‘Գոհար Սիմոնյան. Ինչ կտա Ժնեւը սիրիական խնդրի կարգավորման հարցում’

3209

Ամենայն հավանականությամբ, հունվարի վերջին Ժնեւում բանակցություններ կընթանան սիրիական խնդրի կարգավորման առիթով: «Մինչ այդ Ռուսաստանը կամենում է տեղում փոխել ուժերի հարաբերակցությունը, որպեսզի Սիրիայում քաղաքական լուծման հասնի չեչենական եղանակով եւ ընդդիմությանը (սիրիական – հեղ.) ճնշելով»,- գրում է ֆրանսիական Le Monde պարբերականը` հղում անելով սիրիական ընդդիմությանը:

The Guardian-ն այս առիթով պնդում է, թե, հնարավոր է, Պուտինն, այնուամենայնիվ, գիտակցում է Ասադին մինչեւ վերջ պաշտպանելու անհնարինությունը, այդ պատճառով էլ «դեմ չէ նրա` Ռուսաստան աքսորին, ինչը խնդրի լուծման համար նոր հնարավորությունների դռներ է բացում Ժնեւում»:

Պարբերականն այս եզրակացությանն է հանգել Պուտինի` գերմանական Bild պարբերականին տված նախատոնական հարցազրույցի հիման վրա, որում ՌԴ նախագահը հայտարարել էր, թե անհրաժեշտության դեպքում իր երկիրը պատրաստ է Ասադին քաղաքական ապաստան տրամադրել:

Հետաքրքիր է, որ The Guardian-ն առաջին անգամ որոշ առումով նաեւ ողջունում է մինչ այժմ Ասադին մատուցված ռուսական օժանդակությունը, որովհետեւ կարծում է, թե դատելով ԴԱԻՇ-ի գործողություններից եւ նրա պլաններից, հնարավոր է` «Ասադն իսկապես էլ այն վերջին մարդն է, որը կանգնած է Սիրիայի եւ Մերձավոր Արեւելքում տիրելիք վերջնական քաոսի մեջտեղում»:

Ժնեւի բանակցությունները, սակայն, այնքան էլ հարթ չեն պատկերանում, երբ ծանոթանում ենք Al Jazeera-ի կողմից հրապարակված մի հարցազրույցի, որտեղ, իբր, զրուցակից է ներկայացված սիրիական ընդդիմության` Բանակցությունների գծով կոմիտեի ղեկավար Ռիյադ Հիջաբը: Ըստ վերջինիս` «Անհնար է բանակցություններ սկսել` առանց նախապես դրանց համար բարենպաստ պայմաններ ստեղծելու… անհնար է ինչ-որ բան պայմանավորվել, քանի դեռ Իրանն ու Ռուսաստանը շարունակում են ռազմական գործողություններն այն տարածքներում, որտեղ նաեւ խաղաղ բնակիչներ են ապրում…»:

Նույն մարդու հետ հարցազրույց վարած Le Monde-ը, սակայն, մանրամասն ներկայացնելով ընդդիմության կոշտ գնահատականները` տրված Ասադին, ռուսներին եւ Իրանին, այնուամենայնիվ, հուսավառ է ընդդիմության` բանակցությունները վերջնագրով չբոյկոտելու առիթով: Իսկ չափից ավելի կոպտությունը բանակցություններից առաջ՝ բացատրվում է այն հանգամանքով, որ մինչեւ այս պահը թե՛ իրանցիները, թե՛ ռուսները սիրիական ընդդիմությանն ահաբեկչական են համարում Ասադի նմանությամբ, իսկ վերջին շրջանում, հերթական երկու ձերբակալություններին զուգահեռ, թիրախային ավիագնդակոծությունների ընթացքում, ոչնչացրել են սիրիական ընդդիմության հրամանատար Զահրան Ալլուշին:

