‘Գոհար Սիմոնյան. Իզո՞ւր են ասում` «Գազպրոմը» նոր ռուսական զենք է ‘

1459

«Руки у России все крепче и крепче.

Их не выкрутить даже таким крепким и старым континентом,

как Европа. И зря там говорят, что Газпром- это новое русское оружие»…

Վլադիմիր Պուտին, ռուսգերմանական համաժողով, 9.10.2003 թ.

Եւ այսպես, Սահմանադրական դատարանը դեկտեմբերի 19-ին ՀՀ Սահմանադրությանը չհակասող է ճանաչել Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջև կնքված՝ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին», «Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ» եւ «Հայաստանի Հանրապետություն գազի, նավթամթերքների եւ չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ» համաձայնագրերը:

Բնական է. մի կառույց, որի ղեկավարը 1998-ին անմիջական մասնակիցը դարձավ նախագահ Տեր-Պետրոսյանի դեմ կազմակերպված դավադրությանն ու պետական հեղաշրջմանը, ով սահմանադրական դատարանը դարձրեց իշխանության կցորդն ու այդպես էլ չկամեցավ այս ժողովրդի սահմանադրական իրավունքի պաշտպանության դրոշակակիրը լինել, այս դեպքում ե՛ւս պիտի ընթանար իրեն սովոր՝ խոտորնակ ճանապարհով, մեր սուվերենությունը Կրեմլի առջեւ փռված լաթ դարձնելով…

Ի միջի այլոց, ընդամենը քիչ անց էլ Ազգային ժողովն է պատրաստվում կրկին սովորական դարձած հանդարտությամբ դակել ռուսական կողմի հետ կնքված գազային համաձայնագիրը, որը ոչ այլ ինչ է, քան փաստաթուղթ՝ Հայաստանի վերջնական կապիտուլյացիայի կամ հնազանդեցման վերաբերյալ: Անօրինակ մի ձեռնարկ, որով մինչեւ 2043 թվականը՝ հայկական կողմը «Գազպրոմին» եւ այլեւս ամբողջովին նրա սեփականությունը հանդիսացող «Հայռուսգազարդին» շնորհում է բացարձակ վերպետական կարգավիճակ:

Այլ խոսքով՝ տարոնանժդեհական հայրենասիրությամբ տառապող վարչակազմը սույն Նվաստագրով ստեղծում է մի իրավիճակ, որով առաջիկա հնարավոր իշխանափոխության դեպքում կազմավորվելիք իշխանությունների՛ն էլ է մտցնում անելանելիության փակուղի` անհնարին դարձնելով մանեւրելու ցանկացած փորձ եւ, ՀՀ ինքնիշխանության հետ միասին, բռնաբարելով բիզնեսի տրամաբանությու՛նն իսկ:

Բա ի՞նչ է նշանակում՝ «Գազպրոմի» կողմից «ՀայՌուսգազարդի» 20 % բաժնետոմսերի փաթեթի ձեռքբերումը իրականացվում է ուղիղ վաճառքի ճանապարհով, «առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող որևէ համաձայնեցումների, համաձայնությունների եւ թույլտվությունների ստացման անհրաժեշտության՝ այդ թվում հակամենաշնորհային մարմինների համաձայնեցումների»։ Կամ՝ Հայաստանը պարտավորվում է գազ ներկրել միայն Ռուսաստանից, կամ՝ միայն «Հայռուսգազարդը» պիտի ՀՀ-ից էլեկտրաէներգիա, գազ  արտահանի (այս կոնտեքստում՝ մի անհամեստ հարց տանք. մենք գոնե իրավունք ունե՞նք ռուսական կողմին խնդրել, որ նա էլեկտրաէներգիա արտահանի Իրան կամ հարեւան Վրաստան, թե՞ եթե մի օր Կրեմլում, օրինակ, որոշեն պատժել Վրաստանին, մենք պիտի սառույցին գրենք այդ երկրի հետ նախկինում կնքած մեր միջպետական համաձայանգրերը…), կամ էլ թե՝ հայկական կողմը պարտավորվում է ռուսական կողմի համար, առաջիկա 30 տարում, անփոփոխ հարկային դաշտ ապահովել:

Ո՞վ կարող է ասել՝ ի՞նչ է նշանակում պայմանագրի 6-րդ կետում ամրագրված այն պնդումը, թե «Հայաստանի տարածքում «Գազպրոմին» կամ նրան փոխկապակցված անձանց պատկանող ցանկացած գույք օգտվում է Հայաստանի Հանրապետության լիակատար եւ անվերապահ պաշտպանությունից, չի կարող ենթարկվել ուղիղ կամ անուղղակի բռնագրավման, ազգայնացման կամ ռեկվիզիցիայի, ինչպես նաեւ՝ այլ միջոցների, որոնք իրենց հետևանքներով հավասարազոր են բռնագրավմանը, ազգայնացմանը կամ ռեկվիզիցիային»։ 

