‘Գոհար Սիմոնյան. Կառավարության եւ Կենտրոնական բանկի պերճանքն ու թշվառությունը’

1768

Չնայած նրան, որ անցած շաբաթվա վերջին ՀՀ Կենտրոնական բանկը մեկ դոլարի դիմաց սահմանել էր 418 դրամ փոխարժեք, իսկ մինչ  այդ երկրի գլխավոր բանկիրն Ազգային ժողովում հայտարարել էր «ամեն բան մինչեւ վերջ հաշվարկելու եւ բոլոր սցենարներին պատրաստ լինելու» վերաբերյալ, երեկ համարյա բոլոր լրատվամիջոցներն օրվա վերջում անդրադարձան այն փաստին, որ ՀՀ ֆոնդային բորսան իր աշխատանքն ավարտեց դրամի կտրուկ եւ անակնկալ արժեզրկմամբ:

Ըստ էության՝ մեկ դոլարի գինը հաշված ժամերի ընթացքում ավելացավ 18 դրամով՝ կազմելով 435 դրամ: Եւ դա՝ այն դեպքում, երբ Կենտրոնական բանկը նույն օրվա ընթացքում ռեկորդային քանակությամբ ինտերվենցիա իրականացրեց՝ շուկա հանելով առնվազն 32 մլն դոլար:

Ասել, թե դրամի արժեզրկումն իսկապես անակնկալ էր, սխալ կլինի, որովհետեւ, չնայած ԿԲ-ի արտաքին հանդարտությանն ու այդ տրամաբանությամբ հնչող տեքստերին, ակնհայտ էր, որ  ռուսական ռուբլու արժեզրկման, զրոյական ներդրումների, նվազող տրանսֆերտների, առհասարակ՝ երկրի վճարային հաշվեկշռի տխուր պատկերի եւ տնտեսության թշվառ  դրության ֆոնին՝  այլ բան չէր էլ կարելի սպասել:

Ի դեպ, առանձին դետալներ մեզ հուշում են, որ ԿԲ-ն իրականում լավ էլ տեղեկացված է եղել իրերի իսկական դրությանը եւ բավական երկա՛ր է դիմադրել ներկայացվող «անակնկալին»: Հակառակ պարագայում՝ դժվար է ասել, թե հուլիսի վերջին մոտավորապես 1 միլիարդ 912 միլիոն հայտարարված դոլարային պահուստներից առնվազն 250 միլիոնն ուր է անհետացել հոկտեմբերից այս կողմ:

Չկռահեցի՞ք՝ ԿԲ-ն այդ փողը շուկա՛ է հանել:

Իսկ շուկա է հանել, որպեսզի մեղմի դոլարի պակասուրդը, նաեւ չշեղվի իր գլխավոր ծրագրային խնդրից՝ գնաճի նպատակային ցուցանիշի ապահովումից  ու տարին թղթի վրա «նորմալ փակելու» գայթակղությունից:

Թե այդ ընթացքում տնտեսության մեջ ինչ գործընթացներ տեղի կունենան, ինչպիսի արտաքին մարտահրավերներ կառաջանան, ինչպես կարող են դրանք ազդել մեզ վրա՝ այս ամենը, կառավարության հետ միասին՝ իր հոգը չէ:

Կարեւորն այն է, որ հատկապես բյուջետային քննարկումների ընթացքում ստեղծվեր քիչ թե շատ «կայուն իրավիճակ», եւ հնարավոր լիներ ԱԺ-ում հաջորդ տարվա համա՛ր էլ դեմքի անվրդով արտահայտությամբ ստել այն մասին, թե  «ագրարային ոլորտում իրականացվող ծրագրերի, արդյունաբերության վերականգնման, տուրիզմի ոլորտի աշխուժությամբ պայմանավորված սպասվող տնտեսական աճի» հետ մեկտեղ՝ «ազգային արժույթը եւս կդրսեւորի միանգամայն կանխատեսելի վարք»: 

Ստացվում է՝ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության երեկվա հաղորդագրությունն ընդամենն իրենցից դու՞րս փաստի արձանագրում է:

Շատ հանգիստ, ուրեմն, կարելի է հայտարարել, թե «ՀՀ դրամի փոխարժեքի ճշգրտումը թելադրված է վերջին ժամանակահատվածում տարածաշրջանում եւ միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցած զարգացումներով», ու մի կո՞ղմ քաշվել:

Չպատասխանե՛լ, այսինքն, հարցին, թե այդ դեպքում ինչո՞ ւէին հակառակի մասին հեքիաթներ պատմում: Ինչպես Տիգրան Սարգսյանը համաշխարհային տնտեսական ճգնաժամի՝ մեզ չվերաբերելու մասին…

Կամ՝ եթե հիմա նո՛ր են խոսում այն մասին, թե այս իրավիճակից պետք չի անհանգստանալ, քանի որ, «չկա չարիք՝ առանց բարիքի» սկզբունքով, այն նպաստելու է «արտահանման մրցունակության բարձրացմանը, տնտեսական աճին, կայուն աշխատատեղերի ստեղծմանը եւ պահպանմանը, ինչպես նաև բնակչության կողմից ստացվող տրանսֆերտների գնողունակության աճին», ինչո՞ւ  որեւէ շարժ չկա՝ ՀՀ պետբյուջեն վերանայելու հետ կապված:  