TheWashingtonpost-ը եւս մեծ սպասումներ ունի առաջիկա բանակցությունների հետ կապված։ Ինչ վերաբերում է հակաահաբեկչական գործողություններին` այստեղ չափազանց ուրախ են այն բանից, որ, հնարավոր է, Չինաստանը եւս միանա հակաահաբեկչական կոալիցիային եւ սեփական զորքերն ուղարկի տարածաշրջան: Ճիշտ է` Չինաստանը դեռեւս պաշտոնապես պատասխան չի տվել ամերիկյան կառավարության նման խնդրանքին, բայց ակնհայտ է, որ Պեկինն անհանգստացած է ԴԱԻՇ ներգրավված չինացիների մեծ խմբի հայտնաբերման փաստից: Ավելին` վտանգ կա, որ ԴԱԻՇ-ը հենց այդ մարդկանց միջոցով կարող է մուտք գործել չինական արեւմտյան հատվածներ, մասնավորապես` Սինձյանի շրջան: The Washington post-ն անչափ կարեւորում է չինական մասնակցությանը հակաահաբեկչական իրենց կոալիցիային, որովհետեւ հետախուզական տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ, հնարավոր է, Չինաստանն առաջիկայում միանա հատկապես իրանա-ռուսական միությանը: «Հանգամանք, որն, իհարկե, միայն բարդություններ կստեղծի»,- եզրակացնում է պարբերականը:

Ինչ արդյունքներ կգրանցվեն հունվարի վերջին` Ժնեւում, դեռ վաղ է կանխատեսել: Հասկանալի է, որ Սաուդյան Արաբիան եւ Թուրքիան էլ իրենց հերթին ամեն բան կանեն, որպեսզի սիրիական ընդդիմության վերաբերմունքն ավելի կոշտանա, ընդհուպ` Ասադի հետ ուղղակի որեւէ բանակցություն բացառելու աստիճան: Բայց մյուս կողմից էլ ճշմարիտ են բոլոր նրանք, ովքեր, նույնիսկ ամենաարմատական հակառուսականության եւ հակաասադյան տրամադրություններ կրելու պարագայում, անընդունելի են համարում իրերի ներկայիս դրությունը եւ ջանում են ճեղքում ապահովել սիրիական խնդրի քաղաքական կարգավորման հարցում:

Համարյա բոլոր միջազգային փորձագետներն այս առումով որպես ելք նախանշում են Ասադի եւ սիրիական ընդդիմության փոխշահավետ համաձայնությունը` զինված հակամարտության դադարեցման վերաբերյալ, իսկ հետո արդեն` նոր խորհրդարանական, ապա նաեւ` նախագահական ազատ-արդար ընտրությունների անցկացումը:

Ճիշտ է` ընդդիմությունը մտավախություն ունի, որ գուցե Ասադը կարողանա կրկին իշխանություն պլստալ խորհրդարանական մանդատներ ձեռք գցելու եւ ընդդիմությանը ճնշելու միջոցով, բայց Ժնեւյան բանակցություններն էլ հենց դրա համար են, որպեսզի կոնկրետ խոստումներ կորզվեն նաեւ Ասադից, ապահովվի միջազգային հնարավորինս լայն ներկայությունը բոլոր քաղաքական պրոցեսներին, եւ վերջապես ավարտվի մերձավոր-արեւելյան այն մղձավանջի մի կարեւոր հատվածը, որ կոչվում է սիրիական խնդիր:

Ի վերջո, այս պահին ԴԱԻՇ-ը բոլորի համար շատ ավելի կարեւոր հակառակորդ է, քան Ասադը կամ սիրիական ընդդիմության նույնիսկ զինված որեւէ խմբավորում:

 

Նախորդ հոդվածը‘Մեղադրանք հանձնաժողովի ԲՀԿ անդամին՝ ուրիշի փոխարեն քվեարկելու համար ‘
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնական. «Ռեալի» և «Ատլետիկոյի» վրա տրանսֆերային արգելք է դրվել’