‘
Եւ այսպես՝ տոներն ավարտվեցին: Կամ՝ վերջապե՛ս ավարտվեցին, որովհետեւ միայն Սերժ Սարգսյանի ու իր կառավարության մտքով կանցներ մի ողջ երկիր կաթվածահարելու գնով՝ մարդկանց «ուղարկել 12-օրյա հարկադիր հանգստի»:
Իբր՝ տոնական արձակուրդ, այսինքն:
Այն էլ նախատոնական այնպիսի «անակնկալից» հետո, ինչպիսին դրամի անկումն էր եւ դրան հաջորդած խուճապը:
Իրավիճակ, որում մարդիկ չգիտեին՝ մակարոնեղեն, ձեթ ու կարտոֆիլ ամբարե՞ն, թե՞ պարտադրված հանգստի համար նախատեսված տոնական ուտելիք:
Ուղիղն ասած՝ շատ էլ չգիտեմ՝ ով ինչպես վարվեց, բայց որ ես լիուլի «հանգստացա», փաստ է. փաթեթ ունեինք փոստից ստանալու՝ փակ էր, երեխային էր անհրաժեշտ բուժզննում՝ մարդ չկար, ապառիկ ունեինք վճարելու՝ ահռելի հերթերի «ոտնատակում» մի կերպ կազմակերպեցի:
Գնումներ, նվերներ, պատրաստություն, հյուրընկալություն, հյուրասիրություն, տոնական հանդես, երեխայի տոնական տրամադրության ապահովում, մանկական ներկայացում եւ այլն՝ մեջքացավի ու «հարկադիր անքնության» արդյունքում դրա՛նք էլ հասցրի:
Աստծու՛ն փառք:
Բայց հարցնող լինի՝ պե՞տք էր ինձ էս «տոնը»:
Եւ եթե սրա անունը ամանորյա հանգիստ է, բա տքնա՞նքը որն է:
Եւ հետո՝ տոնը պիտի՞ բովանդակություն ունենա, թե՞ ոչ:
Եթե այո՝ Սերժ Սարգսյանի Հայաստանի ու Տարոն Մարգարյանի Երեւանի տոնի բովանդակությունը ո՞րն է՝ առանց այդ էլ չաշխատող երկիրը ամբողջությամբ կաթվածահարելն ու հրապարակներում մի քանի կապիկություն կազմակերպե՞լը:
Մի՞թե այն, ինչ նախատեսվել էր առանց այդ էլ տարին բոլոր հոգնատանջ մեր կանանց համար, հատկապես վերջին կոպեկներով սարքած «տոլմա-բլինչիկ» տաքացնելն ու աման-չաման լվալն էր:
Անվերջ, ձանձրալի, սիրտ մաշող մի բան, որից արդեն երազներումդ էլ ես հոգնում, ուր մնաց՝ «քեզ հեծած օրվա մեջ» տանջահար չլինես:
Կասեք՝ խելք ունենայի, տոնս այլ կե՞րպ կազմակերպեի:
Բայց ես ու ինձ պես շատերը Կարիբյան կղզիներ էլ չէ՝ նույնիսկ Ծաղկաձոր գնալու հնարավորություն չունեինք, որ մի երեք օրով ու 300.000 դրամի «փրկագնով» փախչեինք խելագար այս քաղաքից:
Եւ եթե այստեղ էինք, իբր՝ տոնական, բայց ներսում լարվածությունից, անորոշությունից ու խեղճությունից պայթող Երեւանում, ո՞վ եւ ո՞ր պրոֆիլի մասնագետը կբացատրեր իմ երեխային թե ինչպես է պատահել, որ իր ընկերոջ շնորհքով մայրիկը, Ծննդյան նվերներից բացի, նաեւ էդքան «փառաբանված» սեղանն է առատորեն լցրել, իսկ ահա իր մայրիկը նստել է ձեռքերը ծալած, կամ՝ հունվարի 1-ին գազօջախի առաջ մտմտում է՝ լոբախաշու եփի՞, թե՞ ոսպախաշու…
Բա ելքը ո՞րն է ՝ միասին հարցնենք: Ես էլ՝ ձեզնից մեկը:
