‘Գոհար Սիմոնյան. Հայաստան-Սփյուռք համաժողո՞վ, թե՞ «գլուխարդուկոցի»’

1541

Ժամանակին իշխանագողերից մեկն անկեղծացել էր, թե չգիտի՝ ինչ ասել է Ցեղասպանություն, բայց հստա՛կ գիտի, որ այդ մասին խոսելու դեպքում Սփյուռքը պատաստ է «բացել իր գրպանը» Հայաստանի իշխանությունների առաջ…

Սա չափազանց ուշագրավ դիտարկում է եւ, ակնհայտորեն, ոչ միայն կոնկրետ մարդուն է բնութագրում, այլեւ բացարձակ սրբություն չունեցողների այն «էժան խանութպանային» համակարգն ու  «աշխարհայացքը», որով այսօր Սերժ Սարգսյանն էլ ի՛ր հերթին է պարծենում, եւ որը ներդրվեց մեր կյանք 1998-ի պետական հեղաշրջումից հետո:

Այս պարագայում առաջին գաղափարական «գիծը», որ պիտի տարվեր եւ տարվեց հրաշալիորեն, բնականաբար, Տեր-Պետրոսյանին սեւացնելը  պիտի լիներ: Սրանում որեւէ տարօրինակ բան չկա: Հակառակը տարօրինակ կլիներ:

Բայց այսօր, երբ ամեն ոք եւ ամեն ինչ, ըստ էության, օրվա լույսի պես պարզ են, զարմանում ես որոշ մտքերի «հանկարծահաս» համարձակության ու գեղեցկախոսության առիթով, երբ, մեկ էլ՝ ասում են, թե անկախ Հայաստանի առաջին իշխանությունները երկրից դուրս ապող մեր հայրենակիցներին հիշում էին միայն այն դեպքում, երբ դրամական կամ այլ կարգի օգնություն էին ակնկալում:  Կամ էլ, թե՝ Սփյուռքը գնալով խորթանում ու օտարանում էր Հայաստանից:

Հիմա չեմ ուզում հականե-հանվանե անդրադառնալ այս տեսակ  «պայծառամտություններին», բայց որ Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի համատեքստում առանձին ամրագրումներ անելու անհրաժեշտություն կա՝ հաստա՛տ է:

Ըստ էության՝ վերոնշյալ կեղծիքի եւ քծնանքի պայմաններում Հայաստան-Սփյուռք առաջին համաժողովը, որին ժամանակին խորհրդաժողով անունն էին տալիս, կազմակերպվեց 1999թ. սեպտեմբերին:

Այն անցավ բացառիկ հանդիսավորության, որոշ իմաստով՝ նաեւ ոգեւորության մթնոլորտում, որովհետեւ Սփյուռքի մեր հայրենակիցները դեռ չգիտեին՝ իրականում ինչ վաշխառուների հետ գործ ունեն, եւ իսկապես էլ պատրաստ էին բացել իրենց գրպանները Հայաստանի առջեւ:

Հրաշալի հիշում եմ. առաջին համաժողովի ընթացքում լուրջ քննարկումներ ընթացան թե՛ բարեգործական, թե՛ կոնկրետ բիզնես-ծրագրերի վերաբերյալ, առաջ քաշվեցին բոլոր այն առաջնահերթությունները, որոնք կարեւոր էին մեր  պետության համար, կարծեմ՝ որոշ փոքրիկ պայմանավորվածություններ էլ դրանից հետո իրոք կյանքի կոչվեցին:

Ավելին՝ խորհրդաժողովը որոշ չափով նաեւ քաղաքական միջոցառման վերածվեց, որովհետեւ ընդունվեցին միանգամից երկու  հայտարարություններ: Մեկը՝ Արցախի վերաբերյալ, որով Սփյուռքը վերահաստատում էր իր կամքը՝ օժանդակել մեր պետության դիվանագիտությանը, եւ մյուսը Հռչակագիրն էր, որում ամփոփվեցին Հայաստան-Սփյուռք գործակցության բոլոր  հնարավոր սկզբունքները:

