‘
Ես չգիտեմ՝ ինչի՞ց դրդված էր «տարոնա-նժդեհական» իշխանությունը Էրդողանի հետ միասին կասկածի տակ առնում Հայոց Ցեղասպանությունը, երբ նույնիսկ սեփական արտգործնախարարի «թուշիկները կսմթելու գնով» էր առաջ տանում իր «ֆուտբոլային դիվանագիտությունը»՝ համաձայնելով Ցյուրիխյան արձանագրություններով ուրվագծվող «պատմաբանների համատեղ հանձնաժողովի կազմավորմանն» ու անարգելով այլեւս սրբացված մեր նահատակների հիշատակը:
Չգիտեմ նաեւ՝ ինչո՞վ էր պայմանավորված «նախաձեռնողական քաղաքականության» տրամաբանությանը բացարձակապես հակասող եւ «ամենավերին պահանջատիրական նոտաներում երգվող» հետագա ցուցքը, որ դրսեւորվեց Համազգային հռչակագիր կոչվող արկածախնդիր փաստաթղթով:
Փոխարենը՝ շատ լավ գիտեմ, որ Գյուլի հետ միասին Երեւանում ֆուտբոլ դիտելու, այնուհետ Թուրքիայի դեմ «անմոռուկներ պարզելու» այս մղձավանջը շատ նման էր չորս տարի շարունակ «եվրաասոցացվելու», այնուհետ հանկարծ «եվրասիականացվելու» խայտառակ գործընթացին, ինչը, անկախ Ծիծեռնակաբերդի բարձունքում այս ու այն կողմից հնչած սոլիդարության եւ ապրումակցման խոսքերից, վստահաբար, մեծ աշխարհի վստահությունը չի վայելում եւ չի՛ վայելելու:
Աշխարհը դեռ մի կողմ:
Ողբերգությունն այն է, որ անմոռուկային այս շոուն նախեւառաջ մեր ժողովրդի՛ վստահությունը չի վայելում: Իսկ չի վայելում, որովհետեւ մեր հասարակությունը, որին մինչեւ Ապրիլի 24-ը «վարակեցին պահանջատիրական օդակաթիլային վարակով», արդեն Ապրիլի 25-ից սկսած ոչինչ չգիտի այն մասին, թե վերջապես ի՞նչ էր այս իշխանության ուզածը, եւ ո՞րն է լինելու այսուհետ նրա կողմից վարվող քաղաքականությունը:
Չէ՞-որ նույնիսկ խելացի գործիչների զգուշացումներից հետո Սերժ Սարգսյանն, այնուամենայնիվ, գնաց Համահայկական հռչակագիր կոչված պաթետիկ ու վտանգավոր տեքստը հրապարակայնացնելու եւ այն իր արտաքին քաղաքականության համար որպես ծրագրային փաստաթուղթ ներկայացնելու ճանապարհով: Փաստաթուղթ, որում շատ հստակ կերպով հետեւյալ ուղերձն էր սփռվում՝ «Հռչակագիրն արտահայտում է «Հայաստանի եւ հայ ժողովրդի միասնական կամքը` Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման հասնելու եւ ցեղասպանության հետեւանքների հաղթահարման հարցում, ինչի համար մշակում է իրավական պահանջների թղթածրար՝ դիտելով այն անհատական, համայնքային եւ համազգային իրավունքների եւ օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ»:
Ընդ որում՝ այդ ամենն արվում էր՝ «արժեւորելով 1920 թվականի օգոստոսի 10-ի Սեւրի հաշտության պայմանագրի եւ 1920 թվականի նոյեմբերի 22-ի` ԱՄՆ—ի նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի դերն ու նշանակությունը՝ Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում»:
Այլ կերպ ասած, ամեն ինչից բացի, Սերժ Սարգսյանն այս Հռչակագրով Թուրքիային հստակ հողային պահանջներ էր ներկայացնում, նաեւ մատնանշում, թե «զորակցում է Թուրքիայի քաղաքացիական հասարակության այն հատվածին, որի ներկայացուցիչներն այսօր արդեն համարձակություն են դրսեւորում այդ հարցում` ի հակադրություն իշխանությունների պաշտոնական դիրքորոշման»:
Շատ լավ, բայց այդ դեպքում ի՞նչ պատահեց Սերժ Սարգսյանի «հայկական Նյուրնբերգի» ու «իրավական պահանջների թղթածրարի հետ» Ապրիլի 24-ի՛ց հետո, երբ Սերժ Սարգսյանը տեսեք, թե ինչ է ասում թրքական «Հուրիյեթ» թերթին տված իր վերջին հարցազրույցում.