Ինձ որ մնար՝ ազնիվ խոսք, կթքեի ամեն բանի վրա եւ հացուպանրով կգնայի մի սարում երեք-չորս օր կուշտ քնելուց հետո առույգացած՝ աշխատանքիս ու նորմալ կյանքին կդառնայի:
Բայց քանի որ «չորգլուխ չեմ» ու չեմ էլ կարող ընտանիքիս մի ամբողջ «տոնական Հայաստանի սպիտակ ագռավ դարձնել», պիտի նաեւ նրա՛նց մասին մտածեմ, ուրեմն: Եւ մտածեմ հատկապես Սերժ Սարգսյանի կողմից պարտադրված տեւականությամբ: Բնականաբար՝ համապատասխան դրամագլխով ու տքնանքով:
Լսեք, բայց գրում եմ՝ Սերժ Սարգսյան եւ կասկածում. չնայած շատ էլ իրարից չեն տարբերվում, բայց հնարավո՞ր է, որ ինչպես մեռելոցները՝ այս մի նորամուծությունն էլ Տիգրան Սարգսյանի «նվերներից» լինի:
Այլ կերպ ասած՝ էս երբվանի՞ց, ախր, սկսեցինք այսքան երկար Ամանոր «տոնել»:
Պատկերացրեք՝ ճիշտ դուրս եկա:
Պարզվում է՝ 2008-ի խայտառակ ընտրություններից եւ Մարտի 1-ից հետո փոխանակ այս մարդիկ գլուխները կախ աշխատեին ու ջանային գոնե մի նշանակետով հաշտվել մեր ժողովրդի հետ, ոչ միայն բանտերն էին լցնում քաղբանտարկյալներով, այլեւ բոլոր տոները հնարավորինս երկարաձգելու որոշումներ ընդունում:
Ու նախ եւ առաջ՝ Ամանորը:
Տեսեք, թե 2009-ի դեկտեմբերի 4-ին Տիգրան Սարգսյանն ինչ է ասել ԱԺ-ում. «Դեկտեմբերի 3-ին կայացած նիստում, այո՛, կառավարությունը փոփոխություններ ներմուծեց «Հայաստանում տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում, ինչի արդյունքում երկրի քաղաքացիները ամանորյա տոների շրջանում կհանգստանան դեկտեմբերի 31-ից մինչեւ 2010թ. հունվարի 10-ը…այս որոշումը շատ քաղաքացիների թույլ կտա կազմակերպել իրենց ձմեռային հանգիստն ամանորյա տոներին, քանի որ մինչ այդ ձմեռային տոները պաշտոնապես ընդամենը երկու օր էին կազմում»:
Հիմա հասկացա՞ք՝ մարդիկ էն գլխից էլ աշխատելու տրամադրվածություն չեն ունեցել, եւ նրանց այդ հարցում, մի կողմից՝ «համաշխարհային ճգնաժամերն են օգնել», մյուս կողմից՝ տոները:
Առաջինը որպես ձախողումներում արդարանալու գործիք է ծառայել, երկրորդը՝ հանրությանը կատարելապես բթացնելու:
Այնպես որ, սիրելիներս, ժամանակն է, որպեսզի անիվը ետ շրջվի:
Եւ չնայած Նոր տարում հին ասելիք է ստացվում, բայց միայն իշխանափոխությունն ու բոլոր շրջված օրենքների վերաշրջու՛մը այս երկրին թեթեւություն կբերի: Այդ թվում՝ մեր հոգնատանջ տանտիկիններին:
Հուսամ՝ տոնի հարցն էլ կլուծվի ոչ միայն Ամանորի, այլեւ առհասարակ որեւէ տոնի բովանդակության վերարժեւորման ծիրում, որովհետեւ չի՛ կարելի, չի՛ կարող, անհնա՛ր է, որ մի տոն անխորհուրդ եւ միայն ուտել-խմելուց բաղկացած լինի…
‘