2002-ի երկրորդ խորհրդաժողովը, սակայն,  շատ արագ բացահայտեց, որ անցած մոտ չորս տարիների ընթացքում ոչ միայն կյանքի չեն կոչվել Հռչակագրի դրույթները, այլեւ ունենք շատ քիչ հաջողություններ:

Խոսվեց, իհարկե, մեկ-երկու, իբր՝ մեծ տրամաչափի ծրագրերի մասին, որ արդեն ընթացքի մեջ էին, թե դեռ նոր պիտի իրականացվեին Հովնանյանների, Գաֆեսճյանների եւ հայտնի մեծահարուստ Քրքորյանի կողմից, բայց դրանք, ինչպես հասկացանք, զուտ անձնական պայմանավորվածությունների, գուցե նաեւ՝ պարտավորվածությունների դաշտից էին…

Համընդհանուր տնտեսական աշխուժություն, որը ակնկալվում էր, չկա՛ր: Իսկ ինչպես գիտենք՝ տնտեսության մեջ արտադրված ապրանքից, մատուցված ծառայությունից այն կողմ՝ հաջողության չափման այլ եղանակ գոյություն չունի: Մնացած ամեն բան սոսկ բաժակաճառ է:

Այդ ժամանակ, ուրեմն, որոշվեց մեղքը բարդել «աշխատանքային հանձնաժողովներ չունենալու» հանգամանքի «վրա», եւ գործող իշխանությունը որոշեց անցնել համքարային կամ «մասնագիտական փոխգործակցության ձեւաչափին»՝ հընթացս ձեւավորելով աշխատանքային հանդիպումներ:

Երրորդ համաժողովին արդեն, որ տեղի ունեցավ 2006-ի սեպտեմբերի 22-ին, մարդիկ «ավելի լավ էին նախապատրաստվել եւ ապահովագրել էին իրենց ճշմարտությունից». քծնանքից եւ իրականությունը լղոզող բաժակաճառերից բացի, վիճակագական մեծ կեղծիք երեւան հանվեց նաեւ Հայաստան-Սփյուռք հատկապես տնտեսական համագործակցության դաշտում, որովհետեւ իշխանությունն  արդեն վարպետացել էր «վիճակագրական հավը ողջ ազգին բաժանելու եւ բոլորին կուշտ հանելու» գործում: Գործ, որին մենք թվանկարչություն անունն էինք տալիս…

Այդ ընթացքում էր, որ ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Տիգրան Դավթյանը ասուլիս տվեց, որի ընթացքում նախ ինչ-որ երեւակայական հաջողությունների մասին խոսեց, ապա խոստացավ  ՀՆԱ-ի աննախադեպ աճ, քանի որ ակնկալվում էին մոտ «500-1000 գործարար ծրագրեր, որոնց մեծ մասը վերաբերելու է փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացմանը, զբոսաշրջությանը, գերակա համարվող տեղեկատվությանը եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներին»:

Նաեւ նշվեց, որ գործում է www.businessdiaspora.org հասցեով ինտերնետային կայք, որում ցանկացած հայ ոչ միայն կարող է գրանցվել եւ մասնակիցը դառնալ համընդհանուր հաջող ներդրման, այլեւ ամեն օր օնլայն ռեժիմով տեղեկանալ արդյունքների՛ մասին…

Ամենագայթակղիչը, սակայն, գյուղական եւ հատկապես բարձրլեռնային ու սահմանային համայնքների զարգացման ծրագրերն էին, որի առնչությամբ նույնիսկ Վեհափառը շնորհակալություն հայտնեց՝ հիշեցնելով, որ «սահմանային գյուղերը նախ եւ առաջ սահմանապահ գյուղեր են մեզ համար»…

