‘Գոհար Սիմոնյան. Հովիկ Աբրահամյանին փող է պետք, շա՛տ փող’

3745

Ընդամենը 2 տարի առաջ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եվրոպարտատոմսերի թողարկման մասին ֆանտաստիկ մի որոշում ընդունեց և միջազգային ֆինանսական շուկաներից 7 տարի ժամկետով ներգրավեց 700 միլիոն դոլար` 6.25 % տարեկան տոկոսադրույքով:

Եւ չնայած խոսվում էր այդ փողը տնտեսության մեջ ներդնելու, փոքր ու միջին բիզնեսի օժանդակությանը միտված պես-պես ծրագրերի ու զարգացման մասին, շատ կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ սրանք հերթական անգամ խաբել են բոլորիս՝ այս անգամ էլ, տոկոսադրույքների հետ միասին, ուղիղ 1 մլրդ դոլարով ավելացնելով մեր արտաքին պարտքը:

Եւ իսկապես, ոչ ոք այդպես էլ չհասկացավ, թե դրանից առաջ՝ 2009-ին ձեռք բերված ռուսական 500 մլն դոլար վարկը կոնկրետ ինչի՞ վրա էր ծախսել կառավարությունը, և ի՞նչ պատահեց մի գիշերում, որ որոշվեց այն վաղաժամկե՛տ մարել՝ տնտեսության ակտիվացման համար նախատեսված եվրոպարտատոմսերով:

700 միլիոն դոլարից 450 միլիոնն, ուրեմն ուղղվեց ռուսական վարկի մարմանը:

Նույն այդ միջոցներից 60 մլրդ դրամ տրամադրվեց, ուշադրությու՛ն, ոչ թե ընդհանրապես բանկային համակարգին, որպեսզի այստեղից էլ արդեն տնտեսությունը ֆինանսավորվի, այլ՝ Կենտրոնական բանկին:

Ընդ որում, 7 տարի ժամկետով և տարեկան 7% տոկոսադրույքով՝ փոքր ու միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) վարկավորման համար:

Արդյունքում, մենք, իհարկե, այդպես էլ չկարողացանք «գտնել» այն ՓՄՁ-ներին, որոնք ֆինանսավորվել էին ԿԲ-ի կողմից և զարգացել, իսկ Սերժ Սարգսյանը կասեր՝ «օդում կախված մնացին» նաև այն կասկածները, որ կոնկրետ մարդիկ ուղղակի փող են աշխատել, և մեկ լումա անգամ իրական տնտեսության մեջ չի՛ ներդրվել:

Միայն ճշտեցինք, որ 3,9 մլրդ դրամ հատկացվել է ինչ-որ անհասցե «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպությանը` տնտեսվարողներին վարկավորելու համար, 1,95 մլրդ դրամ էլ, իբր, ներդրվել է «Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպության» կապիտալում:

Ո՞վ է ծախսել այդ փողերը, ո՞ւմ արտահանումն է «ապահովագրվել», ինչպե՞ս, ո՞ւր գնաց մնացած փողը, որն, իբր, պիտի ուղղվեր նաև ներքին շուկայում պետական պարտատոմսերի ետգնմանը, որով՝ նվազեցվեր պետության ներքին պարտքի տոկոսադրույքը, այդպես էլ պարզ չեղավ:

Ինչպես միշտ, այսինքն:

Հիմա թե ինչու եմ հիշել այս պատմությունը՝ շատ պարզ է:

Բանն այն է, որ այն ժամանակ Տիգրան Սարգսյանն ակնարկում, իսկ նրա ազդցության ոլորտում գտնվող լրատվամիջոցներն էլ մի միտք էին տիրաժավորում, իբր՝ ե՛ւ մնացած, ե՛ւ այս հարցում Տիգրան Սարգսյանին գաղտնի կերպով «քլնգում է» ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով վարչապետական հավակնություններ ուներ:

Ավելին՝ ԱԺ ինչ-որ քննարկման ժամանակ Հովիկ Աբրահամյանն իսկապես էլ «մտահոգ ներկայացավ» հանրությանը՝ եվրոպարտատոմսերի կամ եվրոբոնդերի հարցում, իրավիճակը գնահատելով որպես «լավ մտածելու, նոր որոշումներ կայացնելու ենթակա վիճակ»:

