‘Գոհար Սիմոնյան. Երբ պետությունդ Սերժն է, օպերացիադ դառնում է հակաօպերացիա’

1448

Անկախ այն բանից, թե ով ինչպես է գնահատում Սերժ Սարգսյանի «ուժի եւ թուլության», նրա ձախողման եւ հաջողության աստիճանը, ակնհայտ է, որ պետությունը Սերժ Սարգսյանի իշխանության հետ նույնացնելով եւ ամեն գնով  ոչ թե օրինականությունը, այլ շեֆի՛ իշխանությունը պաշտպանելու իր մղմամբ՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը լուրջ դավադրություն  հեղինակեց ոչ միայն Հայաստանի Հանրապետության դեմ, որին ինքն, իբր, «ծառայում է խոնարհաբար», այլեւ հենց Սերժ Սարգսյանի՛ դեմ, ում ծառայում է իրականում:

Ինքնե՛րդ դատեք. ոստիկանության ստորաբաժանումների եւ ոստիկանության զորքերի մասնակցությամբ անցկացված հատուկ համահավաքը կամ հրամանատարաշտաբային վարժանքը, որն, իբր, նպատակ ուներ «զանգվածային անկարգությունների» ընթացքում որակական նոր մակարդակի բարձրացնել ոստիկանության կազմակերպվածության աստիճանը, մի՞թե նորմալ մարդու համար միանգամից  չի վերածվում ընդդիմության կողմից հայտարարված «թեժ աշնան» նկատմամբ կանխակալ տրամադրվածությամբ պատժիչ գործողության:

Ընդ որում՝ սեփական, թող որ՝ «լեւոնական» քաղաքացիների ու Տեր-Պետրոսյանի անձի նկատմամբ այնպիսի պաթոլոգիկ ատելության ցուցքով, որ դժվարանում ես հավատալ, թե ընդհանրապես առողջ բանականության ու պետական պաշտոնյաների հետ գործ ունես: 

«Հատուկ համահավաք ջոկատի կիրառումը զանգվածային անկարգությունների կանխման եւ խափանման հատուկ օպերացիայում» թեմայով հրամանատարաշտաբային վարժանքն, ուրեմն, որ կազմակերպվել էր հիմնականում ընդդիմությանն ու մեր քաղաքացիներին է՛ս գլխից վախեցնելու նպատակով, այս կոնտեքստում իրականում ի ցույց դրեց՝

ա. պետության հետ նույնացվող, քաղաքական պայքարից սարսափող  Սերժ Սարգսյանի թուլությունը, 

բ. ոստիկանական մահակների, ջրցան մեքենաների եւ ռազմական տեխնիկայի ետեւում թաքնվելու՝ նրա հերթական մտադրությունը:

Այլ խոսքով՝ ոստիկանապետն «ուզում էր լավ, բայց ստացվեց՝ ոնց միշտ». օպերացիան վերածվեց հակաօպերացիայի, քարոզչությունը՝ հակաքարոզչության, իսկ ուժի ցուցադրությունը՝ թուլության խոստովանության:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, բոլոր խելքը գլխին մարդիկ, եթե նույնիսկ «լեւոնական չէին», վստահաբար անմիջական պահանջն ունեցան պետությունը Սերժ Սարգսյանից տարանջատելու, եւ որ էլի՛ կարեւոր է՝ հասկանալու, թե եթե իշխանությունն ի՛նքն ամեն բան չանի դրա համար,  քաղաքական պայքարն ինչո՞ւ պիտի անպայման վերածվի «զանգվածային անկարգության»՝ մեկ, եւ ինչո՞ւ պիտի Սերժ Սարգսյանի իշխանափոխության նորմալ քաղաքական պահանջը գնահատվի հատկապե՛ս ոստիկանապետի եւ հատկապես «խժդժոցի», կամ «պետության ներքին եւ արտաքին ստաբիլության խախտում» որակմամբ…

Այդ երբվանի՞ց է որեւէ մեկը, այն էլ՝ ինքնահռչակ եւ տասը զոհերով ու անօրինակ հալածանքների, կեղծիքների գործադրմամբ իշխանության եկած «նախագահը» Հայաստանի Հանրապետությունն ու նրա ներքին եւ արտաքին ստաբիլությունը խորհրդանշել:  

Եւ ընդհանրապես՝ բիրտ ուժի ցուցադրմամբ  «թեժ աշնանը սառը ցնցուղ» հակադրող ոստիկանապետը տեղյա՞կ է, արդյոք, որ գերազանցում է իր լիազորությունները, երբ ինքնուրու՛յն է որոշում կայացնում՝ «տարածություն չտրամադրել» այս կամ այն քաղաքական խմբին կամ հանրությանը՝ որեւէ, այդ թվում՝ հանրային հավաքներով իր տեսակետները բարձրաձայնելու համար:

«Թեժ աշուն և այլն… կարող եմ հումորով էլ պատասխանել: Թեժ աշնան համար կան սառը ցնցուղներ, իսկ երբ ցնցուղը չի օգնում, շա՛տ ավելի թեժ աշուն կարող ենք կազմակերպել: Կարող եմ այդպես ասել: Կարող եմ ասել ուրիշ ձեւ: Կարող եմ ասել այնպես, ինչպես ես մտածում եմ»,-համահավաքի ընթացքում հայտարարել է Վլադիմիր Գասպարյանը, ու հիմա ես բացաձակապես առանց հումորի մտածում եմ.

ա. բացի իր քաղաքական պահանջները ձեւակերպելուց, այդ մասին հրապարակայնորեն հայտարարելուց եւ, իհարկե, օրենքի տառին հետեւելուց՝ ո՞րն է այն «ուրիշ ձեւը», որին տիրապետում է ոստիկանապետը, եւ որի հետ պիտի հաշվի նստի ՀՀ քաղաքացին,

բ. իսկ ինչու՞ է ոստիկանապետին թվում, թե միայն իրեն է արտոնված բարձրաձայն տեսակետ հնչեցնել մեր երկրում, իսկ ուրիշներին, ահա, այն արգելվում է «սառը ցնցուղի» գործադրմամբ:

Հարցադրում, որին հազիվ թե ոստիկանապետի կամեցածին պես «միասնական» եւ ՀՀ քաղաքացու հետ փոխադարձաբար ընդունելի պատասխան գտնվի:

Ինչու՞՝ պատասխանեցինք հարցին հենց սկզբում. որովհետեւ ըստ ոստիկանապետի՝ պետությունը Սերժ Սարգսյանն է, իսկ ըստ ՀՀ քաղաքացու՝ Հայաստանի Հանրապետությու՛նը, որը բռնազավթվել է Սահմանադրությունը բռնաբարողների եւ մեզ վրա կրակողների կողմից:

Օրվա լույսի պես պարզ բան է:

Նախորդ հոդվածը‘Շառլ Ազնավուրը համերգով հանդես կգա Մոսկվայում’
Հաջորդ հոդվածը‘Երևանում մեկնարկել է հնդկական կինոյի շաբաթը’