‘Գոհար Սիմոնյան. Ճամփորդական նոթեր Վրաստանից, եւ ոչ միայն…’

3949

Դեռեւս մայիսին վրացական Ուռեկիում պլանավորած հանգիստս ստվերվեց հիմնականում ռուսական ու հայկական լրատվամիջոցներից հեղեղի պես թափվող տագնապալի լուրերով: Խոսվում էր է՛լ կարմրուկի, է՛լ կարմրախտի, որոշ շրջանակներում` նույնիսկ հեպատիտ C-ի մասին

Զավեշտալին այն է, որ վրացական կայքերը հիմնականում քար լռություն էին պահպանում հիշյալ լրատվության վերաբերյալ, Հայաստանում Վրաստանի դեսպանությունը ժամանակ առ ժամանակ որեւէ հաղորդագրությամբ պնդում էր, թե իրենց երկրում ոչ մի համաճարակ էլ չկա, բայց մեր իշխանություններն անխոնջ կերպով ռուսական թելն էին մանում` բնակչությանը համոզելով կամ առհասարակ չմեկնել Վրաստան, կամ մեկնելուց՝ երեք-չորս շաբաթ առաջ գոնե պատվաստվել կարմրուկի դեմ:

Կարճ ասած` միանգամի՛ց հասկացա, որ, ինչպես վրացիներն էին ասում` մերոնց դեպքում խնդիրը հիմնականում թանկուկրակ Ծաղկաձոր-Սեւանը հերթական անգամ կիսադատարկ տեսնելու տխուր հեռանկարն էր: Բացի այդ, քանի որ մի քիչ էլ ֆատալիստ եմ ու հավատում եմ, որ պարտադիր չէ անպայման բաց դաշտի մենավոր ծառի տակ հայտնվես, եթե սահմանված է, որ կյանքիդ թելն, ասենք` կայծակի հարվածից է կտրվելու, առանց որեւէ պատվաստման ու տագնապի հավաքեցի իրերս եւ նախապես գրպանիս հարմար հյուրանոց ընտրելով` ճանապարհ ընկա…

 Հարավկովկասյան երկաթուղու պերճանքն ու թշվառությունը

 

Վրաստան մեկնելուց առաջ, ի դեպ, ծրագրել էի մի քանի օրով այցելել նաեւ Լոռվա հարազատներիս: Բայց որքան մեծ եղավ զարմանքս ու զայրույթս, երբ մեր Հարավկովկասյան երկաթուղու պատասխանատուն արագ-արագ վրա բերեց, թե Ալավերդի-Ուռեկի տոմս ընդհանրապես չկա: Լավագույն դեպքում, այսինքն՝ տոմս կարող էի վերցնել Վանաձոր-Ուռեկի ուղղությամբ:

Մտածում եմ` դե չկա-չկա, ստիպված Վանաձոր-Ուռեկի տոմս կվերցնեմ, իսկ այ` մեկնելու  օրը, գնացք կնստեմ Ալավերդուց ու ճանապարհս մի քանի ժամով էլ  կկարճեմ: Պարզվեց` դա էլ էր անհնար, որովհետեւ եթե պատրաստվում էի Վրաստան մեկնել Վանաձորից, ուրեմն, հենց Վանաձորից էլ պիտի տոմս գնեի: Երեւանում նման հնարավորություն չկար: Բացի այդ` գնացքը նախկինում խիստ բանուկ Սանահին/Ալավերդի կայարաններում հիմա ընդամենը երկու րոպե է կանգ առնում, եւ դժվար թե այդ ընթացքում երեխայի ու ճամպրուկների հետ մեկտեղ ձեզ, բառի բուն իմաստով, հասցնեք գնացք նետել` ասին: Լա՛վ, բայց գոնե կարո՞ղ եմ Վանաձորից ետադարձի տոմսը Երեւանի ուղղությամբ վերցնել` հարցնում եմ: Ոչ` պատասխանում են, որտեղից տոմս եք գնել, այնտեղ էլ պիտի վերադառնաք, Վանաձորը ձեզ Ուռեկի-Երեւան ետադարձի տոմսակ չի տրամադրի…