Այլ կերպ ասած, այնպիսի տպավորություն էր, որ Հովիկ Աբրահամյանն առհասարակ դեմ էր եվրոբոնդ հասկացությանն անգամ:

Բայց արի ու տես, որ՝ ինչպես Տիգրան Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին էլ է փող պետք եկել, և ահա նախորդ կառավարության նիստում քննարկվել է «Եվրոպարտատոմսեր տեղաբաշխելու նպատակով միջազգային իրավախորհրդատուի և գլխավոր տեղաբաշխողի հետ պայմանագիր կնքելու մասին» նախագիծը:

Ընդ որում՝ գոնե ձևական մրցույթ չի հայտարարվել, և «բութ մատին նայելով», գործադրում որոշել են «Cleary Gottlieb Steen & Hamilton LLC» ընկերությանն ընտրել՝ որպես միջազգային իրավախորհրդատու, իսկ «Deutsche Bank»-ին, «HSBC Bank»-ին և «J.P.Morgan»-ին՝ որպես տեղաբաշխողներ:

Իրավախորհրդատուն, այսինքն, պիտի լուծի եվրոպական ֆինանսական շուկայում մեր եվրոբոնդերի վաճառքի հետ կապված իրավական հարցերը, իսկ մնացած երեքը պետք է վաճառեն դրանք՝ գումարը փոխանցելով ՀՀ կառավարությանը:

Ինչ է սա նշանակում՝ ակնհայտ է. կառավարությունը հայտնվել է ցայտնոտի մեջ, և միակ որոշումը, որ սրանց մտքով անցել է, կրկին պարտք վերցնելն է եղել:

Այն էլ՝ թե հաջողեն, որովհետև բոլոր աշխարհահռչակ վարկանիշային կազմակերպությունները նվազեցրել են Հայաստանի վարկանիշը, որով այդքան պարծենում էր Տիգրան Սարգսյանը՝ մեկ, Սերժ Սարգսյանն իր ՀՀԿ-ի հետ միասին իսկական տեռոր է սկսել երկրում, և ցանկացած մեկը մի լավ կմտածի՝ մեր երկրի հետ գործ ունենալուց առաջ՝ երկու:

Դե, ինքներդ մտածեք. եթե առավոտից իրիկուն սրանք անթաքույց սպառնում են, թե Ծառուկյանից հետո հերթը գալու է նաև մնացած ԲՀԿ-ական գործարարներին, եթե արտաքին աշխարհը մեր երկրից միայն քաղաքական հաշվեհարդարի և ներդրումների չպաշտպանվածության մասին է ուղերձներ ստանում, բա ի՞նչ էիք ուզում՝ որ ի՞նչ լիներ:

Այնպես որ՝ ցավակցում ենք Հովիկ Աբրահամյանին (նաև քաղաքական իմաստով, բայց սա առանձին հոդվածի նյութ է): Ասում են՝ չնայած ընդունված որոշմանը, կառավարությունը, հնարավոր է, ետ կանգնի եվրոբոնդեր թողարկելու իր մտադրությունից, որովհետև նրան արդեն դրսում հասկացրել են, որ եթե անգամ մի հրաշքով տեղաբաշխումը հաջողվի, Հայաստանում հերթական «ռումբը կպայթի»՝ 9-10% տոկոսադրույքների մասին հայտարարությունից հետո:

Մյուս կողմից էլ՝ ետ կանգնի ու ի՞նչ անի:

Նրան, ախր, փող է պետք, շա՛տ փող:

Թարսի պես էլ՝ կենսաթոշակային բարեփոխումներն էլ արագ գլուխ չեն գալիս: Հետո՞ ինչ, որ Տիգրան Սարգսյանի վարչապետության շրջանին ինքն այդ հարցով էլ խանդավառված չէր:

Փոխարենը՝ մի քիչ փող կգտնվի…

Նախորդ հոդվածը‘Ռուբլին թանկանում է՝ նավթի համաշխարհային գների աճին զուգահեռ’
Հաջորդ հոդվածը‘ Մեսսին պաշտոնապես հռչակվեց Լա Լիգայի տիրակալ’