‘Գոհար Սիմոնյան. Թրքասիրության եւ հակաթրքության մեջտեղում անձեռնհասությունն է ‘

1494

Երեկ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել  Միավորված ազգերի կազմակերպության՝ Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանում եւ նշել, թե իր համար այդ հարթակում խոսելն «առանձնահատուկ կարեւորություն է ներկայացնում, քանզի այս տարի ողջ աշխարհում ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը»։

Պատմական կոնկրետ դեպքերից հասնելով մինչեւ մեր օրերը՝  հիշատակելով Բամիանի Բուդդայի արձանների, Թիմբուկթուի դամբարանների, Նախիջևանում հայկական միջնադարյան հազարավոր խաչքարերի, Սիրիայի Սրբոց նահատակաց եկեղեցու ոչնչացման փաստերը, անդրադառնալով ԻԼԻՊ-ի, Ալ նուսրայի եւ այլ ահաբեկչական խմբերի կողմից ներկայումս ստեղծված մարտահրավերներին՝ ՀՀ գլխավոր դիվանագետը ՄԱԿ-ին կոչ է արել «առավել արագ արձագանքել» վարվող պատերազմին, որ «բարբարոսները հայտարարել են քաղաքակիրթ աշխարհին»:

Նույն կոնտեքստում նա հայտարարել է, թե այս տարի Հայաստանը կրկին նախաձեռնել է ցեղասպանությունների կանխարգելման բանաձեւ, եւ կոչ է արել ՄԱԿ-ի բոլոր անդամ-պետություններին, առանց որեւէ աշխարհաքաղաքական հաշվարկի, միանալ այդ նախաձեռնությանը, որովհետեւ «միջազգային հանրության բոլոր անդամները պետք է միասնական լինեն` ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու՝ իրենց ջանքերում»:

Հիմա, առաջին հայացքից թվում է, թե նորմալ ընթացք է, եւ արտգործնախարարն էլ, որ ներկայացնում է ցեղասպանված մեր ժողովրդին, խիստ կարեւոր ուղերձ է հղել համաշխարհային հանրությանը:

Բայց հաշվի առնելով մեր պետության ներկայիս վիճակը, որում մարդու հիմնարար իրավունքներն ամե՛ն վայրկյան են բռնադատվում, դիտարկելով հենց միայն փաստը, որ իշխանության գլուխ են կանգնած Մարտի մեկի արյամբ  ճանապարհ հարթածները, ակնհայտ է, որ Էդվարդ Նալբանդյանի «բարձր հումանիզմը»  սոսկ դեկլարատիվ- հակաթրքական, բայց ո՛չ կոնկրետ փիլիսոփայության, համոզիչ աշխարհընկալման եւ մարդու իրավունքների իրական հարգման կոնտեքստում է տեղավորվում:

Ուրիշ բան, որ մտածում ես՝ դե եթե այդպես է, գոնե իրենց կեղծիքի ու ստի՛ մեջ հետեւողական լինեին եւ հայ-թրքական հարաբերությունների  կարգավորման փոքրիկ հնարավորությունների խափանման հետ միասին անմիջապե՛ս արգելափակեին բոլոր   այն ձեռնարկները, որոնք կարող են իրական վտանգ ներկայացնել մեզ համար: 

Մի բան, որ չի արվում:

Օրինակ, օրեր առաջ տեղեկացանք, որ  Թուրքիայի կողմից գործադրված համառ ջանքերի շնորհիվ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակը Բրատիսլավայից տեղափոխվել է Ստամբուլ, ինչն իսկական ապտակ պիտի համարել մեր ժողովրդի դեմքին, եւ հատկապես՝  Նալբանդյանի հիշատակած Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման ֆոնին ու դրա համատեքստում:

Ապտակն էլ մի կողմ, որովհետեւ այս դեպքում մենք գործ ունենք ոչ միայն Հայաստանի նկատմամբ անարդարացի վերաբերմունքի եւ բացահայտ հակահայկականության, այլեւ այդ կառույցի հետ մեր հարաբերությունների բացարձակ խափանման հետ, քանի որ անհայտ է, թե ինչպես է Հայաստանը Ստամբուլում ներկայացվելու, ինչպես են մերոնք այնտեղ աշխատելու եւ այլն:

Էդվարդ Նալբանդյանը, սակայն, այս մասին լռում է: Այդ մասին ակնարկ անգամ չկա ո՛չ միայն նրա զեկույցում, այլեւ արտգործնախարարության կայքում:

Եւ եթե առանձին հարթակներ չլինեին արդեն քաղաքացիակա՛ն հասարակության ներսում, մենք այդպես էլ չէինք իմանա, որ Թուրքիան կարողացել է սրան հասնել անգամ ՄԱԿ-ի կանոնադրության կոպտագույն խախտումներով:

Այդ մասին, ի դեպ, մեր հանրությանը տեղեկացրին  «Ի պաշտպանություն ՄԱԿ-ի կանոնադրության՝ ՀՀ հասարակական դաշինքի»  անդամ Կարինե Դանիելյանն ու այլք՝ վկայելով, թե ՄԱԿ-ի կանոնադրությամբ առկա են մի շարք կոնկրետ չափանիշներ, որոնց Թուրքիան չէր համապատասխանում:

Օրինակ, հենց միայն Կիպրոսի հանգամանքը, Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենալու եւ մեզ շրջափակելու փաստերն արդեն բավական էին, որպեսզի եթե անգամ Թուրքիան նման հավակնություններ էլ ունենար, հայկական դիվանագիտությունը կարողանար ժամանակին սանձել նրա ախորժակը…

Սակայն, ինչպես տեսնում եք, սա չի արվել, եւ հիմա Դաշինքի անդամները հայտնել են, որ կոնկրետ իրենք ամբողջ այս ընթացքում մի քանի անգամ բարձրաձայնել են իրենց մտահոգությունների մասին, նույնիսկ նամակ են գրել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, եւ թեպետ որոշումը չի փոփոխվել, այդուհանդերձ, այնտեղ գտել են անհեթեթ այս իրավիճակը շտկելու ձեւը. Դաշինքին տեղեկացրել  են, թե բացառության կարգով Հայաստանը կաշխատի ոչ թե Ստամբուլի, այլ անմիջապես Նյու Յորքի հետ:

Հիմա չգիտեմ՝ գուցե «հիմարի տերն ինքը Աստված է», եւ շատ ավելի լավ, որ այսուհետ մենք կարծես չմիջնորդավորված հարաբերություններ ենք ունենալու ՄԱԿ-ի հետ, բայց ակնհայտ է, որ բացի ներքին քաղաքականության բացահայտ ձախողումից՝ ամեն օր եւ ամեն առիթով մենք տանուլ ենք տալիս նաեւ արտաքին հարթության մեջ:

Իսկ կոնկրետ խնդրի առումով ստացվում է, որ սրանք խիստ թրքասեր են այնտեղ, որտեղ պետք չէ, որ լինեն, եւ հակաթուրք՝ այն պահին, երբ մեր պետական շահը բացարձակապես ա՛յլ բան է պահանջում:

Անձեռնհաս չեն՝ ի՞նչ են:

Մե՛ղմ ասած:

Նախորդ հոդվածը‘Ռոման Բերեզովսկի. Վստահ եմ, որ հետագայում Հենրիխը կսկսի ավելի լավ խաղալ’
Հաջորդ հոդվածը‘Հասմիկ Բաբաջանյան. Լեւոնի հումորը’