Ի վերջո, այնտեղ  մեկ դոլարի փոխարժեքը հաշվարկել եւ ամրագրել են 411 դրամի չափով: Չխոսենք այլեւս այն մասին, որ հենց միջազգային տնտեսական դրության ու իբր՝ արտաքին գործոնների քննությա՛մբ էր հաջորդ տարվա համար հաշվարկվել  չափազանց համեստ՝ 3%-ի չափով տնտեսական աճ:

Մեկ այլ բանի վրա ուշադրություն հրավիրենք. ակնհայտ է,  որ դրամի արժեզրկումը անհանգստացնելու է նաեւ հիմնականում «ներկրման վրա նստած իշխանական սամվելալեքսանյաններին»: Բնականաբար, հիմա նրանք դրսում ավելի թանկ են այս կամ այն ապրանքը ձեռք բերելու, անհավատալի է, որ հրաժարվելու են գերշահույթներից, եւ կանխատեսելի է, որ մի բան էլ ոչ ադեկվատ ձեւով են ապրանքների գները բարձրացնելու՝ մինչեւ վերջ «խեղդելով» մեր սպառողներին:

Տրամաբանական է, որ ստեղծված դրությունը  կասկածի տակ է առնելու ոչ միայն  ԿԲ՝ գնաճի հետ կապված այս տարվա ծրագրային ցուցանիշների ապահովումը, այլեւ հող է նախապատրաստելու հաջորդ տարվա նմանօրինակ պրոցեսների համար: Սա էլ, իր հերթին, փոխելու է ամբողջ երկրի ու բյուջեի պատկերը, եւ եթե հենց այս պահին կառավարությունը ադեկվատ չարձագանքի իրավիճակին,  ստացվում է, որ  Հովիկ Աբրահամյանի ներկայացրած բյուջեի նախագիծը, որպես անպետքություն, հենց այս պահի՛ն է պետք աղբանոց նետել՝ մի ավելորդ անգամ հայտարարելով իշխանությունների անգործության եւ ընդհանրապես՝ իշխանափոխությա՛ն անհրաժեշտության մասին:

Գալով կրկին ԿԲ-ի հայտարարությանը՝ տնտեսական աճի եւ արտահանումների ավելացմամբ շահվելիք իրավիճակի մասին,  այստեղ արդեն մի լավ ծիծաղը բոլորովին չէր խանգարի գոնե նյարդայնությունից քիչ թե շատ ազատվելու համար:

Նախ՝ արտահանման խթանումը քնից արթնանալուց հետո ու «քեզնից անկախ» ստեղծված պահից օգտվելու այսրոպեական մի բան չէ: Այն քաղաքականություն է, որն էլի պիտի տարիներ շարունակ կոնկրետ արտահայտություն ունենար կառավարության գործունեության ծրագրում ու պետբյուջեում: Իսկ մենք տեսնում ենք, որ նման բան առհասարակ չկա գոնե ա՛յս տարվա բյոջեում, եւ դրա լավագույն ապացույցներից մեկն էլ մեր վճարային հաշվեկշռի պատկերն է:

Տեսե՛ք. տնտեսության արտաքին կայունության տեսանկյունից կարեւոր է հատկապես Ընդհանուր հաշվի պակասուրդը (դեֆիցիտ)՝ Համախառն ներքին արդյունքի նկատմամբ: Եւ եթե այդպես է՝ ինքներդ այս աղյուսակից կարող եք տեսնել, թե որքան էլ «նկարված», այնուամենայնիվ, ինչ «սքանչելի» քաղաքականություն են վարել հատկապես «առաջանցիկ» Սերժ Սարգսյանն ու իր կառավարությունը:

 

Չափորոշիչ

2007

2008

2009

2010

2011

2012

2013

Փաստ

Փաստ

Փաստ

Փաստ

Փաստ

Փաստ

Փաստ

Տնտեսական աճ (ՀՆԱ % փոփոխություն)

13.7

6.9

-14.1

2.1

4.6

4.2

4.5

Գնաճ միջին

4.4

9.0

3.4

8.2

8.2

5.5

4.3

Ընթացիկ հաշիվ /ՀՆԱ %

-6.4

-11.8

-15.8

-13.9

-11.1

-12.2

-10.9

 

Այսքանից հետո, եթե հատկապես ակնարկվում է, թե արտահանումը հայտնի պատճառով հիմնականում կողմնորոշվելու է ռուբլու գոտի, հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող է այս իրավիճակից շահել մեր գործարարը, եթե նույն Ռուսաստանում, օրինակ, ճիշտ մեր նմանությամբ, ձեռնտու է դիտվում հիմնականում արտահանումը, ոչ թե ներկրումը: Եթե ռուբլին այնքան է արժեզրկվել, որ. միեւնույն է, հայ գործարարն ավելի՛ քիչ գումար է ստանալու արտահանված ապրանքի համար, քան՝ նախկինում, եթե քիչ չեն լուրերը, որ գնալով ուշացնում են արտահանվող ապրանքի համար վճարվող գումարները: Վերջապես՝ եթե այս տարի թանկացան թե՛ գազը, թե՛ էլեկտրաէներգիան, որոնք հաստատ ամենավերջին գործոնը չեն գնագոյացման հարցում:

Թե՞ կառավարությունը պատրաստվում է երկրի ամբողջ ընդերքը «քերել-արտահանել»: Այն էլ՝ հիմնականում Եվրամիությա՛ն երկրներ…

 

Նախորդ հոդվածը‘Ռուդի Գարսիա. «ԲԿՄԱ-ի դեմ խաղում մեզ կբավարարի նաև ոչ-ոքին»’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը Կանանց նկատմամբ բռնությունների վերացման օրվա կապակցությամբ ‘