‘
Ինչպես արդեն հայտնի է, Ապրիլի 24-ին ընդառաջ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել գրավոր ուղերձով, որը տեղադրվել է նրա պաշտոնական կայքում: Չնայած առանձին վերապահումներին՝ ուղերձի ընդհանուր տրամաբանությունը քիչ թե շատ ընդունելի կարող էր լինել Ցեղասպանության զոհերի հետնորդների, ինչպես նաեւ՝ բոլոր հայերիս համար, որովհետեւ Էրդողանն առաջին անգամ համարձակություն ունեցավ խոսելու «օսմանյան կայսրության քաղաքացի հայերի ապրած ցավի մասին» եւ ընդծեց, թե այդ «հիշողությունները հասկանալն ու կիսելը մարդկայի՛ն պարտականություն է»։
Էրդողանի խոսքի ամենակարեւոր ուղերձը, սակայն, հետեւյալն էր՝ «1915-ի իրադարձությունների հետ կապված տարբեր մտքերն ու տեսակետները ազատորեն արտահայտելը ժողովրդավարական մշակույթի եւ ժամանակի անհրաժեշտությունն է»։ Հանգամանք, որի հետագա «գործնական զարգացումն» ինչ-որ պահի կարող էր հույս ներշնչել, թե մեր երկու ժողովուրդները վերջապես կարող են դարասկզբին պատահածի մասին բաց ու ազատ զրույց սկսել: Հուզվել, նեղսրտել, գուցե տեղ-տեղ էլ կոպիտ լինել, բայց լինել ԲԱՑ: Ազատ եւ ընդհանուր մի ճանապարհով անցնելուն պատրաստակամ:
Ցավոք, նույն այս Էրդողանն այսօր վերը նշվածին բացարձակապես հակառակ տրամաբանությամբ եւ արդեն բանավո՛ր ուղերձ է հղել իր հանրությանն ու հայերիս՝ Ապրիլի 24-ը ոչ միայն հակադրելով իր կազմակերպած Գալիպոլիի հիշատակմանը, այլեւ մի նոր «սառը վիրավորանքի պատ կառուցելով» մեր ժողովուրդների միջեւ: «Ի՞նչ են անելու նրանք ապրիլի 24-ին՝ պատրաստվում են միասին հավաքվել Հայաստանում, բայց կնվագեն ու կպարեն միայնակ: Նրանք կխոսեն, այս կամ այն կանեն, կզրպարտեն Թուրքիային: Ինչ վերաբերում է մեզ՝ մենք ապրիլի 24-ին կհավաքվենք Գալիպոլիում, եւ Հայաստանը Գալիպոլիի մեր օրակարգում չի՛ լինի: Ապրիլի 23-ին Ստամբուլում աշխարհի հետ մենք կխոսենք խաղաղության մասին, սա է մեր տարբերությունը»,- ահա այսպիսի ցինիկ եւ վիրավորական հայտարարությամբ է հանդես եկել Էրդողանը անմիջապես Ապրիլի 24-ի նախօրեին:
Ի դեպ, վերջին շրջանում տարօրինակ մետամորֆոզների միջոցով կամ միջով է ներկայանում նաեւ արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն:
Նա ե՛ւս օրեր առաջ խոսել էր «պատմակական պատասխանատվության եւ մարդ լինելու պարտավորության անհրաժեշտությունից ելնելով` հարյուր տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններում կյանքից հեռացածների մասին», որոնց հիշել էր «հարգանքով՝ որպես երկու ժողովրդի ժառանգներ, որոնք հարյուր տարի առաջ ուրախության ու տխրությունն նույն ճակատագիրն են կիսել»: Նա էլ էր խոստացել, թե «Թուրքիան այս պատասխանատվության նկատմամբ անտարբեր չի մնա եւ երկու ժողովուրդների բարեկամություն եւ խաղաղության համար կշարունակի անել այն ամենն, ինչ կարող է»։
