‘Գոհար Սիմոնյան. Իսկ դուք ընդդիմության փոխարեն՝ փորձեք Սերժ Սարգսյանին «հասկանալ»’

1950

Չնայած նրան, որ ընդդիմության ճնշման ներքո Սերժ Սարգսյանը սահմանադրական «բարեփոխումները» հետաձգելու որոշման հանգեց, այդուհանդերձ, ամեն բան այն մասին է վկայում, որ Բաղրամյան 26-ը, սովորության համաձայն, «սողացող» կամ ընդհատակյա գործունեության է անցել: Ձեռքի հետ էլ որոշել է բարձրացնել թիմի «ռազմա-հայրենասիրական ոգին»՝ ետին թվով խմբագրելով վերոնշյալ որոշման շարժառիթները:

«Սա շատ տրամաբանական եւ ակնկալվելիք քայլ էր, քանի որ հայեցակարգի առնչությամբ Վենետիկյան հանձնաժողովն էլ էր առանձնացրել մի շարք քաղաքական բնույթի հիմնադրույթներ, հարցադրումներ` նկատելով, որ դրանց առնչությամբ մեր հանձնաժողովը կարող է շարունակել իր աշխատանքները, եթե իշխանությունը հանգի քաղաքական փոխհամաձայնություն: Դրան հասնելու համար ողջամիտ ժամկետ է անhրաժեշտ: Քաղաքական զարգացումները ցույց կտան՝ կունենա՞նք այդպիսի համաձայնություն, թե՞ ոչ»,- օրերս հայտարարել էր սահմանադրական «բարեփոխումների» մասնագիտական հանձնաժողովի անդամ Գեւորգ Դանիելյանը:

Հիմա մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ այսօրինակ բացատությամբ Դանիելյանն իրականում ոչ թե օգնել է Բաղրամյան 26-ին կամ փրկել Սերժ Սարգսյանի դեմքը, այլ, հատկապես ներկայումս ծավալվող իրադարձությունների ֆոնին, լուրջ ծուղակ է պատրաստել թե՛ իշխանությունների, թե՛հենց Վենետիկյան հանձնաժողովի համար: Ընդ որում՝ հնարավոր մի՛ քանի թակարդի տեղադրմամբ:

Նախ՝ եթե իսկապես Վենետիկյան հանձնաժողովն անշահախնդիր — չեզոք փորձագիտական օրգան է, եթե սուտ են այն բոլոր լուրերը, թե Բեռլինի պատի քանդումից հետո ստեղծված եւ նորանկախ երկրներին սահմանադրություն ունենալու հարցում օգտակար եղած այս մարմինն այլեւս Եվրամիության ու տեղական ռեժիմների շահերի «խաչասերման դաշտի է վերածվել», ուրեմն, դրա փորձագետները ո՛չ միայն պիտի խուսափեին Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի «Հեռանկարային ուսումնասիրությունների եւ նախաձեռնությունների կենտրոնի», իսկ իրականում՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի քավորությամբ անցկացվող համաժողովից, այլեւ առնվազն Սերժ Սարգսյանից հետաքրքրվեին ընդդիմության հետ այդպես էլ ձեռք չբերված քաղաքական համաձայնության բովանդակությունից ու պատճառներից:

Ի վերջո, եթե հենց իրե՛նք էին նման պահանջ դրել Սերժ Սարգսյանի առջեւ, այն է՝ հանգել ընդդիմության հետ քաղաքական համաձայնության, իսկ մեկ այլ տեքստով՝ «ապացուցել, որ երկրում առկա է նման փոփոխության անհրաժեշտություն», եւ եթե առանց կոնկրետ քայլերի ձեռնարկման հիմա էլ ընդդիմությա՛նն են մեղադրում, որ այստեղ անհասկանալի պատճառներով «դեմ են կանգնում նման փոփոխություններին այն դեպքում, երբ նախկինում կողմ էին խորհրդարանական կառավարման մոդելին», այլ բացատրություն, քան այն, որ հանձնաժողովի եւ Սերժ Սարգսյանի շահերը տարօրինակ կերպով համընկել են՝ չկա՛:

Հակառակ դեպքում, ընդդիմությանը հասկանալու փոխարեն, նախ եւ առաջ Սերժ Սարգսյանի՛ն կփորձեին հասկանալ: Դե գոնե սահմանադրական փոփոխությունների անցկացնելու նրա մղման մեջ. չէ՞ որ հնց ի՛նքը սկզբում հայտարարեց, թե սահմանադրական փոփոխությունների անցկացման որոշմանն է հանգել նույնիսկ անկախ այն հանգամանքից, որ անձամբ դե՛մ է դրանց…

