‘Գոհար Սիմոնյան. Ձեր հայտարարած «մարդակենտրոնության» վերջն անթաքույց մարդակերությունն է’

1750

Փաստորեն՝ Բաղրամյան 26-ում համառում են:

Իշխանությունն արյամբ ու կեղծիքներով զավթած, փոշու ամպի մեջ կորած սեւ տոպրակի ուղեկցությամբ մոլոր երդվողին թվում է՝ բոլորս իր գերին ենք ցմա՛հ: Հայտարարված «մարդակենտրոնության» ու փաստացի մարդակերության անմռունչ զո՛հը: Վկան՝ «արքա եմ դարձել եւ դեռ կլինեմ»  ինքնահամոզումի, եւ այն ընդունողը՝ որպես եզրափակիչ փաստարկ:

Իրավու՛նք ունի, անկեղծ ասած:

Իրավունք ունի եւ՛ Արամ Մանուկյանի գլուխը ջարդելու անձնական կամ ինչ-որ մեկին ներշնչած որոշում ընդունել, եւ՛ մեզ հարստահարել՝ մինչեւ վերջին կոպեկը, եւ՛ մեր վաղվա օրը, որպես էլի՛ մի սեւ տոպրակ, փոշու ամպի մեջ թաղել:

Եւ գիտե՞ք՝ ինչու՛:

Որովհետեւ նրան իբր ընդդիմացողնե՛րն էլ պակաս մարդակերը չեն:

Հենց երեկ չէ՞ր՝  սրտները Կոնգրեսի «միս» էր ուզում, կամ՝ Ծառուկյանի խլված բիզնես՝ որպես նրա ընդդիմադիր լինելու բացառիկ ապացույց:

Զարմացել էին՝ ինչքան հանդուրժող է ռեժիմը՝ «իրենից որեւէ վտանգ չներկայացնող Կոնգրեսի նկատմամբ», իրենց «բյուրեղ-հայելիներում»,  որպես ծեր գնչուհի, ցանկալի ծեծի, բռնության, մարդակերության նոր պատկերներ էին որսում-թովում-առաջարկում:

Սրա՛նք, որ ծածկված են արեւմտամետության, զանազան-զարմանազան սիրուն բառերի ճռճռան հանդերձով, չթաքցվող կերպով են «խոնավություն քաշել» Բաղրամյան 26-ից:

Թաց հետույքնե՛րը վկա:

Եւ կրկին սրա՛նք, որ ապացուցեցին, թե մա՛սն են հաղթանակած հեղափոխության: Ինտրիգների՛, Կոնգրեսի միսն ուտելու՛, նրան ու ժողովրդին մեն-մենակ թողնելու՛ հեղափոխության:

Ուրեմն՝ ո՞վ ասաց, թե Հայաստանում հեղափոխություն չի կայացել:

Կայացե՛լ է:

Այն էլ՝ ինչպես:

Բարեբախտաբար, սակայն, Բաղրամյան 26-ում հաջողացրած այդ հեղափոխությունն անշրջելիներից չէ:

Եւ ինչքան էլ հայ քաղքենին իր ժողովրդի «հինգ հազար դրամանոց լինելու մասին» ճառեր կարդա, քի՛չ մնաց:

Նույն այդ «հինգ հազար դրամանոցը» շատ շուտով այնպիսի մի ելք կգտնի, որտեղ սրանց «փորձագիտական միտքը» ի զորու չէ պտտվել նույնիսկ, ուր մնաց՝ այդ ճանապարհ ոտք դնի:

Նաեւ՝ առաջնորդի, կամ՝ գոնե անհրաժեշտ եզրահանգումների գա:

Ի միջի այլոց, իզուր չի այդ «խիստ ազգային հանրույթին» թվում, որ ժողովուրդը թքած ունի «Եվրոպա, թե Ռուսաստան» իր տվայտանքների վրա:

Նա իսկապե՛ս էլ թքած ունի:

Եւ գիտե՞ք ինչու՝ որովհետեւ բնազդո՛վ է ֆիքսել, որ իր համար օտարը յուրային համարվողի կրունկն է:

Որ, առաջին հերթին՝ դրա՛ տակից է պետք դուրս գալ:

Թե չէ՝ ով ասես՝ կարող է ինքն իրեն դիմացինից «կուսություն պահանջող» Մեծ մամիկի տեղ դնել:

Կամ՝ սրանց գործած ակնհայտ մեղքերի պարզ շարադրմամբ զբաղվել:

Այն էլ՝ «սելեկտի՛վ» շարադրմամբ, որոնք, ի միջի այլոց, սրանք նաեւ իրենց «կենտրոնախույս ակտիվության» եւ բուն Պայքարը ջլատելու բարեբեր պայմաններում են գործել…

Ամփոփեմ՝ Արամ Մանուկյանին ոչինչ էլ չի եղել:

Ինչ եղել է՝ ձե՛զ է եղել, դուք ձեր դարդը լացեք, կարճ ասած…

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 2010-ից սահմանը հատած ընտանիքի անդամներին (լրացված)’
Հաջորդ հոդվածը‘Der Westen. «Մխիթարյանը շատ բաներով կատարելապես խորհրդանշում է իր գործատուին»’