‘Գոհար Սիմոնյան. Իռացիոնալիզմի ու կեղծ ամենատեսության թակարդում’

2119

Ցավալի է տեսնել, թե ինչպես է ռեժիմի գործած ավերածություններին զուգահեռ՝ ամայանում և բանականության վերջին հատիկներից զրկվում նաև երկրի մտավո՛ր տարածությունը: Նույնիսկ նրանք, որոնց խոսքը ժամանակին կշիռ ու արժեք ուներ, նախ՝ իրենց մասնագիտական շրջանակներում, ապա նաև՝ հանրային գոնե որոշակի մի խմբի համար, տե՛ս որ՝ հայտնվում են իռացիոնալության թակարդում և, կամա թե ակամա, իրենցո՛վ հագեցնում այն դաշտը, որ Բաղրամյան 26-ը սիստեմատիկ կերպով սնում է ամենատարբեր «թունաքիմիկատներով» ու հատկապես մոլորությամբ: Բնականաբար՝ ներարկված մոլորությունները հանրությանը փոխանցելու նկատառումով:

Հետաքրքիրն այն է, որ շատ որոշակիորեն ընտրված այս տարածքում որևէ մեկին արգելված չէ՛ քննադատել իշխանություններին: Ավելին՝ այստեղ պարտադիր պայման է, որ, նախ՝ քննադատության բառամթերքը գերազանցի նույնիսկ ամենաընդդիմադրի կողմից ընտրվածին, ապա նաև՝  երևան հանվեն որոշակի ճշմարտություններ: Պարտադի՛ր:

Հենց դա էլ կոորդինացիայի նրբությունն է. խրոխտ տոն, կես-ճշմարտություն, մասնագիտական կայացածությանը զուգահեռ՝ քաղաքացիական-քաղաքական շեշտված դիմագիծ, և սրանց միջակայքում՝ տիրաժավորման ենթակա բուն ասելիք: Այսպե՛ս է իրականություն դառնում իջեցվող «սոցիալական պատվերը»: Այսկե՛րպ է երկրի մտավոր շերտը դառնում ռեժիմի գաղափարական հենարանը:

Ի միջի այլոց, որքան հասկացա, հիշյալ դաշտը հիմնականում երկու մասից է բաղկացած: Կան այնպիսիք, ովքեր սնվում և ուղիղ պատվեր են ստանում  չմիջնորդավորված կերպով, ու կան այնպիսիք, ովքեր անուղղակի սպասյակներ են: Այլ խոսքով՝ «ազդեցության գործակալներ»:

Եթե առաջիններին գործողության է մղում կոնկրետ շահը, երկրորդների շարժիչ ուժը,  չբացառելով այլօրինակ շահը, իռացիոնալ էմոցիաներն ու անձնական չիրականացված ամբիցիաներն են: Օրինակ՝ բարդույթավորված են Տեր-Պետրոսյանի սթափ ու կեղծ սենտիմենտներ չհանդուրժող ներկայությունից: Կամ՝ սեփական անշուքությունից ու «անկշռությունից»: Պատահում են նաև այլ և արդեն կոնկրետ մասնագետի միջամտություն պահանջող ցավալի դեպքեր: Այնպիսիք, որոնց առիթով էներգետիկայի երբեմնի նախարար Գագիկ Մարտիրոսյանն ասում էր՝ «Եղբոր կովը տասը տարի առաջ  գյուղում սատկել է՝ Տեր-Պետրոսյա՛նն է մեղավոր»…

Ինչ էլ լինի՝ այս երկուսին միավորողն, անշուշտ, «ամենատեսությունն է»: Սրանք, որպես կանոն, գիտեն ամե՛ն ինչ: Օրինակ՝ ժամանակին գիտեին, որ.

