‘Գոհար Սիմոնյան. Ընտանիք առ ընտանիք՝ «երկուս են նշանակել» Սարգսյանին ու Աբրահամյանին’

4021

Դեռևս 2005-ից, երբ Տիգրան Սարգսյանը ԿԲ նախագահ էր, ՀՀ Կենտրոնական բանկը երկրում տնտեսական իրավիճակի վերաբերյալ սպասումները ճշտելու և ըստ այդմ՝ նպատակադրված քաղաքականություն վարելու բացատրությամբ, սկսեց կազմել ու նաև հրատարակել  «Տնտեսական ակտիվության», «Գործարար միջավայրի» և «Սպառողների վստահության» տնտեսական բաղադրյալ ինդեքսները:  

Ըստ Տիգրան Սարգսյանի, տարիներ շարունակ նման ինդեքսներ հաշվարկվում և հրապարակվել են բազմաթիվ երկրների կողմից, որովհետև դրանք թույլ են տվել երկրում քաղաքականություն իրականացնողներին, վերլուծաբաններին, գործարարներին, ինչու չէ՝ նաև օտարերկրյա ներդրողներին, ժամանակի՛ն տեղեկանալ տնտեսությունում սպասվող միտումների և առկա տնտեսական միջավայրի վերաբերյալ:

Կենտրոնական բանկի կողմից կիրառվող այս նոր միջոցն, ուրեմն, ներդրվեց նաև մեզանում, և շարունակությունն  էր այն աշխատանքը, որն իրականացվում էր Ազգային վիճակագրական ծառայության կողմից: Պարզապես առաջինը տվյալներ էր հրապարակում արդեն կատարվա՛ծ տնտեսական գործընթացների, իսկ ԿԲ-ն՝ տնտեսական սպասումների վերաբերյալ:

Հիմա, եթե առաջին երկու ինդեքսները  հաշվարկվում են հիմնականում տնտեսության բուն մասնակիցների սպասումների վրա, երրորդ բաղադրիչը՝ Սպառողների վստահության ինդեքսը, սպառողների (տնային տնտեսությունների) կամ մեր ընտանիքների ամփոփ գնահատականն է՝  սպասվող եկամուտների, ծախսերի, զբաղվածության փոփոխության և տնտեսության ընդհանուր վիճակի վերաբերյալ:

Ամբողջ աշխարհում այս ցուցանիշը խիստ կարևոր ու նաև քաղաքական նշանակություն է ստանում հենց միայն այն պատճառով, որ, ըստ էության, արտահայտում է բնակչության, այսինքն՝ սովորական քաղաքացիների ամենառեալ վերաբերմունքն ու վստահության աստիճանը՝ իշխող քաղաքական ուժի և նրա կողմից վարվող տնտեսական քաղաքականության նկատմամբ:

Եւ ուրեմն՝ ինչքան են հոգնել մեր քաղաքացիները, ինչքա՛ն չեն վստահում նրանք այս իշխանություններին, որ ի տարբերություն նախորդ երկու եռամսյակների չնչին աճին, այս անգամ իրենց վստահության ինդեքսը նվազեցրել են ուղիղ 4.3 տոկոսային կետով:

Ընդ որում, ընթացիկ պայմանները բնութագրող ցուցանիշներից ամենամեծ անկումն արտացոլել է տնային տնտեսությունների ֆինանսական վիճակի ցուցանիշը՝ շուրջ  7 տոկոսային կետ, ինչը նախկինու՛մ էլ առանձնապես բարձր չէր:

Այլ կերպ ասած՝ հնարավոր 100%-ով վստահ լինելու փոխարեն, մեր բնակչությունն իշխանություններին էր «վստահել» իր լավատեսական  35.5%-ը: Եւ հիմա եթե սրանից ընդամենը յոթ կետով է անկում արձանագրվել, Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանի հետ միասին, պիտի առնվազն ոտքով քառասուն եկեղեցի ուխտագնացություն կատարի՝ մեր ժողովրդի համար ուղիղ քառասուն մոմ վառելով, որովհետև հենց միայն այն խայտառակ իրավիճակը, որ նրա՛նք Ամանորից առաջ «պարգևեցին» բոլորիս, ուղղակի զրոյական վստահության էր արժանի:

Այնպես որ՝ մեր բարեսիրտ ժողովուրդը  նաև ընդհանուր տնտեսության վիճակի վերաբերյալ գնահատականների ցուցանիշում է բարեսիրտ գտնվել՝ ընդամենը  5 տոկոսային կետով անբավարար նշանակելով իշխանություններին (18.6%-ից՝ 13.6%):

Մյուս կողմից էլ՝ շատ հնարավոր է, որ հենց անբավարար էլ նշանակել է, իսկ այս 13.6%-ն  էլ գլուխ են բերել այն տնային տնտեսությունների «հաշվառմամբ», որոնք քիչ թե շատ մոտ են իշխանական կերակրատաշտին:

Բայց եթե նույնիսկ համարենք, որ ամեն բան կարգին է, և  այստեղ էլ թվանկարչությամբ չեն զբաղվել ԱՎԾ-ի նմանությամբ, խելքի, գրագիտության, այս ու այն կարողության մասին ճամարտակող ՀՀԿ-ն, իր ղեկավարով հանդերձ, պիտի՛ որ ամոթից գոնե պապանձվեն…

Նախորդ հոդվածը‘Հայտնի է Եվրատեսիլ 2015-ին Հայաստանը ներկայացնող Geneology խմբի 2-րդ մասնակցի անունը’
Հաջորդ հոդվածը‘Վճարվել է «Նաիրիտ»-ի աշխատակիցների մեկ ամսվա աշխատավարձը’