‘Գոհար Սիմոնյան. Մինչեւ որ տեսնենք՝ երբ ենք քեզ տուն ուղարկում’

1993

Լավ է, վատ է՝ Հայաստանում Սերժ Սարգսյանի օյին-զոյիններին ու ներքին օգտագործման «լեզվաշարադրանքին» դեռ մի կերպ կարելի է դիմանալ: Իսկ ա՛յ երբ  դրսում է՝ լարվում ես անտանելի: Չգիտես՝ «է՞լ ինչ Աստանա կպատահի», ու նա բերանը ջուր առած՝ կնստի տեղը: Կամ՝ արդյո՞ք նորից «նախաձեռնողական քաղաքականություն չի դրսեւորի» ու այնպիսի տարօրինակ բաներ չի անի ու ասի, որ գետինը մտնես ամոթից:

Հերթական մտքի հոսքն, ուրեմն, Վրաստանում պատահեց: «Այս տարածաշրջանում մենք միասին ենք երկար ժամանակ, եւ շատ օրինակներ կան այն բանի, թե ինչպես ենք փոխհամագործակցում մշակույթի ոլորտում: Դուք հարստացրել եք հայկական մշակույթը, եւ մենք էլ, որոշ չափով, նույնպես ավանդ  ունենք վրացական մշակույթի հարստացման գործում: Ես ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել Վրաստանի նախագահին այն բանի համար, որ նա ընդունեց մեր առաջարկը՝ Սայաթ-Նովայի հոբելյանի առթիվ միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ: Շատ շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար: Ես շատ ուրախ եմ, որ գտնվում եմ եղբայրական Վրաստանում»,- Վրաստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Սերժ Սարգսյանը եւ, իհարկե, չմտածեց անգամ իր «սխալ լեզվաշարադրանքի» եւ այն բանի մասին, որ նույնիսկ դպրոցական հանրագիտարաններում բոլորովին ուրիշ պատմություն է ներկայացված մշակույթների «փոխհարստացման» վերաբերյալ:

Ես չգիտեմ՝ ինչպես է պատահել, որ հայերն ավելի շատ են ապրել Վրաստանում, քան հակառակը, բայց փաստ է, որ այդ երկրում մենք բնակվել ենք հնագույն ժամանակներից: Հիմա չխոսենք այն մասին, որ երկրի հարավային շրջաննները եղել են մեր պատմական Գուգարք նահանգի կազմում, որի արեւելյան ու կենտրոնական գավառները կազմել են հայ ժողովրդի անմիջական բնօրրանի մի մասը, լռենք այն մասին, որ վրացիներն իրենց քրիստոնեական ներկա դիմագծի ու այբուբենի համար հայերին են պարտական, զանց առնենք նաեւ հինգերորդ դարում պատահածը, երբ պարսիկների դեմ ապստամբությունից անմիջապես հետո՝ Մամիկոնյան իշխանական տոհմից փրկված ներկայացուցիչներն ապաստանեցին այդ երկրում, տարիներ շարունակ հարստացնելով այդ երկիրը, հպանցիկ միայն հիշատակենք Զաքարյանների եւ հատկապես Զաքարե ու Իվանե եղբայրների վերաբերյալ, բայց տասնինը-քսաներորդ դարերն էլ հո սարսափելի վաղ շրջանի ու կասկածի ենթակա պատմությու՞ն չեն:

Ով-ով, բայց Սերժ Սարգսյանը պիտի իմանար, որ հայերը նույն Թբիլիսիի բնակչության գերակա մասն էին կազմում վերջին դարում (ի դեպ, միայն Թբիլիսին քառասուն հայազգի քաղաքապետ է ունեցել), որ այստեղ էին կենտրոնացած մեր ազգային բուրժուազիան ու հարստությունը, նաեւ՝ մտավորականությունը, հրապարակվող միտքն ու աշխարհի հետ հիմնական տուրեւառը: Այստեղ էին Մանթաշովը, Արամյանցը, Ղուկասովը,  Խատիսյանը, Արքունին վերջապես, որի հսկայական գրադարանի հիման վրա կազմվեց Վրաստանի ներկայիս Հանրային գրադարանը: Այստեղ էին մեր թատրոնները, մեր բրենդներն այստեղ էին ձեւավորվում, եթե կարելի է այդպես ասել (Սարաջեւի հիմնալ կոնյակի եւ քաղցրավենիքի գործարանների համբավը ողջ Եվրոպայում էր հայտնի), վերջապես՝ այստեղ էր ձեւավորվում հայ հասարակական-քաղաքական կյանքը, այստեղ մենք մոտ վեց հարյուր եկեղեցի ենք կառուցել:

Ուրեմն, այդ ի՞նչ «որոշ չափով հարստացնելու» մասին է խոսում Սերժ Սարգսյանը, եւ կամ՝ քանի՞ բան կարող է Հայաստանում ցույց տալ, որոնք հատկապես հակառակի մասին կարող են վկայել:

Կրկնում եմ՝ ես ազգային սնապարծության կարիքը չունեմ, իսկ դրա «առանձնակի տխմար» դրսեւորումներից գարշում եմ պարզապես: Բայց կեղծել պատմությունը մեր աչքի առաջ, հենց այնպես՝ առանց պարտադրման, առանց որեւէ բանի՞:

Լա՛վ, նախագահ չի՝ հասկացանք, բանասեր չի՝ ե՛ւս: Բայց գոնե կարող է, չէ՞, ինքն իրեն ստիպել երկրից դուրս չգալ, դուրս գալու պարագայում էլ, համաձա՛յն ենք, «աստանայավարի» լռել: Լռիր, էլի՛, Աստծու սիրուն, լռի՛ր, մինչեւ որ տեսնենք՝ երբ ենք քեզ տուն ուղարկում: 

Նախորդ հոդվածը‘ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող հանձնաժողովի միջանկյալ եզրակացությունը. ամբողջական’
Հաջորդ հոդվածը‘Լրանում է Վարդան Պետրոսյանի ավտոմեքենայի վթարի հետևանքով մահացած Էդգար և Էդուարդ Հակոբյանների մահվան 8-րդ ամիսը’