‘Գոհար Սիմոնյան. Հանրաքվեն կոնկրետ ուղերձ էր Սերժ Սարգսյանին’

1565

Համայնքների խոշորացման՝ այլեւս հայտնի արդյունքներով հանրաքվեի դրված ծրագրի վերաբերյալ, խոստովանենք, լայն հանրային քննարկումներ տեղի չունեցան: Ինչ վերաբերում է քաղաքական գնահատականներին, թերեւս, միայն Հայ ազգային կոնգրեսը հստակ դիրքորոշում ցուցաբերեց այս հարցում՝ պիլոտային ծրագրի «շահառուներին» առաջարկելով դեմ քվեարկել դրան:

Ինչո՞ւ՝ շատ պարզ է:

Բանն այն է, որ եթե նույնիսկ այս ծրագիրն անխոցելի լիներ եւ գոնե արտաքուստ որեւէ մտահոգություն չպարունակեր իր մեջ, միեւնույն է, անհրաժեշտ էր մերժել, որովհետեւ գիտենք արդեն, որ այս իշխանությունը ի վիճակի է փչացնել ցանկացած գաղափար՝ դրանում միայն սեփական շահը փնտրելով եւ ներկայիս դրությունն է՛լ ավելի խճճելով:

Բացատրեմ՝ ինչ նկատի ունեմ:

Ինչպես գիտենք՝ Հայաստանում տարածքային կառավարում ասվածն իրականացվում է շուրջ 10 մարզերում եւ 915 համայքներում:

Իշխանությունների իրականացրած մարդահալած քաղաքականության արդյունքում, սակայն, հիշյալ համայնքների մեծ մասն ուղղակի դատարկ է: Համենայն դեպս, պաշտոնական իսկ տվյալներով, առկա համայնքներից մոտ 400-ը 1000 հոգուց էլ քիչ բնակչություն ունեն այսօր, 200 համայնքներում առկա են մոտ 300 բնակիչներ, իսկ100 համայնքներում 100-ից էլ քիչ բնակչություն է ապրում:

Այլ կերպ ասած՝ Երեւանից դուրս իսկապես թշվառ դրություն է հաստատվել, եւ առկա դեմոգրաֆիական խնդիրն ընդհանրապես կարող է աղետի վերածվել, եթե իրավիճակը նույնությամբ պահպանվի, եւ մարդիկ շարունակեն արտագաղթել հատկապես գյուղական համայնքներից:

Չեմ վիճում՝ գուցե մայրաքաղաքի լեփ-լեցուն սրճարանները ոմանց վրա «լիքը, հարուստ» երկրի տպավորություն են թողնում, եւ իշխանություններ էլ իրե՛նց հերթին լավ չեն պատկերացրել սեփական քաղաքականության հետեւանքները, բայց փաստ է, որ այսօր համայնքներ ունենք, որոնք տարվա մեծ մասը համարյա միայն կանանցից ու երեխաներից են կազմված, որովհետեւ տղամարդիկ օրվա հացի փնտրտուքով «խոպաններում են» հանգրվան գտել՝ դույզն-ինչ մասնակցություն չունենալով համայնքային կյանքին: Կան բնակավայրեր, որոնք անգամ ութամյա դպրոց չեն կարողանում կազմակերպել, որովհետեւ այլեւս բավարար չափով աշակերտներ չունեն, եւ համայնքներ էլ կան, որտեղ փոքրիկ տնամերձներից բացի՝ ուրիշ ոչ մի հողակտոր չի մշակվում, եւ որեւէ տնտեսական արդյունք չի արտադրվում…

Իշխանություններն, ուրեմն, այս իրավիճակը փրկելու ելքը համայնքների խոշորացման մեջ են տեսնում:

Ավելին՝ ոմանց փակ բերանն այս օրերին լայնորեն է բացվել, եւ նոր-նոր են խոստովանում, որ առկա իրավիճակում 915 համայնքապետերի ու նրանց գրասենյակների կերակրումը շատ մեծ շքեղություն է մեր աղքատ երկրի աղքատագույն համայնքների համար: Ակնարկներ են անում այն մասին, որ հատկապես գյուղապետերը հիմնականում ընտանեկան կապալ են «դրել» տեղերում եւ սոսկ խնամի-ծանոթ-բարեկամի օրվա հացի խնդիրն են լուծում՝ նրանց համայնքապետարաններում, դպրոցներում ու մանկապարտեզներում տեղավորելով:

Ճիշտ է եւ այն, որ այդ ընթացքում համառորեն չեն խոստովանում, որ նույն այդ մարդիկ ընտրությունների ժամանակ էլ իշխանությունների՛ հլու-հնազանդ ստրուկներն են դառնում եւ Սերժ Սարգսյանին օգնում, որ ինչքան ուզի՝ էդքան խփի: Հայտնի բան է:

Բայց հիմա նույնիսկ այս կարեւոր հանգամանքը մի կողմ թողնենք:

Համաձայն եմ՝ կենտրոնանանք առհասարակ տեղական ինքնակառավարում կոչվածի տրամաբանության վրա եւ փաստենք, որ, այո՛, սակավ բնակչությունը նախ եւ առաջ խեղճության, սակավ ֆինանսական ռեսուրսների, անկարության բնութագիր է թե՛ տվյալ համայնքի, թե՛ երկրի համար: Կոնկրետ «ախտորոշում», որով խաթարվում է տեղական ինքնակառավարում կոչվածի ամբողջ տրամաբանությունն առհասարակ: Բայց մի՞թե բժիշկը հենց այս իշխանությունը պիտի լինի: Կամ՝ ամենամեծ ցանկության դեպքում անգամ ի վիճակի կլինի՞ որեւէ իրական բարեփոխում իրականացնել:

Իմ հաստատ համոզմամբ՝ ո՛չ:

Ավելին, շատ լուրջ կասկածներ ունեմ, որ սրանք առաջնորդվում են ընդամենը՝ «առաջ տասնյակներին էինք կերակրում եւ ընտրությունների ժամանակ կոնկրետ թիվ պահանջում, հիմա մի քանիսին էլ թուլափայ շպրտենք-տոկոս խփեն՝ հերիք է» տրամաբանությամբ:

Թե չէ՝ բարեփոխումների անհրաժեշտությունը որեւէ մեկը չի ժխտում: Բայց այնպիսի բարեփոխումների, որոնց դեպքում խոսքը ոչ թե գյուղերի կամ համայնքների պարզ միավորման-օպտիմիզացիայի մասին կլինի, այլ սեփական շահի գիտակցման դիրքերից՝ ուժերի միավորման, կոոպերացիայի եւ ռեսուրսների համատեղ, առավել արդյունավետ կառավարման մասին:

Միայն այդ դեպքում մենք գործ կունենանք կառավարման համակարգի արդյունավետ չափման կամ տեղական կառավարման իսկապես արդյունավետ գործադրման ու իրացման հետ, եւ, վստահ եմ, որ նորմալ իշխանությունների ձեւավորման պարագայում մենք մի օր անպայման կրկին անդրադառնալու ենք այս հարցին:

Այդ դեպքում Հերմինե Նաղդալյանի ու իր ամուսնու փոխարեն՝ մեր համայնքներն, օրինակ, կարող են հենց իրենք սեփական ՀԷԿ-երում էլեկտրաէներգիա արտադրել եւ ոչ միայն այլընտրանքային սակագին սահմանել հենց իրենց համար, այլեւ ավելցուկը վաճառել հարեւան համայնքին՝ ինչպես ներկայիս Գերմանիայում են անում: Մյուս համայնքն իր հերթին կիրացնի այն բարիքը կամ արդյունքը, որն իրե՛ն է հաջողվելու արտադրել, երրորդը կկենտրոնանա անտառից ստացված բարիքի վրա, չորրորդում, թերեւս, գյուղմթերքների վերամշակումն ամենալավը կազմակերպվի:

Արդյունքում՝ գուցե եւ սեփական կամքով խոշորացման գնացած համայնքների միջեւ առողջ մրցավազք սկսվի, եւ կյանքի որակը բարելավվի:

Բայց դա՝ ապագայում, որովհետեւ քանի դեռ պետության ղեկին ոչ լեգիտիմ եւ երկիրը քայքայող ու հարստահարող կառավարիչներն են, ոչինչ էլ դուրս չի գա:

Գալով արդեն տեղի ունեցած հանրաքվեին՝ հարկ է նշել, որ իրականում այն շատ կոնկրետ ուղերձ էր Սերժ Սարգսյանին, եւ դրա բովանդակությունը հետեւյալն էր՝ մենք այլեւս ձեզ չենք վստահում, պրն. Սարգսյան: Մենք դեմ ենք համայնքների խոշորացման ծրագրին, որը դուք եք իրականացնում, եւ վաղն էլ դեմ ենք լինելու ձեր վերարտադրումն ապահովող Սահմանադրական բարեփոխումներին, որովհետեւ ի՞նչ տարբերություն՝ ընտրությունները կեղծողը նախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական մոդելով է դրա արդյունքները կեղծելու:

Համայնքների խոշորացման հանրաքվեն, ուրեմն, եկավ ապացուցելու, որ այս իշխանություններին տապալել, նրան ոչ ասել, այնուամենայնիվ, հնարավոր է, եւ դա, խոստովանենք, ամենակարեւորն է բոլորիս համար:

Նախորդ հոդվածը‘ՔԿՀ աշխատակիցները չարաշահել են պաշտոնեական լիազորությունները’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսը հանրաքվեի քարոզչության կանոններ է առաջարկում (Տեսանյութ)’