‘Գոհար Սիմոնյան. Հիմա դուք վարչապե՞տ եք, թե՞ ոնց…’

2623

Ես հասկանում եմ՝ «թեժ աշունը» վրա է հասել, տնտեսական ակտիվություն չկա, ո՛ր ոլորտը նայես՝ ավերակված է, բյուջեն՝ դատարկ, Նոր տարին մոտենում է, եւ նույնիսկ սղա՛ճը չի օգնում, որ մի քանի սիրուն-տիգրանսարգսյանական թվեր նկարվեն բյուջեի կատարողականի «պետպլանում»:

Հասկանալը՝ հասկանում ենք, բայց դա չի՛ նշանակում, թե Հովիկ Աբրահամյանը պիտի ընդհանրապես կորցնի իրականության զգացողությունը եւ, իր ու իր թիմի ձախողումների պատճառով նյարդայնացած, ոչ միայն պատգամավորների հետ փողոցային բառապաշարով շփվի, այլեւ ընդդիմության վրա «մուննաթ գա», թե «գործ չեն անում ու ստից խոսում են մենակ»:

Չե՛ն համագործակցում կառավարության հետ, այսինքն, էդ «անպետքները».  հրավիրում է իր մոտ, առաջարկում՝ անձամբ գալ խորհրդարան,  էլի՛ չի ստացվում գլուխ բերել «միասին նստել-պետության համար աշխատելու բարյացակամությունը»:

Մարդն արդեն չի էլ հասկանում՝ «վերջապես ո՞րն է ընդդիմության ուզածը»:

Հետաքրքիր է՝ իսկ Հովիկ Աբրահամյանը գոնե գիտի՞, որ իրեն ոչ թե կառավարությունում ու ԱԺ-ում «պետության լավը ուզող-չուզողների» կամ «բարյացակամների» ներկա բացակա-անող են նշանակել, այլ՝ վարչապետ:

Կամ՝ պատկերացնու՞մ է, արդյոք, պատգամավորի ու նախարարի, հետեւաբար նաեւ՝ խորհրդարանի ու կառավարության տարբերությունը: Թե՞ կառավարությունում միայն չաշխատող ձրիակերներ են հավաքվել, եւ աշխատող «կամավորների» կարիք է զգացվում: 

Ինչ վերաբերում է ընդդիմության ուզածին՝ մարդիկ, դեռ վեց ամիս առաջ, հերթով թվարկել էին գոնե այն առաջնահերթ լուծման կարոտ տասներկու կետերը, որոնց կատարման ժամկետը սահմանվել էր սեպտեբերի վերջը, բայց որոնցից ոչ մեկն այդպես էլ կյանքի չի կոչվել:

Տեսանկարահանող սարքերի եւ «կարմիր գծերի» համակարգը դիտարկենք, օրինակ:

Խնդիր, որը, թվում է՝ ամենահե՛շտը պիտի կարգավորվեր, բայց  տես որ՝ կառավարությանն ու անձամբ Հովիկ Աբրահամյանին ուղիղ վեց ամիս է անհրաժեշտ եղել, որպեսզի ծանոթանան առկա իրավիճակին եւ արդյունքում չկատարեն ընդդիմության եւ ոչ մի պահանջ: 

Ասել կուզեմ՝ ո՛չ առհասարակ այս համակարգն են վերանայել իր կիրարկման մեջ, ո՛չ անհրաժեշտ չափով սանձել են քնած-նստած փող աշխատող «Փարքինգ սիթի սերվիզ» ընկերության ու իր խիստ հայտնի ղեկավարի խայտառակ ախորժակը՝ պետական եւ  համայնքային բյուջեի տեսակարար կշիռը հասցնելով առնվազն 75 տոկոսի, ո՛չ էլ տուգանքների չափերն են գոնե մեկ դրամով նվազեցրել: 

Հովիկ Աբրահամյանն իր հայտնի պատասխանում ընդամենը հայտնել է, որ «Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համաչափության խնդիրը մշտապես գտնվել է կառավարության օրակարգում»,  եւ որ՝ « ՀՀ վարչապետի դեռեւս 2014 թվականի մարտի 27-ի N 303-Ա որոշման հիման վրա ստեղծված աշխատանքային խումբը ուսումնասիրել է ճանապարհային երթեւեկության կանոնների հաճախակի խախտումների դեպքերի, թվի, դրանց համար կիրառվող տուգանքների չափերի վիճակագրությունը, դրանց վերաբերյալ միջազգային փորձը, ինչի արդյունքում ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2014 թվականի հունիսի 21-ին ՀՕ-78-Ն ՀՀ օրենքը, ինչն էլ բավարար չափով կարգավորել է խնդրո առարկան»:

Ինչպես է կարգավորվել, որտեղ են երեւում այդ կարգավորումները, եթե  վարորդները շարունակում են բողոքել համակարգի ստեղծած քաոսից, եւ եթե դատելով նույնիսկ police.am կայքից՝ հենց այս պահին էլ բազմաթիվ սխալներ են հայտնաբերվում այդ համակարգում:  

Ոստիկանության «ներողություններն», ուրեմն, գործին չեն օգնում:

Իսկ եթե Հովիկ Աբրահամյանը կարծում է, որ պիտի ծնկաչոք շնորհակալ լինենք այն բանի համար, որ «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության ու պետական բյուջեի մուտքերի տոկոսային հարաբերակցությունը, 70/30 տոկոս֊ի փոխարեն՝ սահմանվել է «սիրելի» 50/50–ի չափով, սխալվում է:

Մանավանդ՝ դեռ պիտի ամբողջովին պարզել, թե ինչով է զբաղվում այդ ընկերությունը, եւ որոնք են նրա կողմից արվող ներդրումներն ու մատուցվող ծառայությունները, եթե նույնիսկ ամբողջ ընթացիկ աշխատանքը, համաձայն մեր աղբյուրների, ամբողջովին քաղաքապետարանի աշխատակիցներն են անում՝ առայժմ զսպվող դժգոհությամբ եւ առանց մեկ հավելյալ գրոշի վարձատրության:

Այնպես որ՝ ամեն բան դեռ առջեւում է:

Թեժ աշունը՝ նույնպես:

Եւ իզու՛ր է Հովիկ Աբրահամյանին թվում, թե նորմալ պետություն ուզենալու փոխարեն՝ ընդդիմությունը «թազա Մարտի 1 է ուզում»: Մանավանդ այն դեպքում, երբ իրենք դեռ «հինն» էլ չեն մարսել…

Հ.Գ. Ինչպես արդեն նյութում ակնարկեցինք՝ ընդդիմության պահանջների վերջնաժամկետին կառավարությունը, Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, պատասխանել կամ հաշվետու է եղել տասներկու կետերի կատարման վերաբերյալ: Վերոնշյալ հարցի մասով արդեն տեսանք, որ ոչինչ էլ չի կատարվել, ըստ էության: Ինչպես են «կատարվել» մնացած կետերը՝ կպարզենք հաջորդիվ:

Նախորդ հոդվածը‘Շվեդիայի վարչապետ. Երկիրը մտադիր չէ ամեն կերպ դառնալ ՆԱՏՕ-ի անդամ’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի ազգային հավաքականի «բաց» մարզումը՝ հոկտեմբերի 10-ին’