‘Գոհար Սիմոնյան. Հովիկ Աբրահամյանի «ուժեղ բռունցքը» ոչ ուժեղ է, ոչ էլ՝ բռունցք ‘

1790

Այս օրերին, երբ մի պարկ ալյուրի գինը հաշված ժամերի ընթացքում 6.000 դրամից հասավ 9.000-ի, երբ մարդիկ տոնական գնումները մի կողմ թողած՝ խուճապահար «սեւ օրվա սնունդ» են ամբարում, երբ նույնիսկ դեղատնե՛րն են փակվում, որովհետեւ «նոր գների են պատրաստվում», մեկ էլ հանկարծ հանրության ներսում պրոֆեսիոնալ համարվող տնտեսագետներ են հայտնվում, ովքեր մեզանում հաստատված այս դրությունը «շատ բնական եւ սոսկ արտաքին գործոններով» են պայմանավորում:

Բնականաբար՝ հիմնականում ռուսակա՛ն գործոնով:

Իբր՝ այն իրավիճակում, երբ մեր Համախառն ներքին արդյունքի ուղիղ 21%-ը արտաքին տրանսֆերտներն են կազմում, եւ երբ դրանց 80%-ը Հայաստան է մտնում Ռուսաստանից, բնական է, որ այդ երկրում առկա ճգնաժամն առաջին հերթին մե՛զ պիտի հարվածեր:

Ներեցեք, իսկ ո՞վ ասաց, որ իրերի այսպիսի դրությունը խստ բնական դասավորվածություն է:

Եւ ո՞վ ասաց, թե հատկապես «բնական» որակումը պիտի տալ այն պատկերին, որ ամբողջ ԱՊՀ-ում՝  առաջին, իսկ ողջ աշխարհում՝ իններո՛րդ երկիրը պիտի լինեինք, ով փաստացի ուրիշ երկրի կամ երկրների հաշվին է երեխաներին կերակրում:

Ավելի կոպիտ կամ առարկայական ձեւակերպեմ ասելիքս՝ երբ Սերժ եւ Տիգրան Սարգսյանները «հեղափոխական կրիտիկական զանգված էին արտահանում» Ռուսաստան, չպե՞տք է մտածեին այն մասին, որ այդ կերպ ներհայաստանյան ճգնաժամն ընդամենն առավել ընդգրկուն ու ցավա՛լի են դարձնում, ոչ թե այն հեռացնում են մեզնից:

Ի՞նչ գործ ունեին այդ մարդիկ, պատանդի կարգավիճակով, «խոպաններում», որ մի բան էլ  «բնականորեն ազդվեին»  դրանից:

Կամ՝ երբ դրամի արժեզրկման հետեւանքով առաջացած գնաճն էլ ի՛ր հերթին է «բնական»  համարվում, արդյո՞ք սովորական քաղաքացին իրավունք չունի հետաքրքրվել, թե իսկ ինչո՞ւ  մեր տնտեսությունը, նույնիսկ տարիներ շարունակ տեւած քննադատության արդյունքում, այդպես էլ չազատագրվեց դոլարիզացիայի ներկայիս մակարդակից:  

Որովհետեւ հիմնականում ներմուծո՞ղ երկիր ենք:

Իսկ ինչո՞ւ ենք այդպիսին: Որովհետեւ ոմանց ձեռնտո՞ւ է երկիրը մի մեծ «լֆիկնոց» սարքել՝ հընթացս հարստահարելով երկիրն ու ընտրությունների ժամանակ «պատժիչ մեխանիզմներ» ստեղծելով:

Շատ լավ, բայց այդ դեպքում դրա բնակա՞նը որն է…

Մեկ այլ բանի վրա ուշադրություն դարձնենք. երբ իրանական գազի այլընտրանքի հնարավորություն կար, ինչո՞ւ այն ընդմիշտ «թաղվեց» անհուսորեն փոքրացված Իրան-Հայաստան գազատարում, եւ ինչո՞ւ այս տարիներին այս եւ, ընդհանրապես՝  ուրիշ ուղղություններով էլ ոչինչ չարվեց, որպեսզի մեր տնտեսությունը դիվերսիֆիկացվի, եւ որպեսզի ցանկացած ոլորտում մշտապես որեւէ փոքր  այլընտրանքի հնարավորություն ստեղծվի:

Ի՞նչ արեց կառավարությունը տարիներ շարունակ երկիր առատորեն մտած տրանսֆերտների հետ՝ դարձրե՞ց դրանք որեւէ ձեւով «երկար փողեր», թե՞ միայն «լֆիկնոցներ ուղղեց»՝ արհեստականորեն խթանելով գնողունակության աճն ու սիրունիկ թվեր նկարելով Վիճակագրական ծառայության հետ մեկտեղ…

