‘Գոհար Սիմոնյան. Մելիք Ադամյանում ոնց որ խախտումներ են որոնում` խնդրե՛մ’

3978

Երբ 2015-ի մայիսին Ազգային ժողովը քննարկում էր Հանրաքվեի մասին օրենքում, այդ թվում` Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու նախագիծը, ընդդիմությունը հերթական անգամ անդրադարձավ ցանկացած ընտրությունից եւ հանրաքվեից հետո ստորագրված ընտրացուցակների պարտադիր հրապարակման անհրաժեշտության խնդրին, ինչն, իհարկե, սվիններով ընդունվեց Հանրապետական կուսակցության կողմից: Բնական է. առջեւում Սերժ Սարգսյանի սահմանադրական փոփոխությունների անցկացման կենաց ու մահու «ճակատամարտն» էր պլանավորված, եւ ՀՀԿ-ին ու իր արբանյակներին հանձնարարված էր ամեն գնով լռեցնել ընդդիմությանը` հերթական անգամ ԱԺ-ում սղղացնելով հատկապես իշխանությանը պետք եկող փաստաթուղթը:

Մինչդեռ, եթե ընդդիմության այդ պահանջն իրականություն դառնար, եւ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանն էլ չփիլիսոփայեր ինչ-որ երեւակայական մարդու իրավունքների, Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական ճշմարիտ պահանջի, նույնիսկ` մատների թանաքոտման անթույլատրելիության, ուլտրամանուշակագույն ճառագայթների եւ Աստված գիտի` էլի ինչի մասին, Գալուստ Սահակյանն այսօր այդքան ազատ չէր ցինիկանա, իբր` իսկ գուցե հենց ՀԱԿ-ն է կեղծիքներ իրականացրել տեղամասերում, ՀՀԿ պատգամավորուհի Կարինե Աճեմյանը չէր համարձակվի խոսել ինչ-որ «մանր-մունր կեղծիքների եւ ոմանց` ՀՀԿ-ին մատուցած արջի ծառայությունների մասին», իսկ Սերժ Սարգսյանն էլ, անշուշտ, մի լավ կմտածեր` ընտրակեղծարարներին իր «անձնական թշնամիները համարելուց» առաջ:

Իհարկե, սա չի նշանակում, թե նույնիսկ հիմա, երբ ընտրացուցակները հրապարակված չեն, մենք պիտի խոսենք կեղծիքների անապացուցելիության եւ հանրաքվեի լեգիտիմության մասին, որովհետեւ դեռ երբեք մամուլը, վստահված անձինք ու դիտորդներն այսքան կեղծիքներ չէին հրամցրել հանրության դատին, եւ որեւէ այլ ընտրության կամ հանրաքվեի ընթացքում ընտրակեղծարարներն այսչափ բացահայտ, հականե-հանվանե չէին երեւակվել սոցիալական ցանցերում՝ թուքումուր ուտելով հանրության կողմից:

Հանրաքվեի լեգիտիմությունը, իմ խորին համոզմամբ, արժե եւ անհրաժեշտ է կասկածի առնել` հնարավոր բոլոր եղանակներով հասնելով դրա արդյունքների չեղարկմանը: Իսկ եթե որեւէ մեկը հավելյալ փաստարկների անհրաժեշտություն ունի՝ խնդրեմ. չնայած նրան, որ իշխանությունները հոգացել են, որպեսզի ի սկզբանե պլանավորած եւ գործի դրված իրենց կեղծիքների մեքենան հնարավորինս քողարկեն, ես, օրինակ, հանրապետության կոնկրետ յոթ խոշոր քաղաքների օրինակով բացահայտել եմ այն կեղծիքը, որ դրված է եղել անմիջապես ընտրացուցակների հիմքում:

