‘Գոհար Սիմոնյան. Եւ դուք դեռ «ապահով Հայաստանի», ներդրումների մասի՞ն եք խոսում’

3051

Սերժ Սարգսյանի երեկվա ելույթի՝ չեղած քաղաքական բովանդակությանը  չեմ անդրադառնա: Թող դրանով ուրիշներն զբաղվեն: Մանավանդ՝ ասպարեզում գնահատականների պակաս չկա:

Այս պահին ձեռնպահ կմնամ նաև «անգրագիտություն, չարիք» և այլ էժանագին որակումներին խիստ ադեկվատ և շատ ավելի՛ պատշաճող ՀՀԿ-ական օրինակներ ու դեմքեր հակադրելու գայթակղությունից:

Փոխարենը, սակայն, չեմ կարող չձևակերպել ՀՀԿ-ական տեռորի  այն «բարձ գինը», որը ոչ միայն Գագիկ Ծառուկյանը կվճարի, այլև Հայաստանի հանրապետությունը, եթե Հովիկ Աբրահամյանը, Սերժ Սարգսյանի պաշտոնական դիրքի չարաշահման արդյունքում տրված ցուցմամբ, հանկարծ ու սանձազերծի վարչահրամայական մեխանիզմի իր բաժինը:

Մանրամասնեմ՝ ինչ նկատի ունեմ:

Բոլորս գիտենք, և յոթ փականի ետևում ծածկված գաղտնիք չէ այն փաստը, որ ավերակված մեր տնտեսությունից, չնայած ՀՀԿ-ական առատ խոստումներին ու թվանկարչությանը, ընդամենն առանձին բեկորներ են մնացել:

Եւ էլի՛ բոլորս գիտենք, որ թե՛ Տիգրան Սարգսյանի, թե՛ Հովիկ Աբրահամյանի վարչապետության շրջանում, օրուգիշեր խոսում էին ներդրումների պարտադիր ներգրավման և այդկերպ՝ տնտեսությունը ոտքի հանելու մասին:

Բայց ինքներդ դատեք՝ ո՞ր մի խելապակասը, կամ՝ «իր փողերի ձեռքը կրակն ընկած» հիմարն այս երկիր ոտք կդնի, եթե հանկարծ որոշի հետաքրքրվել մեր ներդրումային միջավայրով, պետություն-բիզնես սերտաճման մակարդակով և կարդա, որ ՀՀ նախագահի աթոռին նստած մարդն ահա հետևյալ հայտարարությունն է արել. «Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը՝ չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու մասին: Ես հորդորում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ հանձնարարել համապատասխան մարմիններին մինչև վերջ ու մանրամասն ստուգել այս լուրերի իսկությունը և բաց ներկայացնել բոլորին»:

Մի՞թե, այդ մարդն ահաբեկված չի՛ փակի Հայաստանին առնչվող բոլոր տեղեկատվության աղբյուրները և  չի խուսափի մեր երկրից՝ ինչպես բորոտից կամ ժանտախտից կխուսափեին:

Եւ ճիշտ էլ կանի, մեր մեջ ասած, որովհետև, շատ հնարավոր է, վաղն էլ ի՛ր հետ հաշվեհարդար տեսնեն՝ «թե խելոք չմնա», և այս անգամ էլ ի՛ր բիզնեսը քամուն տան՝ ընդամենը «տարիներ շարունակ օդում կախված չստուգված լուրերի հիման վրա»: Մանավանդ որ ժողովրդի շրջանում ու «օդում կախված չստուգված լուրերը» հենց վկայում են, որ Սերժ Սարգսյանն ու իր շրջապատը անհագ սեր են տածում ուրիշի բիզնեսում փայ մտնելու նկատմամբ:

Ընդ որում այնպիսի անմեղ տեսք ընդունած, ասես՝ շատ բնական ու կարևոր գործով են զբաղված. սոսկ «ամեն բան իր տեղն են դնում. էնտեղ, որտեղ հասնու՛մ է, որ դրվի»…

Ի՞նչ է նշանակում՝ «Շարունակում են նաև օդում կախված մնալ բազմաթիվ քրեական հանցագործություններ պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մեխանիզմ հիմնելու մասին չստուգված լուրերը» նախադասությունը: Եւ կամ թե՝ «Վաղը ես հրավիրելու եմ Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ մեր իրավապահների հետ համապատասխան անդրադարձ կլինի, թե ինչպես վարվել նման լուրերի հետ»:

Իսկ ինչո՞վ էիք զբաղված մինչև հիմա՝ հատկապես չճշտելո՞վ:

Սա նոնսենս է, ախր:

Սա չտեսնվա՛ծ բան է:

Սա նույնիսկ ֆեոդալատիրական համակարգ չէ, որից դուք, իբր, ուզում եք, ազատվել:

Նախորդ հոդվածը‘ Մոուրինյոն պատասխանել է «Ասթոն Վիլայի» 6-ամյա երկրպագուի նամակին’
Հաջորդ հոդվածը‘Ալոնսոն կազմել է Չեմպիոնների լիգայի իր խորհրդանշական թիմը ‘