Այ քե՜զ բան: Ռուսներն էս ի՞նչ նորություններ են հնարել, եւ ինչո՞ւ պիտի մենք ոչխարի նման հնազանդվենք սրանց կառավարչի մտքով անցած ցանկացած հիմարության: Աշխարհի ոչ մի երկրում, ախր, նման պարտադրանք չկա: Չխոսենք արդեն այն մասին, որ ի տարբերություն երկու ուղղության դիմաց նույնիսկ 16.000 դրամով մարդկանց Վրաստան տեղափոխող գազելների` սրանք իրենց հոր գինն են սահմանել (18 հազար 750 դրամ՝ միայն մի կողմի համար) խորհրդային ժամանակներից համարյա ոչնչով չտարբերվող իրենց ուղեւորափոխադրման համար:

Եւ իսկապես` ի՞նչն է փոխվել  այստեղ խորհրդային ժամանակներից այս կողմ: Համարյա ոչինչ: «Բարձր կոմֆորտով» կուպեներում, օրինակ, գոնե մի բաժակ սուրճ կամ ջուր չեն հյուրասիրում մարդկանց: Ուղիղն ասած` առանձնապես հոտն ու զուգարանների կեղտն էլ չի պակասել: Մի քիչ անկողինների գույնն է «բարելավվել», բայց լավ կանեն` հետայսու գոնե դրանց ծակերը կարկատեն, մեկ էլ՝ գործող երկու գնացքներին երրորդն էլ հավելեն: Թե չէ` վագոններ է, որ ավելացնում են գնացքին եւ, օրինակ, Ուռեկիում կանգ ես առնում ոչ թե բուն կայարանում, այլ չգիտես էլ` որ չոլում ու քարուքռայի վրա: Ավելի ստորացուցիչ տեսարան, քան ահռելի ճամպրուկները ձեռքներին վազող մարդիկ, չես էլ երեւակայի: Մանավանդ` վերադարձին…

Ինչ վերաբերում է ուղեկցորդներին, սրանք էլ հո Մսրա Մելիքի քնով են քուն մտնում: Թե բան է՝ նախապես չհարցնես` երբ ես հասնելու քո ուզած կայարան ու հեռախոսիդ զարթուցիչը չմիացնես, քնած կմնաս եւ Ուռեկիի փոխարեն Բաթումում կիջնես: Ոչ զգուշացնել կա, ոչ բան:

Փոխարենն անձնագրերն ստուգելիս հո դռները չեն ջարդում, հո չեն շրխկացնում: Վրացական սահմանին` քաղաքավարի, արագ, իսկ մերոնք ժամերով անձնագիր են ստուգում, քնած երեխային են շուռումուռ տալիս-մանրազնին համեմատում անձնագրի նկարի հետ: Չես հասկանում` ահաբեկի՞չ են փնտրում, ինչ են անում:

Կարճ ասած` ռուսական ներդրումների մասին հայտարարությունները հերթական միֆն են: Տնաշենները թանկուկրակ տոմսակների դիմաց գոնե մի նորմալ պոչով սրճեփ չեն առնում. պիտի մի ահագին սպասես, մինչեւ էդ կեղտոտ-անպոչ սրճեփի մեջ ժամերով եփվող  300 դրամանոց սուրճդ կուպե հասնի, մի բան էլ  մուննաթ հանդուրժես, թե ինչու մանր չունես:  Խոշոր փողն էլ 1000 դրամն էր` արի ու տես…

Գալով արդեն նշածս տոմսակների խնդրին, սա էլ հո իսկական «բազարի» առիթ է ուղեկցորդների համար: Կասեն` բան չկա, տոմսի գնի տարբերությունը մեզ կտաս, Վանաձորի փոխարեն Երեւանում կիջնես: Թե ամաչես` սուսուփուս հենց այդքան էլ կտաս, թե չէ` մի քանի րոպե կսակարկես ու հինգ հազարի տեղակ երեք հազար դրամ վճարելով՝ իրավիճակի տերը դո՛ւ կլինես: Արդեն եւ իրերդ իջեցնելուն կօգնեն, եւ տաքսի կկանչեն, թե պետք լինի, եւ կհարցնեն` վերմակ պետք չի՞: Մի խոսքով` կատարյալ փոխհասկացվածություն…