«Հայաստանի Հանրապետությունը, անկախացումից ի վեր, երբեք Թուրքիային կամ որեւէ այլ երկրի տարածքային պահանջներ չի ներկայացրել: Մեր պետության արտաքին քաղաքական օրակարգում նման խնդիր չի եղել եւ չկա՛: Սա հստակ է: Մենք միջազգային հանրության լիիրավ ու պատասխանատու անդամ ենք, որպես ՄԱԿ—ի անդամ պետություն հասկանում ենք մեր դերը միջազգային հարաբերություններում, հարգում ենք միջազգային իրավունքի սկզբունքները, նույնն, ի միջի այլոց, ակնկալելով նաեւ մեր արեւմտյան հարեւանից, որը մինչ օրս ապօրինաբար փակ է պահում մեր երկրի հետ սահմանը՝ այն դարձնելով Եվրոպայի վերջին փակ սահմանն ու անընդունելի նախապայմաններ է առաջ քաշում Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար՝ չհարգելով միջնորդի դերում հանդես եկած միջազգային հանրությանն ու Ցյուրիխյան արձանագրությունների տակ դրված սեփական ստորագրությունը… Բոլորն էլ գիտակցում են, որ առաջին հերթին Հայաստանը կարող է նախապայմաններ ներկայացնել, բայց մենք, առաջնորդվելով տարածաշրջանում համագործակցության մթնոլորտի ձևավորման տեսլականով, առայժմ դա չենք անում»:
Ավելին՝ Սերժ Սարգսյանն այժմ էլ բոլորովին մեկ այլ ուղերձ է հղում թրքական հանրությանը, հայտարարելով, թե «…ցավոք մենք կորցրեցինք ընձեռված հնարավորությունը մեր ժողովուրդների միջեւ պատմական հաշտեցման հարցում: Այնուամենայնիվ, Թուրքիայի կողմից սեփական պատմության հետ առերեսվելու, միջազգային հանրության կոչերին ականջալուր լինելու, ինչպես նաեւ հայ եւ թուրք ժողովուրդների խաղաղ ապագայի կերտման տեսլականով առաջնորդվելու դեպքում մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության… Սահմանի բացումը շատ բան կփոխի: Առաջին հերթին վստահության որոշակի մթնոլորտ կձեւավորվի, գործարար շահավետ կապեր հաստատելու հիմք կստեղծվի, լուրջ նպաստ կլինի Թուրքիայի արեւելյան շրջանների տնտեսական զարգացման համար: Սահմանի բացումը նաեւ կակտիվացնի շփումները մեր քաղաքացիական հասարակությունների միջև՝ ավելի հաղորդակից դարձնելով միմյանց մոտեցումներին եւ ընկալումներին, ինչը, վստահ եմ, իր դրական ազդեցությունը կթողնի նաև երկու ժողովուրդների հաշտեցման վրա… Հաշտեցման կամուրջները մե՛նք չենք այրել, եւ նույնիսկ ինքներս հաշտեցում նախաձեռնեցինք։ Բայց անհնար է բացել այն դուռը, որի բանալին մեզ մոտ չէ: Եվ անգամ հիմա, երբ մենք ոգեկոչում ենք մեր անմեղ զոհերի 100-րդ տարելիցը, հայտարարում եմ, որ մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, հայ եւ թուրք ժողովուրդների միջև հաշտեցման գործընթացի սկսման՝ առանց որևէ նախապայմանի»:
Բան հասկացա՞ք: Ես նույնպես ոչինչ չհասկացա:
Ավելի ճիշտ՝ հասկացա, որ ցանկացած պահի, երբ Սերժ Սարգսյանը կոնկրետ իր համար շահավետ մի ազդակ ստանա չգիտեմ էլ՝ որտեղից, անմիջապես կրկին ձեռնամուխ կլինի մի նոր «նախաձեռնողական քաղաքականության» եւ այդ՝ գուցե արդեն «թենիսային կամ չգիտեմինչային դիվանագիտությունն» այլեւս չարժեւորի «1920 թվականի օգոստոսի 10-ի Սեւրի հաշտության պայմանագրի եւ 1920 թվականի նոյեմբերի 22-ի` ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի դերն ու նշանակությունը՝ Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում»:
Այլ կերպ ասած՝ «հայկական Նյուրնբերգն» ու «իրավական պահանջների թղթածրարը կրկին հանգրավեն Մասյաց վրա՝ որպես երրիցս անհալչելի եւ անմատչելի գագաթ»:
Համաձայնեք, որ ատելությունից սիրո, սիրուց ատելություն, պահանջատիրությունից կառուցողականություն, կառուցողականությունից պահանջատիրություն, ապա նորից կառուցողականություն այս փոխակերպումները մեր ժողովրդին իսկապես ոչ մի լավ հանգրվանի չեն հասցնելու: Հակառակը՝ հիմա նաեւ ամոթի մի նոր ալիք են բարձրացնելու Սփյուռքում, որի «մասնակցությամբ» էլ, իբր, կազմվել էր նախա24-յան Հռչակագիրը:
Եզրակացությունը մե՛կն է՝ մեր հասարակության առայժմ միակ պահանջը պիտի շարունակի հետեւյալը լինել՝ Իշխանափոխություն: Եւ եթե Սփյուռքն իսկապես կամենում է օգտակար լինել Մայր հայրենիքին, պիտի ինքն էլ իր հերթին փորձի նորովի նայել թե՛ դարասկզբին, թե՛ վերջին տարիներին կատարված իրադարձություններին:
Ավելին՝ պիտի մեկընդմիշտ գիտակցի (թող թույլ տրվի ասել եւ անհամեստություն չդիտվի), որ Հայկական պահանջատիրությունն առայժմ միայն հզոր Հայաստանի հանրապետություն ունենալու սահմաններում կարող է ներկայանալ: Երբ կզարգանանք այնքան, որ կարող կլինենք ձեռնոց նետել 75 միլիոնանոց եւ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային, այդ ժամանակ էլ կորոշենք ինչ անել: Ընդ որում՝ առանց «հումանիստ եւ քաղաքակիրթ աշխարհի» օգնության:
Հավատացեք՝ նրանք անպայմա՛ն կհաշտվեն մեր ձեռնարկի հետ, ինչպես ժամանակին հաշտվեցին ծնկած Թուրքիայի ոտքի կանգնելուն եւ, ինչպես արեւեծաղկի սերմ, «թքեցին մեր արյունը իրենց բորբոսնած լնդերի միջով»:
Այնպես որ՝ չե՛նք ասում՝ մոռանալ:
Ասում ենք՝ Հիշել, բայց գործել զգուշորեն եւ գործել այն ժամանակ, երբ ուզածդ կոնկրետ բան կլինի, իսկ հարվածդ՝ հատու, դիպուկ եւ վերջնական ելքով:
Միայն այդպես: Հակառակը ներկայիս թշվառությունն է, երբ մնում է հաշվել, թե քանի անտուն երեխայի համար էր կարելի ծածկ ապահովել «անմոռուկային ծախսերով»…
‘