Թե ինչ եղավ այս բոլոր ծրագրերի արդյունքում՝ վկայում են դարձյալ թվերը: Իսկ դրանք՝ աղքատությունից մինչեւ արտագաղթ եւ տնտեսական ակտիվություն, ոչ միայն մխիթարական չեն, այլեւ որեւէ հոգեցունց խոսքի տեղ չեն թողնում:

Եւ սա այն դեպքում, երբ 1999 -2007թթ. ընթացքում կազմակերպվեցին երեք համաժողովներ եւ Հայաստան-Սփյուռք տնտեսական, մշակութային գործակցությունը խթանող 50-ից ավելի միջոցառումներ: Բյուջեից ծախսված դրամի, տարատեսակ բազե-արծվային «կայֆերի» եւ բիզնեսում «քցված», Հայաստանը կրկին լքած բազում գործարարների մասին էլ լռենք: Մամուլը լի՛ է այդ մասին տեղեկություններով…

Հիմա եթե այսպես ենք խոսում 1999-2007թթ մասին, երբ, այնուամենայնիվ, դրական միջազգային տնտեսական եւ քաղաքական դրություն էր հաստատված, երբ կեղծ, բայց ոգեւորություն կար, եւ երբ ներդրումներն էլ ամբողջապես զրոյական չէին,  ի՞նչ ունենք ասելու 2008-2014թթ. մասին:

Թերեւս այն, որ Սերժ Սարգսյանը «որակական նոր մակարդակի» բարձրացրեց Սփյուռքի հետ կապերը՝ ստեղծելով նույնիսկ համապատասխան նախարարություն:

Կարեւոր  է նաեւ նշել, որ Տիգրան Սարգսյանի հետ միասին՝ նրանք էլ հասցրին երկու «ընդհանրական» համաժողով անկացնել, որոնցից մեկը՝ 2011-ին, մյուսը՝ ընդամենը օրեր առաջ,  մի քանի «մասնագիտական» համաժողովներ, ինչպիսին, օրինակ՝ 2010-ի ֆինանսիստների եւ բանկիրների առաջին համահայկական համաժողովն էր, ապահովեցին բազմաթիվ «բազեների եւ արծիվների թռիչքը հայոց երկնակամարում», եւ այսպիսով՝ Հայաստան-Սփյուռք փոխգործակցությունը «խթանող» մոտ 40 միջոցառման հեղինակ էլ իրե՛նք դարձան:

Բայց թե ո՞րն է այս ամենի արդյունքը՝ անհայտ է:

Գիտենք միայն, որ առկա են Սփյուռքի հետ համագործակցության չորս հիմնական ուղղություններ, որոնց մասին հարկ էլ չեն համարում նորմալ խոսել, եւ որ՝ «նախորդ համաժողովում հնչած 117 ելույթներում արված առաջարկները, դիտողությունները, թեզերը հավաքվել, համակարգվել եւ դարձել են Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացման, ուղղորդման հիմք…Կառավարությունը կազմել է նաեւ ներկայացված առաջարկությունների իրականացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույց:  Տարբեր նախարարություններին եւ գերատեսչություններին վերաբերող հարցերը խմբավորվել եւ ուղարկվել են հասցեատերերին: Ծրագիր-ժամանակացույցով նախատեսված աշխատանքները ՀՀ սփյուռքի նախարարությունն իրականացրել եւ շարունակում է իրականացնել ՀՀ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, համահայկական եւ համայնքային կառույցների հետ համատեղ: Առաջարկությունների եւ դրանցից բխող աշխատանքների մի մասը երկարաժամկետ են եւ կրում են շարունակական բնույթ»:

Բան հասկացա՞ք այս ճռճռան բառերից ու «գլուխարդուկոցից»:

Ես՝ նույնպե՛ս:

Չհասկացա ոչինչ, այսինքն:

 

Նախորդ հոդվածը‘Ռուս փորձագետ. Չեմ բացառում, որ Էրդողանն էլ կարող է ժամանել Հայաստան’
Հաջորդ հոդվածը‘Ընդդիմադիր եռյակը չի բացառում հանրահավաքից հետո նստացույց անցկացնելու տարբերակը’