Ամոթ էլ է՝ վարչապետը կանգնում-հայտարարում է, թե «դրամի արժեզրկումը թեպետ մեծապես դրսի գործոններով պայմանավորված, բայց նաեւ սպեկուլյատի՛վ բնույթ է կրում»: Ձեռքի հետ էլ  թամաշա է կազմակերպում, իբր՝ այցելեցինք խանութ-դեղատուն-բանկ, եւ տեսեք՝  «իրեն վատ պահող արտարժույթը զգաստացավ միանգամից»:

Խեղկատակություն չի՝ ի՞նչ է:

Պարոն վարչապետ, ախր որտեղ փող, այնտեղ՝ սպեկուլյացիա:

Եւ ձեր ասած «բնականը» հենց այն է, որ փող աշխատող մարդիկ, որեւէ երկրում, միշտ էլ զերծ չեն մնում «պղտոր ջրում ձուկ բռնելու» գայթակղությունից:

Բա դու՞ք ինչի համար եք էդտեղ նստած: 

Զսպե՛ք, ուրեմն, սպեկուլյացիան, բացառե՛ք, արա՛գ արձագանքեք:

Մի ամիս է՝ ֆինանսական շուկան տարուբերվում է, Կենտրոնական բանկն այսօր նոր հայտարարել է «տասնվեց չարաշահման դեպքերի վերաբերյալ վարույթ հարուցելու մասին»: Ընդ որում, դեռ հարց է՝ վարույթն էլ վարո՞ւյթ է, թե՞ անցանկալի ճանաչված կազմակերպությունների ու անձերի հաշվեհարդար: Հազիվ առիթ է առաջացել՝ ինչպես ասում են…

Ինչ վերաբերում է «բռունցքով կառավարելու» ձեր կապկող հայտին, ինչը հետեւեց Պուտինի՝ ռուսական իրականության մեջ անհրաժեշտ նմանօրինակ պահանջին, այն ուղղակի ծիծաղելի է:

Եվ գիտե՞ք՝ ինչու, որովհետեւ կայացած քաղաքական ու տնտեսական համակարգերը ոչ թե վերջին պահին եւ ուժեղ բռունցքով են կազմավորվում, այլ տարիների քրտնաջան աշխատանքի:

Ինչպես են դրանք դրսեւորվո՞ւմ՝ էլի՛ շատ պարզ կերպով. ցանկացած ճգնաժամի դեպքում թե՛ կառավարությունն  է ադեկվատ արձագանքում, թե՛ ֆինանսական  համակարգերը, թե՛ շուկան՝ առհասարակ:

Թե չէ հիմա  ոչ ոք չգիտի, թե մեր դրամն իրականում որքա՞ն արժե,  ինչպե՞ս այն պիտի «պահեր իրեն» այս իրավիճակում, ադեկվա՞տ է նրա արժեզրկումը, թե՞ ոչ, եթե պիտի արժեզրկվեր՝ որքա՞ն, ի՞նչ պիտի անեին Կենտրոնական բանկն ու կառավարությունը, որ չեն արել, եւ ի՞նչ են արել, որ չպե՛տք է անեին:

Կասե՞ք, թե սրա բռունցքը որն է,  եթե երկրիդ մարդը առանց այդ բռունցքի էլ «մեռած ու թաղած չէ», եթե ամենուր մարդիկ դարձյալ խոսում են արտագաղթի նոր ու անխուսափելի ալիքի մասին, եթե ոչ ոք սիրտ չունի Նոր տարվա տոնակատարության, եւ երբ ի թիվս մնացածի՝ գազի սակագնի բարձացումն էլ այնտե՛ղ է խիստ առարկայական մարտահրավեր դառնում:

Թե՞ քիչ աղքատներ ունեիք՝ ամեն երրո՛րդը, եւ հիմա պիտի ձեզնից բացի՝ մնացած բոլորը Բաղրամյան 26-ի առջեւ հաց մուրան…

Նախորդ հոդվածը‘Ջոն Հեֆերն. ԱՄՆ-ը կշարունակի ջանքեր գործադրել Հայաստանի և Թուրքիայի ժողովուրդների հաշտեցմանն աջակցելու համար ‘
Հաջորդ հոդվածը‘Ի՞նչ էր անում Սամվել Ալեքսանյանը Կառավարությունում (Տեսանյութ)’