ա. Տեր-Պետրոսյանն անհուսալիորեն արևմտամետ է և «անցած ճանապարհ»

բ. որ նրան չի՛ հաջողվի մի անգամ ևս համախմբել մեր ժողովրդին:

Երբ համախմբումն իրականություն դարձավ, հիշյալ անձինք ոչ միայն ներողություն չխնդրեցին ու չկանգնեցին ժողովրդի կողքին, այլև, անգամ Մարտի 1-ից հետո, ռեժիմից ոչ պակաս սկսեցին հարվածել հարթակում հավաքված ժողովրդին:

Հետո նորի՛ց սկսեցին հիշել Նախագահի կառավարման ժամանակների «սխալներն ու տխուր ժառանգությունը»: Ասես՝ եթե նույնիսկ սխալներ եղել էլ էին, պարտադիր էր, որ սրանք  անբուժելիորեն բորոտանային՝ «Սելովամի ավազանի» հույս անգամ չթողնելով…

Բայց ուրախությունն, անշուշտ,  կատարյալ էր. հաջողեցի՛ն Սերժին մեր գլխին նախագահ կարգել: Բայց դա հո չի՞ նշանակում, թե գործը պրծավ: Անհրաժեշտ էր  անցնել ամենատեսության այլ ցուցքերի.

ա. անհնար է, որ ԲՀԿ-ն օժանդակի ավազակապետության կազմաքանդման գործընթացին

բ. կտեսնեք՝ ԲՀԿ-ն կկազմի՛ կոալիցիա

գ. ՀԱԿ չկա, նա այլ շահեր է սպասարկում, իսկ ՀՅԴ-ն ու Ժառնգությունը ցավալիորեն են մոլորված:

Երբ այս մի «մարգարեությունն» էլ չիրականացավ, ու երբ տեսան, որ ըննդիմության «օղորմթասը խմելու փոխարեն՝ շուտով իրենցն է խմվելու», այս անգամ էլ Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ-ը ռուսամետ «ստացվեցին» և նույնքան «խավարամիտ», որքան իշխանությունները: Ու երբ պարտվեցին նաև այստեղ՝ բանական հակափաստարկների դաշտում, հիմա էլ ոչ ամբողջական գտան Քառյակի՝ նոր կառավարության առջև դրած պահանջները, որովհետև համարյա ռեժիմի չափ ու նրա պե՛ս են վախենում հնարավոր աշնան հեռանկարից:

Չէ՞ որ եթե «նահապետի աշունն իսկապես էլ վրա հասնի», բոլորի համար կոնկրետանալու և ընտրություն կատարելու անցանկալի անհրաժեշտություն է առաջ գալու:

Եւ խնդրեմ՝ արդյունքը. արդեն այսօր այս ու այն կողմից ձայներ են լսվում այն մասին, որ Քառյակն այլևս չի ներկայացնում հանրության ողջ օրակարգը, որ Քառյակը մինչև աշուն չի հասցնի լիդեր լինել, բայց, այ, իրենք գիտեն, որ աշնանը, հնարավոր է, բոլորովին ուրիշ դերակատարներ ասպարեզ գան, և բոլորովին նոր իրավիճակ ու գործող անձինք հայտնվեն քաղաքական դաշտում: Էդ ո՞վ, մի հարցնող լինի: Դուք որ, հաստատ՝ չէ, որովհետև երբեք ձեր տաքուկ կոմֆորտը չեք զոհաբերի հանուն բանդիտիզմի դեմ այս պայքարի և կբավարարվեք միայն անմեղ ու անշառ հարցազրույցներով: Էնպիսի հարցազրույցներով, որ Սերժը հանկարծ չնեղանա:

Զավեշտալին, սակայն, այն է, որ այս մարդիկ մոռանում են, որ վերջապես իրենք էլ են կոնկրետ քաղաքական միավորման ներկայացուցիչ, ու լավ կլիներ՝ ուրիշների «ակոսը ծուռ տեսնելուն զուգահեռ՝ իրենց իսկ եզներին գործի լծեն»:

Ի՞նչ կա որ. մի քիչ էլ թող Քառյակը «անբասիր արբիտրի» դերակատարում ստանձնի: Չի՞ լինի: Ոչ մի կե՞րպ…

Նախորդ հոդվածը‘ «Չիվաս» — «Բավարիա»՝ 0:1’
Հաջորդ հոդվածը‘Ռաուլը հնարավոր է վերադառնա «Ռեալ»’