Հերիք էր, սակայն, Հռոմի Ֆրանցիսկոս Պապը խոսեր Թուրքիայի կողմից իրականացված հայերի Ցեղասպանության մասին, եւ Դավութօղլուի «գրավոր լայնախոհությունից» հետք անգամ չմնաց:
«Թուրքիան թույլ չի տա օգտագործել 1915 թվականի դեպքերը Անկարայի դեմ՝ քաղաքական ճնշում գործադրելու համար: Այնպես որ, Հռոմի Պապը, նոր թշնամություն սերմանելու փոխարեն, լավ կաներ հիշեր, որ ժամանակին Թուրքիան ապաստան է տվել նրանց, ովքեր փախել են կաթոլիկ եկեղեցու կողմից իրականացվող ինկվիզիցիայից»,- ասել էր վարչապետը:
Ընդ որում, սա Դավութօղլուի միակ «կերպարանափոխությունը» չէր. այսօր էլ տեղեկացանք, որ նա իրականում Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալանի կողմից հիշատակված «տեղահանությունը», որ «ի տարբերություն հայերի պնդած Ցեղասպանության՝ կիրառվել է հայերի նկատմամբ», հիմա էլ անվանել է «մարդկության դեմ հանցագործություն՝ որտեղ էլ որ այն պատահած լինի»:
Այլ կերպ ասած՝ Դավութօղլուն այս անգամ էլ անուղղակիորեն ընդունել է, որ Օսմանիան Թուրքիան հանցագործություն է կատարել ոչ թե միայն հայերի, այլեւ համա՛յն մարդկության առջեւ, եւ թվում է՝ սրանից ավելին անհնար է, որ ասվի: Որոշ առումով, թե կուզեք, սա նույնիսկ ավելին է, քան զուտ Ցեղասպանություն բառն արտասանելը:
Պարզվում է, սակայն, վարչապետն անկեղծացել է ո՛չ այն պատճառով, որ որոշել է վերջապես «մարդ լինելու իր ողջ պատասխանատվությունը երեւան բերի», այլ որպեսզի խոսի առհասարակ պատմության մասին եւ բացահայտի, թե «իսկ ի՞նչ ուրիշ ցեղախմբեր են ոչնչացվել արեւմտյան գաղութատիրական վարչակազմերի կողմից»:
«Եթե այդ հարցերը քննարկվեն, այդժամ աշխարհում որևէ մեկը չի կարող նայել մյուսի երեսին»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը՝ «արդար դատավորներ չգտնելու» եւ մեկի սպանությունը մյուսով արդարացնելու մեծ հույսերով տոգորված…
Իր նախագահից, վարչապետից եւ ՆԳ նախարարից ցավալիորեն ետ չի մնացել նաեւ Թուրքիայի կրոնական հարցերի մշտական հանձնաժողովի առաջնորդ եւ կրոնական ամենաբարձր ղեկավար Մեհմետ Գորմեզը: «Reuters» գործակալությանը տված հարցազրույցում նա 1915 թվականի հայերի զանգվածային ջարդերը ցեղասպանություն կոչելու՝ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի ձեռնարկը որակել է իբրեւ «անբարոյականություն» եւ հավելել, թե «մինչեւ մեղադրանքներ ներկայացնելը՝ Վատիկանը նախ եւ առաջ պետք է իր պատմությա՛նը նայի»:
«Ես կարծում եմ, որ Պապի հայտարարությունը անբարոյական է, եւ չեմ կարող այն որեւէ կերպ համաձայնեցնել հիմնական քրիստոնեական արժեքների հետ: Վատիկանը կլինի ամենամեծ պարտվողը, եթե մենք բոլորս հաշիվ տանք նախկին տառապանքների եւ (մեր կողմից – հեղ.) պատճառված ցավերի համար…Արդյո՞ք միլիոնավոր սիրիացի փախստականների այժմյան իրավիճակը մտահոգության ավելի քիչ պատճառ է Վատիկանի համար, քան այն, ինչ կատարվել է հայկական աքսորի ժամանակ»,- հայտարարել է Մեհմետ Գորմեզը՝ մատնանշելով Թուրքիայում ապաստանող Սիրիայի քաղաքացիական պատերազմի փախստականներին, բայց մոռանալով խոսել այն մասին, որ սիրիական ողբերգության սադրիչներից ու հեղինակներից մեկն էլ կրկին իր երկիրն է…