Ասեմ ավելին՝ եթե նույնիսկ Բարգավաճ Հայաստանն ու Ժառանգությունը ժամանակին կողմ են եղել նման փոփոխության, իսկ այժմ հայտարարում են, որ հիշյալ տրյուկն ընդամենը Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրումն է ապահովելու, այս հանգամանքը պիտի ավելի՛ շատ մտահոգեր Վենետիկյան հանձնաժողովի փորձագետներին: «Եվրոպագոնները չէին ընկնի ուսերից», եթե բլից-հարցազրույցների ու Գագիկ Հարությունյանի հետ ճաշի արանքում «մի սուրճ էլ ընդդիմության հետ խմեին»՝ բոլոր «չգիտեմների» պատասխաններն անձա՛մբ ստանալով…

Բայց ո՛չ, արի տես, որ՝ Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտը կարծես հմայված լինի Գագիկ Հարությունյանի կողմից մատուցված «խորքային փիլիսոփայական դոկտրիններով, որոնք պիտի ընկած լինեն սահմանադրությունների հիմքում» (գրազ կգամ, որ իրե՛նք էլ շատ լավ գիտեն, որ այս մարդու միակ խորքային փիլիսոփայական դոկտրինը մեկն է՝ ինչպես անել, որ ցմահ պաշտոնավարման ընթացքում երբեւէ որեւէ իշխանության որեւէ կոշտուկ չտրորի՝ ցանկացած Սահմանադրության «հերն անիծելով», այդքան բան…) :

Ավելին՝ չի խորշում, փաստորեն, քննադատել ընդդիմությանն այն դեպքում, երբ ձեռքի տակ նույնիսկ կոնկրետ բարեփոխումներ չկան: «Վենետիկի հանձնաժողովն իր հավանությունն է տվել բարեփոխումների հայեցակարգին, սակայնդեռ բարեփոխումները չկան, դեռ նոր պետք է լինեն, դեռ նոր պետք է գրվեն տեքստերը, հոդվածները և միայն դրանից հետո կարելի կլինի ասել՝ դրանք հաջո՞ղ բարեփոխումներ են, թե՞ հաջող բարեփոխումներ չէին»,- բլից-հարցազրույցում հայտարարել է Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտը:

Իսկ Aravot.am-ին էլ տեսեք, թե ինչ է ասել. «Բնական է, որ ընդդիմությունը կասկածանքով է վերաբերվում կառավարության գործունեությանը..երեւի՝ բավական հիմնավոր պատճառներով: Սակայն Վենետիկի հանձնաժողովը՝ որպես դրսի դիտարկող, ավելի շատ հակված է կարդալու տեքստերը, այլ ոչ այն, ինչ թաքնված է տեքստերի հետևում»:

Ա՜յ քեզ ցինիզմ՝ թող ներվի ասել:

Ուրեմն, ձեզ միայն գեղեցիկ տեքստեր են հարկավոր, այո՞: Գրագետ, գեղեցիկ տեքստեր: Ինչ կպատահի հետո դրանց հետ կիրարկման ընթացքում՝ պետքնե՛րդ չի:

Ինչպես Մարտի 1-ին. չէ՞որ նախորդ անգամ էլի՛ ձեր հավանությանն արժանացած սահմանադրական փոփոխություններով ոչ ընտությունները կեղծելու հրամայական էր իջեցված հրապարակ, ոչ սպանության, ոչ տեռորի:

Բայց պատահեց: Եւ դա Վենետիկյան հանձնաժողովի գործը չի: Նրա գործը միայն ժողովրդավարության նպաստումն է օրենքի միջոցով՝ for democracy through low.

Շատ լավ, ընդունեցի՛նք դիտարկումը: Հենց այդպես է, որ կա՝ հանձնաժողովից իրավունք չունենք պահանջել ավելին, քան նրա իրավասության մեջ է մտնում:

Բայց այդ դեպքում, ուրեմն, միգուցե այստեղ հրաժարվե՞ն «Սերժ Սարգսյանի ձեռքի տակ Գագիկ Հարությունյան աշխատելու մոլուցքից»: Թող ոչ մի բանով էլ չօգնեն, եւ թող սրանք անեն այն, ինչ խելքներին փչում է: Մենք էլ ընդդիմանանք այնպես, ինչպես եւ ինչով կարող ենք:

Թե չէ՝ գեղեցիկ տեքստերով կկեղծեն ընտրությունները, «խոր փիլիսոփայական դոկտրինների» առկայությամբ կսպանեն, թե առանց դրանց՝ ի՞նչ կարեւոր է, եթե կա կյանք՝ թղթի ետեւում թաքնված: Կյանք, որի վրա եվրոչինովնիկը նույնքան թքած ունի, որքան ռեժիմն ինքը…

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Նարեկ Սարգսյան. Սխալ է աղետի գոտում բնակարաններ կառուցելը’
Հաջորդ հոդվածը‘ՀԲ-ն Հայաստանին կտրամադրի 40 մլն դոլարի վարկ՝ էներգետիկ ենթակայանների արդիականացման համար’