Բա կարմրուկը, կարմրախտն ու մնացածը՞` կհարցնեք: Ոչ մի նման բան: Այդ մասին մեզ մեկ էլ վերադարձին հիշեցրին, երբ գնացքի շարժվելուց ընդամենը մի րոպե  առաջ, էլեկտրոնային ջերմաչափերը ձեռքներին, մի քանի  բարալիկ բուժքույրեր հայտնվեցին Այրումի կայարանում: Ի դեպ, առիթը եկել է, հարցնեմ. առողջապահության հարգելի նախարար պարոն Դերենիկ Դումանյան, կամ` Դերո,  ոնց կուզեք,  ասացեք խնդրեմ, ինչպե՞ս եք պատկերացնում` ո՞նց են մարդիկ էդ հարցին պատասխանելու եւ հարկ եղած դեպքում` օգնություն ստանալու, եթե ձեր կողմից գործուղված անձինք համ հարցնում են` ոնց եք, համ միանգամից էլ ծղրտալով վազում, թե` վայ, գնացքը շարժվեց, իջնենք, ցտեսություն: Ձեզ եք ձեռ առնու՞մ, մե՞զ, թե՞ ատկատի  նոր ձեւ եք գտել…

Ուռեկին՝ ինտերնացիոնալ բարեկամության գոտի

Այս տարի  Վրաստանում հանգստացողներն, անկեղծ ասած, շատ էլ գոհ չէին. եւ անձրեւնե՛րն էին շատ, եւ, նախորդ տարիների համեմատությամբ, հանգիստն էր թանկացել: Եւ չնայած հենց այդ պատճառով մերոնք հիմնականում Բաթումն ու Քոբուլետն էին նախընտրում (կյանքն այնտեղ ավելի էժան էր, քան ասենք` Չակվիում, Շեկվեթելիում եւ Ուռեկիում, նաեւ` ենթակառուցվածքներն էին առավել զարգացած, ու բոլոր իմաստներով ընտրության ավելի մեծ հնարավորություն կար), բայց միեւնույն է` համեմատական թանկությամբ հանդերձ՝ նշածս վայրերը շարունակում էին ձգել բազմաթիվ հայերի, ովքեր կամ առողջական խնդիրներ ունեին ու տեղի  մագնիսական ավազի կարիքն էին զգում, կամ ավելի «պասիվ հանգստի» կողմնակից էին:

Անշուշտ, պասիվ ասածդ այս դեպքում խիստ հարաբերական էր, որովհետեւ մերոնք որտեղ էլ լինեն` հնարը կգտնեն ե՛ւ հենց ծովափին ֆանտաստիկ ուտուշ-խմուշ կազմակերպելու համար, ե՛ւ կարաոկեներում հարբելու-ձենները գլուխները գցելու եւ ադրբեջանցիների հետ մրցման մեջ մտնելու համար: Մտնում ես ընթրելու, եւ վերջ` կորած ես. նրանք այն կողմից են երգիչներին  «Բաքու, իմ սեր» պատվիրում, բնականաբար՝ կոնկրետ վճարի դիմաց, մերոնք այստեղից են «Երեւան, Արմենիա» գոռում: Խեղճերն արանքներում չեն էլ հասցնում ասել, թե Ադրբեջանի կամ Հայաստանի որ «ընկերների» կողմից է երգը  պատվիրված:

Դրանով հանդերձ` չէի ասի, թե առանձնապես թշնամական վերաբերմունք կար: Մեր հյուրանոցում, օրինակ, ով ասես` կար. չեչեն, ավար, օս, ռուս, վրացի, եվոպացի ու ամերիկացի: Եւ հարկ է նշել, որ մերոնք ավելի շատ ադրբեջանցիների հետ էին հաճույքով կոնտակտի մեջ մտնում, քան նույն վրացիների: Հարեւան սենյակի հայերն, օրինակ, ծիծաղելով պատմում էին, թե ինչպես են իրենց ծանոթ ադրբեջանցիների մեքենայով մեկնել օգոստոսին զեղչերի մեջ կորած Թբիլիսի` գնումներ անելու, թե ինչպես են տեղի ոստիկանները չգիտեմ ինչ խախտման համար կանգնացրել մեքենան, ստուգել անձնագրերն ու ծիծաղել, թե` ձեր երկրներից իրար կոկորդ եք կրծում, բայց գալիս եք էստեղ, ու էլ մենք ո՞վ ենք, ձեր ընկերություն-եղբայրությունը հաստատված է:

Հետաքրքիր զուգադիպությամբ` իմ փոքր դստրիկն էլ ամենաշատը  չեչեն, թուրք ու ադրբեջանցի ընտանիքների սիրեց: Երբ վերադառնում էինք, սրանք բոլորն այնպես էին արտասվում, ասես հարազատի էին ճանապարհում: «Տատիկ, իսկ ինչու՞ են մեզ մոտ ասում, թե բոլոր հայերը վատն են: Տես` իրենք, շատ եմ սիրում իրենց, ուզում եմ, որ Բաքու մեզ հյուր գան»,- սրտակեղեք լացում էր բաքվեցի փոքրիկ Ռուստամը, իսկ տատիկը, որ ռուսերենի ուսուցչուհի էր ու հրաշալի մի կին, նույնքան հուզված բացատրում էր, որ մի օր, թերեւս, դա հնարավոր կլինի, բայց ոչ հիմա:

Ուռեկին, մի խոսքով, իսկական ինտերնացիոնալ բարեկամության գոտի է: Խաչմերուկ, որտեղ մի ավելորդ անգամ հասկանում ես, որ իրականում ժողովուրդներն իրենց ղեկավարների զոհն են, որ քնած հային կացնահարող Սաֆարովին ո՛չ բոլորն են սրբացնում իր իսկ երկրում, եւ որ իրապես ժողովրդավար ու երկխոսության ձգտող քաղաքական էլիտաների առկայությամբ միշտ էլ հնարավոր է, սեփական շահերը չմոռանալով հանդերձ՝ նորմալ հարաբերություններ հաստատել բոլոր հարեւանների հետ:

Թող մեծամտություն չհնչի, բայց ավելին ասեմ` եթե հանկարծ մի հրաշքով Կովկասյան խաղաղ տուն հասկացությունն իրականություն դառնա, եւ գերտերությունների շահերն ալեւս թշնամաբար չխաչվեն այստեղ, վստահ եմ, որ էդ տան տերուտիրականը մե՛նք ենք լինելու, հատկապես տնտեսական առումով: Վրացիները, որքան էլ լավ վերաբերվեմ իրենց ու հավանություն տամ այն քաղաքական գծին, որ իրենք ու իրենց ղեկավարությունն են ընտրել, մի տեսակ շատ անհոգ են ու ծույլ ամեն բանում, ադրբեջանցիներն էլ  ոչ միայն համակարգային մտածողություն չունեն, ալեւ միանգամի՛ց են խուճապի մատնվում ամենափոքր դժվարության պարագային անգամ:

Ամենայն անկեղծությամբ եմ ասում. մեր «քյարթու», իրենց կանանց համար լողափում «խախանդ տեղ փնտրող-խալաթով լողացնող», ցուցադրաբար դրամ ծախսող տղամարդիկ անգամ, այս կամ այն պարագային, երբեմն ավելի գործնական էին թվում, քան նույնիսկ հսկա հյուրանոցի  վրացի մենեջերը:

Այ վրացուհիներից` հայ կանայք լիքը  բան ունեն սովորելու: Բոլոր վրացուհիները, ի տարբերություն հայ կանանց, իսկական թագուհիներ են իրենց ընտանիքներում: Հովվերգություն չնկարագրեմ, բայց նկատում էի, որ ցանկացած վրացուհի անկեղծորեն շշմում էր, երբ նույնիսկ հյուրանոցի բակում  մերոնցից մեկն իր կնոջ վրա այնպես էր գոռում, որ գետինն էլ հետն էր  դղրդում: Մերոնք, ուրեմն, պիտի սկսեն իրենք իրենց հարգել:

Երկրորդ կարեւոր պահը, որ, թերեւս, առաջինից է բխում, քեզ անընդհատ ամուսնուդ, երեխայիդ չստորադասելու պահն է: Վրացի կանայք այնքան տեղին ու սիրուն են «ոչ» ասում իրենց ամուսիններին ու զավակներին, որ սովորելու բան է իսկապես: Կարճ ասած` եթե մեր կանայք իսկապես սովորեն հարգել իրենց, եթե մեր տղամարդիկ մի քիչ պակաս իրենց «խանժա զգան», ընդհանրական-հանրային առողջության իմաստով հաստատ ինչ-որ խոշոր դրական փոփոխություն կլինի մեզանում: Հուսամ` այսօրինակ մտային փոփոխությունները հանգեցնեն նաեւ քաղաքական փոփոխութունների ու նոր ընկալումների, որովհետեւ միայն իրեն հարգող մարդը կարող է նաեւ ինքն իրեն հարգող քաղաքացի լինել, իսկ այդպիսի քաղաքացիներով լի երկիրը` ինքն իրեն հարգող պետություն:

Վրացիներին, օրինակ, հարցրի` Ճի՞շտ է, որ ձեր Իվանիշվիլին, այսպես կոչված՝ ռուսական կողմնորոշան մեկն է: Եւ գիտե՞ք` ինչ պատասխանեցին.  Իվանիշվիլին նախ եւ առաջ վրացի՛ է: Կրկնում եմ` չնայած մեզանից մի քանի գլուխ լավ ապրող վրացիներն էլ էին դժգոհ իրենց երկրի սոցիալական դրությունից, քաղաքական որոշ թնջուկների առկայությունից, չնայած մտահոգված պնդում էին, որ իրենք էլ են արտագաղթում, բայց մի կարեւոր բան կար, որով տարբերվում էին մեզանից. այս մարդիկ ոչ մեզ պես դեպի Եվրոպա էին ձգտում, ոչ դեպի Ռուսաստան, ոչ էլ Ամերիկա: Նրանք նախ եւ առաջ իրենց երկրում ապրող վրացիներ էին, ովքեր չէին հասկանում ամեն գնով ֆորպոստ լինելու «հայկական հաճույքը»:

Ի դեպ, երեւի այդ պատճառով էլ իմ հանդիպած համարյա բոլոր ռուսները, ի տարբերություն հայերիս, վրացիների նկատմաբ ընդգծված քաղաքավարի ու ջերմ էին: Մեր հյուրանոցում, օրինակ, թոռնիկի հետ հանգստացող մի թոշակառու ռուս կին կար` տիկին Սվետան, ով ժամանակին Կրեմլում էր աշխատել: Չհասկացա` արարողակարգային բաժնու՞մ, թե կոնկրետ ընդունելություներով զբաղվող առանձին մի օղակում: Տիկինը, ում, ի դեպ, ես մի լավ տեղը դրի «արմյաշկի» արտահայտության համար,  չեք երեւակայի` ոնց էր քծնում վրացիներին ու հուզված բացատրում, որ Սահակաշվիլին ի՛նքն  է մեղավոր եղել շատուշատ բաների համար, որ Կրեմլում իրականում ամենայն հարգանքով են վերաբերվում վրաց մեծ ազգին եւ այլն եւ այսպես շարունակ: Սրան ի պատասխան՝ հյուրանոցի տերը ընդամենը կիսաժպիտով պատասխանեց` Շատ լավ: Իսկ մի ուրիշ վրացուհի էլ տեղից շպրտեց, թե` Դրա համար եք երեւի ամենուր հայտարարում, որ մեզանում կարմրուկ-կարմրախտ ու էլի Աստված գիտի` ինչ ցավեր են տարածված…

Ի միջի այլոց, հետո` մեկ այլ առիթով, նույն այս վրացուհին ինձ ասաց` Ձեր ժողովրդի ողջ դժբախտությունն այն է, որ հուսահատ եք եւ չգիտե՛ք,  չեք ճանաչում Restart-ի հաճույքը:

— Բա ցեղասպանությունց հետո ամեն գնով ապրելու մեր կա՞մքը: Ինչո՞վ դա Restart չէր,- հարցրի:

— Օ, ես չեմ խոսում էքստրեմալ վիճակների մասին, դրանում դուք անգերազանցելի եք: Ես պարզ-սովորական կյանքի մասին եմ ասում: Այսպես չստացվեց` առանց հիստերիկաների՝ այլ կերպ փորձենք,- պատասխանեց Մանանան:

Այսպիսի բաներ…

 

Գոհար Սիմոնյան

 

 

 

 

 

 

 

 

Նախորդ հոդվածը‘Վիտալի Կլիչկոն որոշել է առաջադրվել նախագահական ընտրություններում’
Հաջորդ հոդվածը‘Մարդ էդ «անբարոյական» Եվրոպան ո՞նց չսիրի, կամ ձեր մշակույթը ո՞նց սիրի, ա՛յ «պարկեշտներ»’