Ի միջի այլոց, Թուրքիայի հոգեւոր առաջնորդի այս հայտարարությունը հատկապես նենգ է այն առումով, որ Գորմեզը ուղիղ ժառանգորդն է օսմանյան մուֆթիության եւ 1915-ին մուֆթի Շեյխ ալ Իսլամի: Մեկը, ով լիազորված էր նույնիսկ սուլթանների իշխանությունը հաստատել, եւ ով նրանց Գլխավոր օրենսդիր խորհրդատուն էր հանդիսանում: Ցավալի է, ուրեմն, որ հոգեւորականը նույնիսկ աշխարհիկ Դավութօղլուի կամ ՆԳ նախարարի «չափ» չի բարձրաձայնում ճշմարտությունը եւ շատ ավելի ցինիկ ժխտողականության դիրքերից է հանդես գալիս:
Ինչ վերաբերում է Ֆրանցիսկոս Պապին «անբարոյականության» եւ հատկապես սիրիական խնդրում մեղադրելուն, ավելի լավ պատասխան, քան «The Washington Post» թերթն է հրապարակել, չէր էլ կարելի գտնել:
«Երբ Պապը Սիրիայում խաղաղության կոչ է անում, երբ Իրաքում Իսլամական պետության ահաբեկչության նկատմամբ բազմակողմանի պատասխան է պահանջում, երբ խոսում է Միջերկրականում զոհվող ներգաղթյալների անունից, Պապի ձայնը դողում է ու կերկերում: Նրա դեմքը ցավ ու տառապանք ա արտահայտում: Նա միջազգային հարաբերությունների ասպարեզ է բերում բարոյականությունը, անկեղծությունն ու կարեկցանքը, ինչը սակավաթիվ արհեստավարժ դիվանագետներ կհամարձակվեին կրկնել, բայց ինչը միլիոնավոր մարդկանց է ոտքի հանում: Ֆրանցիսկոսը պատրաստ է ռիսկի գնալ Հռոմում եւ այնպիսի ֆինանսական ու կառուցվածքային բարեփոխումներ անել, որոնք զայրացնում են իր իսկ եկեղեցականներին: Նա անմոռանալի մի արտահայտությամբ է հանդես գալիս ընդդեմ մարդկային վաճառքի՝ «անտարբերության գլոբալիզացիա», ինչը ազատ շուկայի գաղափարախոսությամբ է մեր օրերում խրախուսվում:
Պապը պաշտպանում է փախստականների եւ ներգաղթյալների իրավունքները, կոչ է անում՝ վերարժեւորել միջուկային զսպում ասվածը: Նա անդրադարձել է նաեւ իսլամական աշխարհին, երբ պաշտպանում էր մահմեդականների շահերն Արեւմուտքում: Սուրբ Հոգու իմաստնությանը, տեսանելի ու անտեսանելի երեւույթներին հավատալով՝ Պապ Ֆրանցիոսկոսը խոստովանում է, որ ինքը ապագայի՛ գործիք է, եւ որ չնայած չի կարող այն ամբողջությամբ կանխատեսել՝ բայց կարող է փորձարկվել…
Ահա թե ինչու նա կշարունակի ռիսկի դիմել եւ աղոթել այնտեղ, որտեղ դրանք անօգուտ ու միամիտ կթվան, բայց նաեւ խաղաղ համակեցության սերմեր կցանեն: Մի բան, որը պե՛տք է, որ ժամանակակից աշխարհի ամբողջ արտաքին քաղաքականության նպատակը լինի»:
Ահա թե ով է իսկական Հոգեւորականը եւ ճշմարիտ Ծառայողը: Թեպետ վստահ եմ՝ Ղուրանն էլ է մարդկությանը ծառայելու, տվյալ դեպքում՝ երկու ժողովուրդների անկեղծ զրույցը կայացնելու ճշմարիտ հնարավորություն ընձեռում: Միայն եթե Գորմեզը կամենա, ոչ թե Դավութօղլուի ասածի պես՝ «հավելյալ թշնամություն հրահրի»»:
‘