լինելն է «բացահայտում», որքան այս իշխանությունների անձեռնհասությունն՝ ընդհանրապես արտաքին և, մասնավորապես` Ռուսաստանի հետ վարվող հարաբերությունների հարցում:

Եւ ուրեմն, չեմ կարող չնկատել, որ ամեն անգամ, երբ Ալիևը որևէ արկածախնդրություն է հեղինակում սահմանին, անմիջապես հայտնվում են ինչ-որ եվրոկոմիսարներ, ովքեր միանգամից սկսում են կրքոտ կերպով արտահայտվել «Ադրբեջանի կարևորության, եվրոպական էներգետիկ անվտանգության, դրանում այդ երկրի անփոխարինելի մասնակցության, այդ կերպ` Ռուսաստանի զսպման» և նման հարցերի մասին:

Դե տեսեք` այսքան դատապարտող, զգաստացնող հայտարարություններից հետո անգամ, ընդամենը երե՛կ էր, որ Իլհամ Ալիևը Շամխորում «բարձր գնահատեց ադրբեջանական զինված ուժերի հաջող և արժանի պատասխանը հայկական սադրանքներին», և, սրան ի պատասխան, քաղաքակիրթ աշխարհը ոչ միայն անմիջապես չճշտեց, թե ինչ սադրանքների և հայկական կողմի  որ պատասխանի մասին էր խոսքը, այլև, ԵՄ էներգետիկայի և կլիմայական փոփոխությունների գծով կոմիսար Արիաս Կանյետեի շուրթերով հայտարարվեց Ադրբեջանի, ուրեմն նաև` Ալիևի «անփոխարինելի գործընկեր» լինելու վերաբերյալ:

«Ուկրաինայի իրավիճակը բացահայտեց մեր խոցելիությունն ու էներգակիրների ապահով մատակարարման անհրաժեշտությունը…այս առումով ամենախոցելին բալթյան և հարավեվրոպական երկրներն են»,- Բրյուսելում, էներգետիկ քաղաքականությանը վերաբերող կոնֆերանսի ընթացքում, հայտարարել է Արիաս Կանյետեն: Միաժամանակ հավելելով, թե էներգետիկ քաղաքականության վարման ընթացքում «անհրաժեշտ է խոսել մեկ ձայնով»:

Որն է այդ մեկ ձայնը` ակնհայտ է. ադրբեջանական գազի ստացումը համարել առաջնային և խիստ գերակա եվրոպական ծրագիր, կառուցել Հարավային  գազային միջանցք, որով այս երկրները գազ կստանան Ադրբեջանից` Նորվեգիայի և Ալժիրի համատեղ  գործընկերությամբ: Ավելին` եվրոկոմիսարն առաջարկել է որևէ առանձին որոշում չկայացնել այս կամ այն երկրի կողմից նույնիսկ այն դեպքում, երբ հարցը վերաբերում է ամբողջովին ազգային ենթակառուցվածքներին:

Զավեշտալի եզրահանգում է, իհարկե, բայց ստացվում է` երբ Եվրոպան մրսում է, մոռանում է ամեն բան` ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, բարձր արժեքներ, հանուն դրանց պայքարող յունուֆներ-ալիևներ, Ղարաբաղ, ինքնորոշում: Բացարձակապես ամեն բան, այսինքն:

Կարևորը երկու բան իրողություն դառնան`իրենք հանկարծ չմրսեն` մեկ, «ռուսների քիթը գետնին քսվի»` երկու:

Թքած, որ բոլորի աչքի առջև չենք կարողանում անգամ մեր տղաների մարմինները պատճաշ հարգանքով հողին հանձնել…

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ առաքելությունը շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ’
Հաջորդ հոդվածը‘Հացադուլավորներին նախագահականում վստահեցրել են, որ դատարանը արդար դատավճիռ կկայացնի’