Իսկ 7-րդ հոդվածում ամփոփված ցինի՞զմը: Ի՞նչ ասել է՝ «Հայկական կողմը երաշխավորում է, որ մինչև 2043թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ, սույն Համաձայնագրից բխող կամ սույն Համաձայնագրի հետ կապված ծագող՝ «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության եւ դրանց համապատասխան իրավահաջորդների՝ սույն Համաձայնագրի ստորագրման ամսաթվի դրությամբ իրավունքները եւ շահերը ենթակա չեն փոփոխումների, լրացումների, հետ կանչման կամ կրճատումների՝ առանց ռուսական կողմի համաձայնության»:

Ստացվում է՝ Սերժ Սարգսյանն իրեն ու իր կնքած համաձայնագրին նաեւ Միջազգային արբիտրաժային դատարանի՞ իրավասութուններով է օժտել, թե՝ բան է, ու հանկարծ ապագա որեւէ իշխանություն որոշի «փոփոխել» ռուսական իրավունքներն ու շահերը մեր երկրում…

Գագիկ Հարությունյանն ու Սահմանադրական դատարանը կարո՞ղ են պատասխանել՝ եթե իշխանությունը որոշի փոփոխել մեր օրենսդրությունը, օրինակ՝ ավելացնի շահութահարկի չափաբաժինը, ինչու՞պիտի բոլորը, ենթադրենք՝ 25% շահութարկ վճարեն, իսկ ահա ռուսական կողմը, միայն այն պատճառով, որ առանձին հոդվածով է նման ցնդաբանություն ամրագրվել՝ 20%:

Իսկ որ ամենակարեւորն է՝ ի՞նչ է նշանակում՝ անորոշ ժամանակով կնքված Համաձայնագիր, եթե դրանում հստակ ժամանակացույց կա՝ 2043 թվական, դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Եւ ընդհանրապես՝ եթե ամեն բան այդքան հստակ ու միաժամանակ՝ անորոշ է, գուցե մի անորոշ հստակություն էլ սրա՞նք մտցնեին՝ Համաձայանգրում, օրինակ, ամրագրելով, որ մինչեւ 2043 թվականը գազի սակագինը մնալու է անփոփոխ Հայաստանի համար:

Թե չէ մի տեսակ անհարմար բան է ստացվում. այդքան ջանք են թափում սեփական նստուկը Բաղրամյան 26-ի գահավորակին սոսնձելու ուղղությամբ, բայց ընդամենը մինչեւ 2018-ն են, փաստորեն, իրենց ապահովագրում: Դրանից հետո, համաձայն մեր բացառիկ ստախոս նախարար Արմեն Մովսիսյանի, ռուսական կողմը կրկին գազի սակագնի փոփոխման հարց է բարձրացնելու մեր առաջ…

Ի դեպ, կառվարության կուլիսներում ակտիվորեն մի տեսակետ է շրջանառվում, թե դրանից հետո եւ գուցե՝մինչ այդ, հնարավոր է՝ գազը նույնիսկ էժանանա: Մե՜ծ խորամանկություն ու եզակի երկայնամտություն է հանդես բերել, ուրեմն, այս տարիքում ոչինչ չորոշող — սեւ անձրեւանոցով Բրեժնեւի վերածված Տիգրան Սարգսյանը:

Ափսոս՝ նոր տեխնոլոգիաների, ինովոցիաների եւ առհասարակ՝ գիտելիքահենք տնտեսության սիրահարից չեն հետաքրքրվում ընդհանրապես այլընտրանքային էներգակիրների եւ նույնիսկ՝ քոչարյանական նեղացված խողովակներում է՛ն գլխից խեղդված իրանական այլընտրանք գազի վերաբերյալ:

Հավանաբար, բոլորն արդեն համոզված են, որ եւ՛ դրա եւ՛ ընդհանրապես նորմալ երկիր դանալու հնարավորությունը տարոնանժդեհական հաղթողականներն առհավետ թաղեցին Հայատանի Հանրապետություն կոչվող ռուսական ՍՊԸ-ի փլատակների ներքո, դրա համար էլ լուռ են: Այսուհետ մենք միայն իրավունք ունենք «որպես առանց ձայնի իրավունքի դիտորդ ներկա գտնվել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության Տնօրենների Խորհրդի նիստերին՝ ստացված տեղեկատվության գաղտնապահությունը պահպանելու պայմանով»:

Չափազանցություն չհնչի՝ բայց կարելի է նաեւ առհասարա՛կ կողպել Բաղրամյան 26-ի եւ Տիգրան Սարգյանի կանտորայի դարպասները: Կարող ենք նաեւ յոլա գնալ ռուսական տեղապահով: Միաժամանակ՝ ահագին ֆինանսական միջոցներ էլ կխնայենք՝ ժամանակ առ ժամանակ սոված ժողովրդի համար «արյունոտ չորեքշաբթիներ» կազմակերպելով…

Նախորդ հոդվածը‘Բողոքի ակցիա՝ ընդդեմ Ս. Սարգսյանի միանձնյա որոշման’
Հաջորդ հոդվածը‘Գազի պայթյուն` Կաքավաձոր գյուղում’