‘Գոհար Սիմոնյան. Նույնիսկ ԱՎԾ-ի «թվանկարչությունը» չի փրկում’

1642

Վերջին տարիներին Հայաստանը մշտապես լրջագույն խնդիրներ է ունեցել՝ արտաքին առեւտրաշրջանառության հետ կապված:

Նախ՝ տարեցտարի նվազել է ապրանքաշրջանառության ծավալն ինքնին, ինչն, անշուշտ, առանձնապես ակտիվ տնտեսություն ունենալու մասին չի վկայում:

Երկրորդ եւ գուցե ամենացավալի խնդիրն ամբողջ այս տարիներն եղել է այն, որ ինչքան կենտրոնացվել-մոնոպոլացվել է տնտեսությունը, նույնքան ավելացել է խզումը ներկրման եւ արտահանման ծավալներում:

Այլ կերպ ասած՝ մեզ դարձրել են հիմնականում սպառող հասարակություն եւ գործարար աշխարհին էլ կողմնորոշել են հեշտ ու հանգիստ փող աշխատելու, կամ՝ ներկրման ոլորտ:

Եղել են տարիներ, երբ արտահանման ու ներկրման միջեւ առկա խզումը կամ, ինչպես տնտեսագետներն են ասում՝ բացասական սալդոն, հասել է ահռելի չափերի, եւ սխալված չենք լինի, եթե պնդենք, որ հիշյալ այլասերումը մեզ ուղղակի դարձրել է «ասեղի վրա նստած հասարակություն»՝ վտանգելով արդեն պետության անվտանգության հիմքերը…

Այս առումով, չնայած անձամբ Սերժ Սարգսյանի կողմից տրված խոստումներին, ընթացիկ տարին եւս ոչ միայն մեծ հույսեր չի ներշնչում, այլեւ մի բան էլ հավելյալ ռեգրեսի տարի կարող է դառնալ, եթե հաշվի առնենք առկա միտումները:

Երեկ նույնիսկ Ազգային վիճակագրության «թվանկարչությունը» չի կարողացել «փրկել» իշխանություններին, եւ արդեն պաշտոնապես է հայտարարվել, որ ՀՀ արտաքին առեւտրի ծավալն այս տարվա հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 30,4%–ով՝ կազմելով ընդամենը 272,5 մլն. ԱՄՆ դոլար:

Չնայած խոստումներին, թե ԵԱՏՄ-ին անդամակցելուց անմիջապես հետո դրական փոփոխություններ կզգանք մեր կյանքում հատկապես արտահանման մասով, ցավալի է, որ  նշված ժամանակամիջոցում ոչ միայն դրական տեղաշարժ չի արձանագրվել, այլեւ, մի բան էլ՝ 21,9%-ով եւ 75,6 մլն ԱՄՆ դոլար  գումարային արժեքով՝ անկու՛մ է գրանցվել արտահանման ծավալներում:

Արտահանում-ներկրում խզման առումով, իհարկե, լավ է, որ ներկրման մասով մենք ավելի զգալի անկում ունենք՝ 33,2% կամ 196,9 մլն դոլար, բայց, ակնհայտորեն, այս թվերը բոլորովին ուրիշ բանի՝ բնակչության առավել աղքատացման եւ նրա գնողունակության անկմա՛ն մասին են վկայում, ոչ թե, ենթադրենք՝ տեղական արտադրության զարգացման:

Դիտարկելով արտաքին առեւտրի շրջանառության, այսպես կոչված՝ աշխարհագրությունը, մենք կրկին հետաքրքիր եւ ցավալի եզրակացությունների ենք հանգում:

Բանն այն է, որ նույն Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունն ԱՊՀ երկրների հետ կազմել է 85 մլն ԱՄՆ դոլար՝ նվազելով  29,6%-ով:

Ընդ որում՝ ամենամեծ անկումն արձանագրվել է Ղազախստանի պարագայում՝ 99%, որին հետեւում է Ռուսաստանը՝  31 % անկում,  Ուկրաինան՝ 27,8%, եւ միայն Բելառուսի ու Թուրքմենստանի պարագայում՝ համապատասխանաբար 67,7% եւ 72,1% աճ:

Թուրքմենստանի դեպքում կարծես այնքան էլ պարզ չէ, բայց, որքան հասկացանք՝ Բելառուսից հիմնականում գյուղատնտեսական մեքենաներ, սարքավորումներ եւ մեխանիզմներ, նաեւ՝ կահույք ենք ներկրել, ինչը գուցե, մի կողմից՝ լավ է, բայց մյուս կողմից էլ՝ կրկի՛ն մտածելու տեղիք է տալիս, որովհետեւ այս ապրանքային խմբում, ոչ միայն գյուղատնտեսական,  անկումն առհասարակ կազմել է 32,8% կամ 17,6 մլն. ԱՄՆ դոլար:

Մինչդեռ հաշվի առնելով միջազգային շուկայում այս ապրանքախմբի գների որոշակի անկումը, իհարկե, լավ կլիներ, եթե մեր տնտեսությունը եւ առհասարակ մնացած բոլոր ոլորտները հագեցվեին նորագույն սարքավորումներով:

Գալով Եվրամիության  երկրներին՝ պիտի նշենք, որ սրանց հետ արտաքին առեւտուրն ԱՊՀ-ից էլ նշանակալի՛ անկում է արձանագրել.  2015 թվականի հունվարին այն կազմել է 64,8 դոլար՝ նվազելով 39.2%-ով,  իսկ այլ երկրների հետ ՝ 25,3%-ի չափով է անկում արձանագրել:

Աճ է արձանագրվել հեռավորարեւելյան որոշ երկրների, մասնավորապես` Չինաստանի և Ճապոնիայի հետ առեւտրային հարաբերություններում:

Այպիսով, եթե իրավիճակը գնահատելու լինենք երկու՝ քաղաքական եւ տնտեսական հարթությունների մեջ, ստիպված ենք արձանագրել, որ.

ա. Եվրասիական տնտեսական միությանը մեր անդամակցությունը առայժմ չի տվել այն ցանկալի արդյունքը, ինչի մասին այդքան խոսում էր կառավարությունը,

բ. մեր տնտեսությունը եւ հատկապես՝ արտադրությունը, շարունակում են շնչահեղձ լինել, եւ եթե այս տենդենցները շարունակվեն ավելացող արտագաղթի,  աղքատության եւ զրոյական ներդրումների ֆոնին, պարզ չէ, թե սրա վերջն ինչ է լինելու…

Նախորդ հոդվածը‘«Ֆիորենտինայի» պաշտպանը հիվանդանոց է տեղափոխվել գանգուղեղային վնասվածքով’
Հաջորդ հոդվածը‘Սահմանին զոհված զինծառայողները պարգեւատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով ‘