‘Գոհար Սիմոնյան. «Մուկը ծակով չի անցնում, Դաղստանն ու Ղարաբաղն էլ պոչից է կապում»…’

2232

Բաքվի անտանելի շոգն է  պատճառը, սառը ջրավազաններում պիրկ պատանյակների ձեռամբ մատուցվող «վիսկիի բերած գունավոր երազները», թե «փորձառու աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում» առածն է աշխատել, բայց ակնհայտ է, որ Իլհամ Հեյդարովիչը վերջին շրջանում մեկը մյուսի ետեւից կոպիտ սխալներ է թույլ տալիս:

Ճիշտ է, բոլոր ռեժիմների (դրանց թվում՝ մե՛ր) պարագլուխների նմանությամբ՝  նա երբեք էլ առանձնապես չի փայլել չափավորությամբ, բայց անվիճելի է, եւ միջազգային հանրությունն արդեն օրվա մեջ մի՛ քանի անգամ է արձանագրում, որ ներքին խնդիրներն այլեւս անհնար է քողարկել սուլթանաթի բռունցքով, կեղծ հայրենասիրությամբ ու «հայերի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիայով»: Դիվանագիտորեն, թե ուղիղ տեքստով են դրսում խոսում՝ երկրորդական հարց է: Ե՛ւ մեկն է պատահում, ե՛ւ մյուսը:

Իսկ խնդիրներն, ինչպես երեւում է, Բաքվում շատ-շատ են. Ալիեւն է՛լ  թերթեր է փակում, է՛լ մարդկանց կրոնական ազատությունն է սահմանափակում, է՛լ մերոնց նմանությամբ՝ անգամ կրպակատերերին է հարստահարում, է՛լ իրավապաշտպաններ է ծեծում, տուգանում, ձերբակալում հայրենիքի դավաճանության մեղադրանքով՝ չխորշելով անգամ նրանց սեռական կյանքը հանրային սեփականություն դարձնելու արգահատելի ցուցքերից, է՛լ միտինգներ է ցրում, է՛լ սուլթանին վայել նվերներ է անում իր ու տիկնոջ ընտանիքի անդամներին, է՛լ կոռուպցիան է հասցնում աներևակայելի չափերի՝ կաշառելով նույնիսկ ամենահեղինակավոր միջազգային կազմակերպությունների տեղական ներկայացուցիչներին ու հարուցելով գլխավոր գրասենյակների ղեկավարների զայրույթը…

Դա քիչ է՝ դեռ մի բան էլ ի՛նքն է հոխորտում միջազգային հանրության ուղղությամբ եւ հընթացս զինում ադրբեջանական բանակն այնպես, ասես աշխարհի վերջն է, եւ որեւէ մեկն իսկապես էլ նրան թու՛յլ կտա սեփական հայեցողությամբ պատերազմ սկսել տարածաշրջանում…

Այս մարդը, որ իր բավական շրջահայաց հորից «նույնքան հեռու է ընկել, որքան տանձը՝ խնձորի ծառից», ճիշտ մերոնց նման՝ հարբել է իշխանությունն անվերջ պահելու, «կենդանի հուշարձան»  դառնալու մարմաջից, եւ, դատելով ադրբեջանական մամուլի՝ թեկուզ վախվորած ու կիսատ-պռատ նյութերից, կասկածի նշույլ անգամ չի թողնում, որ անձա՛մբ է հեղինակը սահմանային վերջին լարման: Իրավիճակ, որում ակնհայտորեն պաշտոնական Բաքուն կամեցել է թեկուզ փոքրիկ բեկման միջոցով հանրային այլեւս խախուտ կարծիքը հօգուտ իրեն շրջել: Ձեռնարկ, որն, այսինքն, բացառապես «ներքին սպառման» համար է կազմակերպվել եւ, փառք Աստծո, ձախողվել մեր զինվորների խիզախության ու աչալրջության արդյունքում…

Միասի՛ն դատենք:

Չնայած նրան, որ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում որոշակի շրջանակներ շատ կոնկրետ մեղադրանքներ են հնչեցնում Արեւմուտքի եւ Ռուսաստանի ուղղությամբ, բոլոր փաստերը գալիս են ապացուցելու, որ չբացառելով բոլոր կողմերի առկա շահերը, այդուհանդերձ, Արեւմուտքին ու Ռուսաստանին բնավ ձեռնտու չէր լարումը Հարավային Կովկասում, եւ հատկապես՝ հիմա՛:

Ռուսաստանը դիտարկենք. մի՞թե խելքը գլխին որեւէ մեկը կարող է պնդել, որ անգամ «Փարիզը Սոչիով փոխելու» նկատառմամբ, այսինքն՝ ընդամենը տարածաշրջանում ինքն իրեն տեր երեւակայելու եւ կամ նույնիսկ Ալիեւին ՄՄ ներգրավելու նպատակով, Ռուսաստանը կգնար նման մի արկածախնդրության այն դեպքում, երբ ՝

ա. Ուկրաինայի եւ բազում այլ ներքին, հատկապես՝ պատժամիջոցներով հարուցված տնտեսական խնդիրների պատճառով Կրեմլը պիտի հիմա ի՛ր ոտքի տակի հողն ամրացնի, ոչ թե   զբաղվի ուրիշի ոտքի տակից այն «տանելու» գործով:

բ. Որքան էլ խոսվի ռուս-ադրբեջանական «աննախադեպ մերձեցման» մասին, ռուսական բոլոր շրջանակներն էլ հրաշալի գիտեն, որ Ղարաբաղն, այնուամենայնիվ, «գույք չի՝ պարտքի դիմաց», որ մեզ համոզի՝ մենք էլ այն նվիրենք Ադրբեջանին:

գ. Ինչքան էլ մեծ լիներ ռուսական ցանկությունը՝ նրան «դժվար է  խթանին քացի տալ», եւ,  ստացվում է՝ Ալիեւի օգնությամբ խափանել այլընտրանքային էներգակիրների մուտքը Արեւմուտք, ինչն անպայման իրականություն կդառնա հակամարտության վերսկսման պարագայում:

դ. Վերջապես՝ ամենակարեւորը. ռուսները նոր են ուշքի եկել ու հասկացել, որ մինչ Ալիեւի դուստր Լեյլա խանումն իր սկեսրայրի կամ  ներկայումս պատժամիջոցների պատճառով Եվրոպայում իր բիզնեսը վաճառող  Ալեքպերովի հետ միասին «ներդրումներ է անում Ռուսաստանում», նույն նավթադոլարները հայրիկ Ալիեւի միջոցով գնում են նաեւ Դաղստան՝ հատկապես Դերբենտում անջատողական տրամադրություններ առաջացնելով ու  Մոսկվային փաստի առաջ կանգնեցնելով:

Եւ խնդրեմ՝ արդյունքը. Դաղստանի ղեկավար Ռամազան Աբդուլատիպովն ընդամենը օրեր առաջ հրավիրվեց Մոսկվա, թուքումուր կերավ, իսկ վերադարձից անմիջապես հետո աշխատանքից ազատեց Դերբենտի շրջանային ղեկավար Կուրբան Կուրբանովին, ով միամտություն էր ունեցել Ալիեւի տիկնոջ եղբոր հետ միասին հրապարակայնորեն խոսել «Դերբենտի՝ պատմական հայրենիք Ադրբեջանի վերաբերյալ»…

Կրկնում եմ՝իհարկե, փորձագետ չեմ եւ չեմ պնդում, թե բացարձակ ճշմարտություն եմ երեւան բերում, բայց բոլոր փաստերը կարծես թե այն մասին են խոսում, որ այս նոր էսկալացիան հատկապես Ալիեւի ձեռքի գործն է: Ոչինչ ավելի:

Գալով Արեւմուտքին՝ պիտի որ այստե՛ղ էլ գոնե այս փուլում շահագրգռված չլինեին Հարավային Կովկասի թեժացմամբ: Թեկուզ միայն այն պատճառով, որ առանց այդ էլ ներկայումս բազմաթիվ խնդիրներ կան, որոնք «տաք-տաք» են եւ գործուն միջամտության կարոտ, երբ այնտեղ Իրաք կա, Աֆղանստան, երբ Իրանի հետ հարաբերությունները նոր-նոր են կարգի բերվում, երբ Սիրիան է արյունահոսում, երբ Ուկրաինայում են մարտեր ընթանում, երբ Իսրայելին է անհրաժեշտ միեւնույն սեղանի շուրջ նստեցնել Պաղեստինի ղեկավարության հետ միասին,  երբ վտանգ կա, որ շուտով, հնարավոր է, Մերձդնեստրում նոր եւ անցանկալի գործընթացներ առաջ գան: Վերջապես՝ երբ եվրոպացիներին այդքան անհրաժեշտ է խաղաղ Հարավային Կովկաս՝ իրենց էներգետիկ անվտանգության ծրագրերն իրականացնելու համար:

Ճիշտ է, հատկապես ամերիկյան կողմը չափն անցավ՝ օրումեջ խոսելով  «գրավյալ տարածքների՝ Ադրբեջանին վերադարձնելու մասին», բայց, միեւնույն է, դժվար է հավատ ընծայել ադրբեջանական եւ ռուսական առանձին շրջանակների կողմից տիրաժավորվող այն մտայնությանը, թե Արեւմուտքը եւ հատկապես ԱՄՆ-ն է շահագրգիռ հակամարտության թարմացման հարցում:

Կարճ ասած՝  այս օրերին եթե բոլոր կողմերն իսկապես անկեղծ պատասխան տան՝ «Ու՞մ է ձեռնտու իրավիճակի լարումը» հարցին, համոզված եմ, որ իրավիճակի պատասխանատվությունը կրակոցներով իր ռեժիմը պահող Ալիեւի վարչակարգի ուսերին է ընկնելու:

Հանգամանք, որի ապացուցումը եւ հետագա պահանջների առաջ քաշումը միջազգային հանրության առջեւ պիտի՛ որ բելգիաներում «ֆռֆռացող» Սերժ Սարգսյանի եւ հայկական դիվանագիտական կորպուսի պարտքը լիներ, բայց տես որ՝ այստեղ կատարյալ «մեռելահոտ է». Էդուարդ Նալբանդյանից սկսած՝ բոլորը լուռ են, իսկ «շատ խնդրել-պետպատվերով խոսելու դեպքում էլ»՝ թոթովախոս:

Անբան, աներակ-անկյանք, այսինքն՝ ի տարբերություն մեր Զինված ուժերի, որտեղ նույնիսկ վերջին տարիներին ռեժիմի կողմից ներդրված հարաբերություններին ու ստորացումներին զուգահեռ՝ դեռ զորավոր է Հայրենիքը պահելու թե՛ հավաքական կամքը, թե՛ ունակությունը:

Նախորդ հոդվածը‘Օգոստոսի 5-ին հայկական կողմից տուժածներ չկան, Բաքուն հայտարարում է 2 զոհի մասին’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանում ուզում են սառեցնել կենսաթոշակների կուտակային մասը’