Ճիշտ է` համապատասխան մարմիններն ամեն բան արել են, որպեսզի դժվարացնեն հետաքննողի գործը, բայց, ինչպես ասում են, անհնար բան չկա. մանավանդ՝ սրանց փնթիության պայմաններում առկա կեղծիքները միանգամից են աչքի զարնում: Տեսեք. կոնկրետ իմ դիտարկած  բնակավայրերի` Արտաշատի, Ալավերդու, Վանաձորի, Հրազդանի, Աբովյանի, Չարենցավանի եւ Գյումրու պարագայում, համաձայն Ազգային վիճակագրական ծառայության կայքում հրապարակված «Տարածքային վիճակագրություն-հրապարակումներ» փաստաթղթի` մենք գործ ունենք 344165 հաշվառված բնակիչների հետ: Ամբողջ աշխարհում ընդունված  նորմերի համաձայն` 344165 բնակիչների դեպքում ընտրողների թիվը կարող է լինել առավելագույնը 292540 հազար (այսինքն` բնակչության 85 տոկոսը, ոչ ավելին): Սակայն, դիտարկելով ընտրացուցակները, որ էլի պաշտոնապես է մեզ հրամցվել, ստացվում է, որ միայն նշված բնակավայրերում ընտրացուցակներն ուռճացվել են ավելի քան 73 հազար ընտրողներով: Այլ կերպ ասած` ընտրողներն ավելի մեծ թիվ են կազմել, քան բոլոր բնակիչները միասին վերցրած: Պարզ թվաբանություն է` 366190-292540=73650: Ընդ որում, հաշվի առեք, խնդրեմ, որ մենք դեռ չենք խոսում հաշվառման ճշգրտության մասին, որովհետեւ բոլորս էլ գիտենք, որ սերժսարգսյանական մարդահամարի ընթացքում հաշվառված բնակչության թվաքանակն էլ իր հերթին է ժամանակին ուռճացվել…

Ավելին, որպեսզի որեւէ մեկը կասկածի նշույլ անգամ չունենա, որ ասվածը մաքուր ճշմարտություն է` խնդրեմ. սա ձեզ իմ կազմած աղյուսակը, սրանք էլ` պաշտոնական աղբյուրները, որոնք օգնել են, որպեսզի գոնե յոթ բնակավայրերի օրինակով վերհանվի ճշմարտությունը:

Ես հասկանում եմ, իհարկե, որ կարինե աճեմյանները կամ այս աղբյուրների տեղը չգիտեն, կամ` վարժ չեն թվաբանության մեջ, կամ էլ` չեն սիրում ձրի աշխատել, բայց ոչինչ. մենք իրենց փոխարեն անվճար կանենք այս աշխատանքը եւ արդեն հաջորդ անգամ կներկայացնենք մնացած համայնքների, դրանց թվում` Երեւանի պատկերը: Տեսնենք` այդ ժամանակ արջն ինչ կասի Մելիք-Ադամյանում եւ Բաղրամյան 26-ում հանգրվանածների ականջին…

 

 

Բնակավայր

Ընտրական
 տեղամասեր*

Հաշվառված
բնակչ.թիվը
01.01.2015 թ**

Քվեարկելու իրավունք
ունեցողների թիվը***

 

 

 

 

 

 

 

 

Արտաշատ

17/1-17/11

21475

21528

 

 

 

 

Ալավերդի

31/32-31/46

13748

16168

 

 

 

 

Վանաձոր

29/1-29/16, 30/5-31/9

83385

96616

 

 

 

 

Հրազդան

25/1-25/27

41664

44092

 

 

 

 

Աբովյան

28/1-28/25

44314

42081

 

 

 

 

Չարենցավան

26/7-26/18

20545

21822

 

 

 

 

Գյումրի

33/63-34/41,35/22-35/45

119034

123883

 

 

 

 

 

 

344165

366190

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Աղբյուրներ

*Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայք http://res.elections.am/images/doc/precinct06.12.15.pdf

 

**Ազգային վիճակագրական ծառայության կայք,-Տարածքային վիճակագրություն-հրապարակումներ
http://armstat.am/am/?nid=82&id=1712

 

***Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայք,

http://res.elections.am/images/doc/masnak06.12.15p.pdf

 

 

 

Նախորդ հոդվածը‘Այսօր ծնվել է Կառլոս Գարդելը՝ տանգոյի քմահաճ արքան’
Հաջորդ հոդվածը‘Որոշ դիտարկումներ հանրաքվեի անցկացման վերաբերյալ’